Բուժիչ նամակներ

06/02/2010 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Ցիտրուսային կուլտուրաներն իսկական դեղ են

Կիտրոնով թեյ խմելու սովորույթն ընդունված է Ռուսաստանում: Իսկ ահա Ֆրանսիայում հատուկ ուշադրության է արժանանում նարինջը: Իսպանիայում ամենաընդունված ցիտրուսային միրգը մանդարինն է: Նույնիսկ դեմքի խնամքի կոսմետիկական հրաշալի մի դիմակ կա, որն, ասում են, իսպանական ծագում ունի: Դիմակի համար անհրաժեշտ է 1 մանդարինի հյութ, 1 ձվի դեղնուց եւ 1 ճաշի գդալ կաթ: Այս ամենը խառնում են ու բամբակե տամպոնի միջոցով քսում դեմքին: Այն կարելի է օգտագործել նաեւ ձեռքերի համար: Դիմակն ապահովում է մաշկի անհրաժեշտ խոնավությունը, իսկ արդյունքը զգացվում է հենց առաջին օգտագործումից հետո: Իհարկե, բոլոր ցիտրուսային մրգերն էլ օգտակար են, քանի որ պարունակում են օգտակար բազմաթիվ նյութեր:

Մեզ ուղարկած նամակներում ընթերցողներն անդրադարձել են ցիտրուսային կուլտուրաների օգտակար առանձնահատկություններին: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը:

Հատկապես օրվա վերջում, աշխատանքից հետո սկսվող ոտքերի ցավը, հավանաբար, շատերին է ծանոթ: Այդ ցավը մեղմացնելու համար շատ օգտակար է կիտրոնը: Այն պետք է կտրատել շատ բարակ շերտերով, որպեսզի կիտրոնները թափանցիկ լինեն, եւ դնել ոտնաթաթերի վրա, իսկ վրայից հագնել գուլպաներ ու կապել ոտքերը բրդե շորով: Արդյունքը զգալի է:

Իսկ մեր մյուս նամակագիրը` Գայանե Հարությունյանը, գրում է. «Ես հիշում եմ, երբ մայրս մեզ դպրոց էր ուղարկում, եւ որպեսզի ամուր դիմադրողականություն ունենայինք եւ հաճախակի չհիվանդանայինք, քթի առջեւի մասում կիտրոնի հյութ էր քսում, իսկ դպրոցից վերադառնալով` մենք անպայման պետք է մեր կոկորդը ողողեինք 1 ճաշի գդալ կիտրոնահյութով, որը բացվում էր 1 բաժակ ջրով: Ես հիշում եմ, որ նույն ջրով կարելի էր ցայել նաեւ ձեռքերը: Այսօր նույն միջոցներն օգտագործում եմ երեխաներիս համար, եւ արդյունքը զգացվում է: Ես կիտրոնաջրով (կես կիտրոնի հյութը՝ 2լ ջրին հարաբերությամբ) նույնիսկ ցայում եմ աղջկաս մազերը: Գլուխը լավ լվանալուց հետո կարելի է այդ ջրով ցայել մազերը: Այս միջոցը մազերին տալիս է գեղեցիկ փայլ, առողջ տեսք եւ արագ աճելու հնարավորություն:

Մի ժողովրդական միջոց եւս կա, որը շատ է օգնում հոդացավերին: Դրա համար անհրաժեշտ է կիտրոնի կեղեւն առանձնացնել միջուկից, կեղեւը գցել տարայի մեջ, վրան լցնել ձեթ եւ թրմել 2 շաբաթ: Հետո թանզիֆը թաթախել այդ ձեթի մեջ ու որպես կոմպրես դնել ցավացող հոդին, այնուհետեւ ծածկել պոլիէթիլենե թաղանթով ու տաք, բրդե շորով: Առավոտյան ցավը բավականին մեղմացած կլինի»:

Շատերին է հետաքրքրում` կիտրոնն առանց կեղեւի՞ է օգտակար, թե՞ կեղեւով: Մասնագետները խորհուրդ են տալիս, որ ավելի ճիշտ կլինի լվանալ եւ ուտել կեղեւով, որովհետեւ հենց կեղեւի մեջ են բոլոր օգտակար նյութերը` ֆիտոնցիդները, եթերային յուղերը: Կիտրոնի հյութը պետք է այնպես խմել, որ ատամներին չդիպչի, այլապես` կարող է քայքայել էմալը:

Իսկ հայտնի հեռուստահաղորդավար Նիկոլայ Դրոզդովը ամենալավ ու օգտակար ցիտրուսային կուլտուրան համարում է նարինջը. «Ընդ որում, շատերը սիրում են քաղցր նարինջ, բայց ավելի օգտակար է թթու նարինջը, որովհետեւ դա ավելի մոտ է բնականին: Նարնջի կեղեւով ինհալացիան շատ օգտակար պրոցեդուրա է գրիպի ժամանակ: Դրա համար կարելի է երկու նարնջի կեղեւի վրա լցնել եռջուր ու 1 րոպե թողնել եռալու: Դրանից հետո շնչել այդ գոլորշին մի քանի րոպե: Շատ լավ օգնում է շնչուղիներին»:

Իզուր չեն ասում` Նոր տարին բուրում է մանդարինի բույրով: Այն պարունակում է շատ բակտերիցիդային նյութեր, որոնք բարձրացնում են տրամադրությունը: Այսինքն` մանդարինը կարելի է օգտագործել որպես արոմաթերապիայի միջոց:

Ցիտրուսային մրգերը շատ լավ են ոչ միայն դիմադրողականությանը, այլեւ, օրինակ, շաքարային դիաբետին: Օրինակ` շատ լավ է թուրինջի կոմպոտը: Այն եւ շատ համեղ է, եւ օգտակար: Այս կոմպոտի պատրաստման համար անհրաժեշտ է 2 թուրինջի հյութ, ավելացնել կես բաժակ սառը ջուր, կես բաժակ տաք ջուր եւ 1 ճաշի գդալ մեղր: Այս ամենը խառնել եւ խմել օրվա ընթացքում:

Սրտի ու անոթների համար շատ լավ է կիտրոնով, սխտորով եւ մեղրով թուրմը: 3 գլուխ սխտորն աղալ, ավելացնել 3 կիտրոնի հյութ եւ 100գ մեղր եւ թողնել 2 շաբաթ: Հետո կարելի է քամել կամ չքամել եւ խմել 1 թեյի գդալից օրվա մեջ 2-3 անգամ` այնքան ժամանակ, մինչեւ խառնուրդը վերջանա:

Իհարկե, ցիտրուսային մրգերը շատ համեղ են ու օգտակար, բայց պետք է չչարաշահել դրանք: