Երեկ ամբողջ օրը Ազգային ժողովը քննարկում էր կառավարության ներկայացրած «Հարկերի մասին օրենքի» նախագիծը, որը ենթադրում է նոր հարկատեսակների սահմանում:
Այդ օրինագծի հիմնական նշանակությունն այն է, որ տեղական ինքնակառավարման մարմինները կարողանալու են իրենց տարածքում հարկեր սահմանել եւ հավաքագրել: Ընդ որում, կառավարությունը առաջարկել է 5-6 հարկատեսակներ, որոնք պետք է կիրառվեն համայնքների ղեկավարների կողմից: Հարկային փաթեթի մեջ մտնում է գույքահարկը, հյուրանոցային հարկը, փողոցներում մեքենաների կայանման եւ այլ հարկեր: Հիմա էլ որոշ վայրերում մեքենա կանգնեցնելու համար գումար վճարվում է: Եվ վճար գանձողներն ասում են, որ թաղապետարաններին են տալիս հավաքած գումարը: Թե իրականում այդ գումարը որտեղ է գնում, դա հայտնի է միայն այդ գումարները գանձողներին: Եվ հիմա կառավարությունն ուզում է այդ վճարներն օրինականացնել: Հյուրանոցային հարկը նոր հարկատեսակ է: Եվ ակնհայտ է, որ այս փաթեթը ենթադրում է հարկային բեռի ավելացում, բայց նախագիծը ներկայացնող` ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը հերքեց դա: Փոխնախարարի խոսքով՝ նախագիծը ենթադրում է միայն վարչական փոփոխություններ: Սակայն նախագծում չկա, փոխնախարարն էլ չասաց, թե կոնկրետ հարկատեսակի գծով ինչ դրույքաչափ են ուզում սահմանել: Որքան էլ տարօրինակ է, ըստ Վ.Տերտերյանի, դա պետք է որոշվի օրենքն ընդունելուց հետո: Ընդ որում, փոխնախարարը նաեւ չգիտեր, թե ֆինանսական ինչ հոսքեր պետք է սպասել այդ օրինագծի ընդունումից եւ կիրառումից հետո: Տրամաբանական է (եւ սովորաբար այդպես էլ արվում է), որ յուրաքանչյուր հարկ կամ հարկային դրույքաչափ կիրառելիս կառավարությունը ներկայացնի, թե որքան եկամուտ է սպասում դրա կիրառման արդյունքում: Օրինակ, անցած տարի ընդունված` աղմկոտ հարկային փաթեթի քննարկումների ժամանակ հայտարարվեց, որ դրա կիրառման արդյունքում 2010թ. 30 մլրդ դրամի մուտքեր են ակնկալվում:
Իսկ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը պնդում է, որ այս նոր օրինագծի նպատակներից մեկը հարկային բեռի ավելացումն է: «Եվ բոլոր նրանք, ովքեր հակառակն են պնդում, առնվազն կամ հարկային համակարգը չեն տիրապետում, կամ փորձ են անում դրանով խուսափել անցանկալի հարցերից: Պարոն Տերտերյանի մասնագիտական կարողությունը, վարչարարական փորձը եւ համակարգային մտածողությունը բարձր եմ գնահատում, բայց կարծում եմ, որ սա ոչ այնքան նրա անձնական նախաձեռնությունն է, որքան համակարգային պարտադրանք է ամեն ինչ կենտրոնաձիգ իշխանության տրամադրության տակ պահելու համար, սեփական իշխանությունն ավելի ամուր պահելու համար»,- ասում է Ա.Մինասյանը:
Կառավարությունն իր այս նախաձեռնությունը հիմնավորել է ՏԻՄ-երի ինքնուրույնությունը բարձրացնելու պատճառաբանությամբ: Սակայն պատգամավորի կարծիքով՝ եթե առաջարկված մոտեցումը կիրառվի, համայնքի ղեկավարներն իշխանությունների կողմից լինելու են խոցելի, թույլ վիճակում: Եվ սա օրինագծի հիմնական նպատակն է: «Մի կողմից՝ համայնքի ղեկավարներն ունենալու են տեղական հարկեր սահմանելու իրավունք, մյուս կողմից՝ դրանք գանձելու շրջանակներում պարտավորված են լինելու հայցադիմումներով անընդհատ հեղեղել դատական համակարգը: Եվ եթե որեւէ համայնքի ղեկավար ելնելով տվյալ իրավիճակից` չկարողանա կամ ցանկություն չունենա մտնել դատարան, ապա դա հիմք է, որ նրա նկատմամբ կառավարությունն իրականացնի ճնշման բոլոր տեսակի գործիքները՝ ընդհուպ մինչեւ պաշտոնանկության հարցով Սահմանադրական դատարանից եզրակացություն ստանալը: Իմ կարծիքով՝ այս նախագծի նպատակն է` ունենալ այնպիսի համայնքի ղեկավարներ, ովքեր ուղղակի կախվածության մեջ լինեն իշխանություններից ու խոցելի լինեն, որպեսզի նրանց նկատմամբ ճնշումը լինի ավելի զորեղ եւ նպատակային: Մյուս կողմից՝ այս նախագիծը կարող է հիմք հանդիսանալ, որ աղքատ համայնքներն ավելի աղքատանան, հարուստ համայնքները եւ դրանց մեջ եղած առանձին սուբյեկտներն ավելի հարստանան: Կարճ ասած, բեւեռացումն ավելի խորացնելու համար իրական հիմքեր կարող է ստեղծել»,- ասում է Ա.Մինասյանը:
Այս օրինագիծը նաեւ սեփականության իրավունքի վերաբաշխման հիմք է հանդիսանալու: Եթե որեւէ մեկը չհասցրեց վճարել հարկը, տվյալ համայնքի ղեկավարը կարող է այդ սուբյեկտի գույքը բռնագանձելու եւ վաճառելու հայցով դիմել դատարան: Ա.Մինասյանը այս օրինագիծը համարում է հակասահմանադրական, որովհետեւ ՀՀ սահմանադրության համաձայն՝ հարկերն ու տուրքերը սահմանվում են օրենքով: Իսկ այս օրինագծի համաձայն՝ հարկերի ու տուրքերի դրույքաչափերը որոշվելու են օրենքն ընդունելուց հետո: