«Դեմ»-ը կերևա 15 օր հետո

06/02/2010 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

Նախօրեին կառավարության ներկայացրած «Հարկերի մասին», «Բյուջետային համակարգի մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագծի քվեարկությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով հետաձգվել է 15 օրով: Հիշեցնենք, որ խորհրդարանականների դժգոհությունն առաջացրած այս նախագիծը սահմանում էր մի շարք լրացուցիչ հարկատեսակներ, որոնք կարող են գանձել Տեղական ինքնակառավարման մարմինները (ՏԻՄ): Եթե գործող օրենքով ՏԻՄ-երը կարող են գանձել միայն գույքահարկ եւ հողի հարկ, ապա առաջարկվող նախագծում նախատեսվում են լրացուցիչ 8 հարկատեսակներ` հյուրանոցային, վաճառքի, անավարտ շինարարության, գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի, կառուցապատման նշանակության հողատարածքների ոչ նպատակային օգտագործման, համայնքի սեփականություն համարվող օբյեկտներից գանձվող հարկերը, տրանսպորտային միջոցների կայանատեղիի եւ հանրային տարածքների զբաղեցման հարկերը: Ընդ որում, եթե գույքահարկն ու հողի հարկը պարտադիր են, ապա նշված ութ հարկերը պարտադիր չեն, դրանց «կիրառումը եւ դրույքաչափերը համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին» («Հարկերի մասին» օրենքի փոփոխության նախագծի Գլուխ II.1 , հոդված 13.2): Եվ թեեւ համայնքներն իրենք են որոշում այդ հարկատեսակների դրույքաչափերը, սակայն նախատեսվում է, որ տեղական հարկերից (գույքահարկը, հողի հարկը եւ վերը նշված 8 հարկերը համարվում են տեղական հարկեր) յուրաքանչյուրի մասին առանձին օրենք պետք է լինի, որտեղ կսահմանվեն հարկերի դրույքաչափերի առավելագույն եւ նվազագույն սահմանները: «Վերոգրյալ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը կհանգեցնի տեղական նոր հարկատեսակների ներմուծմանը, համայնքային բյուջեների եկամտային մասն ապահովող հարկատեսակների հավաքագրման մեխանիզմների կատարելագործմանը: Արդյունքում կունենանք համայնքային բյուջեների եկամտային մասի շարունակական աճ»,- նշված է կառավարության ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ: Սակայն, բացի Հանրապետական խմբակցությունից, մնացած բոլոր խմբակցությունները դեմ են արտահայտվում այս նախագծին: Հանրապետական խմբակցության որոշ պատգամավորներ էլ, օրինակ` Վարդան Այվազյանը, մեղմ ասած, չեն գովաբանել այս նախագիծը: Գալուստ Սահակյանն էլ նախօրեին ասել էր, թե եթե ինքը ընդդիմադիր պատգամավոր լիներ, դեմ հանդես կգար այս նախագծին, բայց քանի որ ներկայացնում է իշխող կուսակցությանը, կողմ կքվեարկի: Նույնիսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է որոշ հարկատեսակներ` վաճառքի, կառուցապատման նշանակության հողատարածքների ոչ նպատակային օգտագործման, համայնքի սեփականություն համարվող օբյեկտների վրա գովազդ տեղադրելու, գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի, հանրային տարածքների զբաղեցման հարկերը համարել անընդունելի: Նա առաջարկել է կառավարության ներկայացուցչին եւ գլխադասային հանձնաժողովի նախագահին 15 օրվա ընթացքում հանդիպել եւ հարցը քննարկել ԱԺ խմբակցությունների, ԱԺ մշտական հանձնաժողովների եւ անկախ պատգամավորների հետ եւ մինչեւ հարցի քվեարկությունը ներկայացնել, թե ո՞ր առաջարկներն են ընդունվել: Կոալիցիոն մյուս կուսակցությունների ներկայացուցիչները ավելի քննադատաբար են մոտենում նախագծին: ԲՀԿ-ն ներկայացնող Վարդան Բոստանջյանը երեկ ԱԺ-ում ասել է, թե կարծում է, որ պետք է ներդնել ոչ թե առանձին հարկատեսակներ, այլ փոփոխություններ կատարել գործող օրենքներում, օրինակ` անմշակ հողերի վերաբերյալ փոփոխություն կատարել «Հողի հարկի» մասին օրենքում: ՕԵԿ-ն էլ դեմ է արտահայտվում այս նախագծին, քանի որ պատկերացում չունի դրա մասին: «Մենք կողմ ենք, որ տեղական ինքնակառավարման մարմինները կայանան, բայց դեմ ենք, որ դրանք կայանան ամեն գնով,- երեկ ԱԺ-ում հայտարարել է ՕԵԿ խմբակցության պատգամավոր Խաչիկ Հարությունյանը` հավելելով,- նոր հարկերի մասին մենք պատկերացում չունենք»: «Կառավարությունը դեռ 2007-ի վերջին խոստացել էր ԱԺ ներկայացնել «Հարկային օրենսգիրք», ինչը տեսանելի պետք է դարձներ կառավարության հարկային քաղաքականության կոնցեպցիան: Չանելով դա` կցկտուր փոփոխություններ են բերել: Առավել զայրացնողը այնպիսի նոր հարկատեսակների ներմուծումն է, ինչպես, օրինակ` վաճառքի հարկը, համայնքի սեփականություն համարվող օբյեկտներից գանձվող հարկը կամ էլ գյուղատնտեսական նշանակության անմշակ հողերի հարկը»,- մեզ հետ զրույցում նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Ըստ նրա՝ կան հարկեր, օրինակ՝ կառուցապատման նշանակության հողատարածքների ոչ նպատակային օգտագործման հարկը, որի անվանումից էլ հասկանալի է, թե ինչի մասին է խոսքը: Սակայն, ըստ Ս. Սաֆարյանի, այդ նոր հարկատեսակների մեծ մասը անորոշ են եւ չի կարելի թողնել հետագայում օրենքով ամրագրելուն: «Սովորաբար, երբ գաղափարը լավը լինելու պատճառով կողմ ենք քվեարկել, հետագայում դա աղավաղել են: Ուստի հիմնավորումները, թե առանձին օրենքներով հետո կկարգավորենք, ընդունելի չեն»,- ասաց Ս. Սաֆարյանը: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլ ասում է, թե իրենք դեմ են կիրառվող մեխանիզմներին: «Բոլորս ականատես եղել ենք, թե ինչպես են համայնքների ղեկավարներն օգտվում իրենց ազատություններից. թանկարժեք «ջիփեր» են առնում խեղճ անապահով գյուղերի գյուղապետերը, «եվրոռեմոնտ» են անում իրենց գրասենյակներում` մոռանալով գյուղի կարիքները, այս ազատությունը տվել ենք եւ սահմանափակել չենք ուզում: Եվ հիմա ուզում ենք այդ ազատությանը գումարել ավելի հզոր բյուջե»,- երեկ նշել է նա ԱԺ-ում տեղի ունեցած բրիֆինգի ժամանակ: Օրինագծի քննարկման ընթացքում նախորդ օրերին նաեւ մեղադրանքներ էին հնչել, որ օրինագիծը, ըստ էության, կհանգեցնի կապիտալի վերաբաշխմանը: ՀՀԿ-ն ներկայացնող առեւտրի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանը համաձայնել է, որ կապիտալի վերաբաշխում տեղի կունենա, բայց հավելել է, որ դա վատ բան չէ: «Այո՛, կա կապիտալի վերաբաշխման խնդիր: Եվ ամբողջ աշխարհում կապիտալի վերաբաշխումը տնտեսության զարգացման խթան է»,- նշել է նա: