Երբ կառավարությունն ամփոփում էր նախորդ տարվա գործունեության արդյունքները, շատերը հույս ունեին լսել առողջ ինքնաքննադատություն։ Սակայն հինգշաբթի օրը բոլորովին այլ բան տեղի ունեցավ։ «Այս հաշվետվությունները մենք մանրակրկիտ պետք է ներկայացնենք մեր հանրությանը, բայց այսօր առավոտյան, նայելով դրանց արձանագրությունները, ես որոշեցի անպայման արձանագրել մեր չորս ոլորտի հաջողությունները»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Այդ հաջողությունները թվարկելուց հետո վարչապետն ավելացրեց. «Այնպես որ, ես ուզում եմ, որ մենք ոգեւորված լինենք 2009թ. մեր հաջողություններով, չխոսենք միայն բացթողումների եւ խնդիրների մասին, որոնք մեզ մատուցեց համաշխարհային տնտեսական եւ ֆինանսական ճգնաժամը: Մնացած բոլոր ոլորտներում նույնպես ունենք հաջողություններ: Մենք դրանց դեռեւս կանդրադառնանք, բայց ես թվարկեցի այն հաջողությունները, որոնք մեր ընտանիքները զգացել են, եւ այն հաջողությունները, որոնք առնչվում են մարդկանց կյանքի հետ»։
Իշխանություններն, ինչպես հայտնի է, չեն սիրում, երբ իրենց գործողությունները քննադատում են։ Եթե իրենց մնար, բոլոր թերթերը ողողված կլինեին կառավարության փայլուն հաջողությունների մասին նյութերով (ինչպես հեռուստաընկերությունների դեպքում)։ Սովորաբար (այսինքն՝ նորմալ երկրներում) իշխանությունները ծանր չեն տանում իրենց ուղղված քննադատությունը եւ ոչ էլ փորձում են հակադարձել կամ փակել քննադատողների բերանը։ Նրանք պարզապես զբաղվում են իրենց գործով։ Մեզանում, սակայն, այս խնդիրը խորը մտահոգություն է պատճառում եւ ստիպում, օրինակ, վարչապետին, ինտերնետային բլոգ բացել։ «Անկեղծ ասած` ինձ համար կարեւոր է, որ դուք հասկանաք, թե ինչպես եմ մտածում: Մեր երկխոսության մեջ մամուլը հաճախ պարտադրում է իր կարծիքը` զրկելով մեզ անմիջական շփման հնարավորությունից: Ես գտնում եմ, որ լավ կլինի ձեզ հետ ուղղակիորեն հաղորդակցվելու հնարավորություն ունենալ»,- իր բլոգում գրել էր վարչապետը։ Հետո, ըստ ամենայնի, շատ արագ պարզ դարձավ, որ «բլոգոսֆերա» կոչվածը լայն զանգվածներին ամենեւին չի հետաքրքրում, նրանում տեղ գտած փոփոխվող աշխարհի ու պատկերացումների մասին խոհափիլիսոփայական հոդվածները՝ առավել եւս։ Մնաց փորձված, տիպիկ հայկական բանաձեւը՝ մենք մեզ չգովենք, ո՞վ պիտի մեզ գովի։
Համառոտ հիշեցնենք չորս ոլորտների կարեւորագույն հաջողությունները։ Առաջին հերթին գովասանքի արժանացավ Պետական եկամուտների կոմիտեն, որին հաջողվել է գերավճարները նվազեցնել 25 մլրդ դրամով։ Հիշվեցին փոքր եւ միջին ձեռնարկություններին տրված արտոնությունները եւ, իհարկե, ՀԴՄ կտրոններով վճարված բոնուսները։ Երկրորդ տեղում առողջապահությունն էր, մասնավորապես՝ ծնելիության աճը 3 հազարով։ Դա, պարզվում է, ոչ թե ծնողների շնորհքն է, այլ ծննդօգնության պետական ծրագրի։ Այսինքն՝ միանվագ վճարը երեխայի համար 35.000-ից՝ 50.000 դարձնելը, կամ երրորդ եւ ավելի երեխաների պարագայում 300 հազարանոց վճարը 430 հազար դրամի հասցնելը շատերին միանգամից ստիպել են դառնալ բազմազավակ ծնողներ: Սոցիալական ոլորտում նույնպես կառավարությունը «աննախադեպ» միջոցառումներ է իրականացրել՝ 16 տոկոսով ավելացրել են թոշակները եւ 12 տոկոսով` սոցիալական նպաստները։ Վերջ՝ մի քանի հազար դրամով ավելի թոշակի շնորհիվ՝ այսուհետ մեր թոշակառուները իրենց ամերիկացի «գործընկերների» նման կարող են երջանիկ ծերություն վայելել, օգտվել կյանքի բարիքներից, ժամանակ անցկացնել Լաս Վեգասում կամ պառկել Հավայան կղզիների ծովափի տաք ավազին։ Եվ չորրորդ՝ ձեռքբերումների ձեռքբերումը։ Իհարկե, ոչ ոք չէր էլ կարող դա մոռանալ՝ «ռեմենները»։ «Յոթ տարվա ընթացքում առաջին անգամ մենք արձանագրել ենք ճանապարհատրանսպորտային պատահարների նվազում, ընդ որում` ԱՊՀ երկրների եւ միջազգային տվյալների համեմատ Հայաստանը նվազման բացառիկ ցուցանիշ է արձանագրել: Շատ ուրախալի է, որ ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվածների թիվը 2008թ. համեմատ նվազել է 84-ով, իսկ մարմնական վնասվածք ստացածների թիվը` 372-ով: Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ Ոստիկանության հեղինակությունը 2009 թվականին բարձրացել է շեշտակիորեն, այս ցուցանիշները դրա վառ վկայությունն են»,- ասել է Տ. Սարգսյանը: Փաստորեն, ՃՏՊ-ները նվազել են։ Դա լավ է, իհարկե։ Լավ է, որ մարդիկ դարձել են ավելի կարգապահ։ Բայց մի բան է անհասկանալի՝ ինչպե՞ս պատահեց, որ կարգապահ դառնալուն զուգահեռ՝ Ոստիկանության կազմած արձանագրությունների` «ակտերի» քանակը շեշտակիորեն աճել է։ Օրինակ՝ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2009 թվականին ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտումները նախորդ տարվա համեմատ աճել են ավելի քան երկու անգամ։ Անկեղծ ասած՝ չգիտենք, թե ինչ սոցիոլոգիական հարցումներ նկատի ունի վարչապետը, որոնք փաստում են, որ Ոստիկանության հեղինակությունը բարձրացել է։ Բացի այդ՝ Տ Սարգսյանի նշած տվյալները՝ օրինակ, մահվան ելքով պատահարների նվազումը, վերաբերում է կոնկրետ Ճանապարհային ոստիկանության աշխատանքին։ Իսկ ընդհանրապես ոստիկանության ամբողջ համակարգին ի՞նչ գնահատական տալ։ Եթե շարժվենք նույն տրամաբանությամբ, այսինքն՝ որպես հիմք վերցնենք վիճակագրական տվյալները, ապա ուրախանալու ոչ մի հիմք չի մնում։
Այսպես, ԱՎԾ տվյալներով, 2009 թվականի ընթացքում հանրապետությունում կատարվել է 14.339 հանցագործություն, նախորդ տարվա համեմատ 54.7 տոկոսով ավելի շատ։ Մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործությունները ավելացել են շուրջ երեք անգամ։ Այդ թվում՝ առողջությանը վնաս պատճառելը՝ 2.8 անգամ։ Սպանության դեպքերը նվազել են 12.8 տոկոսով։ Սակայն ընթերցողները կհամաձայնեն, որ միայն այս ամսվա ընթացքում այնքան սպանություններ են կատարվել, որ նման տեմպով շարունակվելու դեպքում մենք հաստատ կհասնենք երեսունականների Չիկագոյի մակարդակին։ Պետական գույքի հափշտակության դեպքերն ավելացել են 20%-ով, անձնական գույքինը՝ 30%-ով։ Կարծում ենք՝ այսքանը բավական է, մանավանդ որ, այս թվերը վերաբերում են պաշտոնապես գրանցված հանցագործություններին։ Միգուցե կասեք՝ Ոստիկանության աշխատանքը հանցագործությունների թվաքանակով պայմանավորելը ճիշտ չէ. հարկավոր է նայել, թե դրանց քանի տոկոսն են բացահայտվել։ Խնդրեմ՝ նայենք։ Սպանության 68 դեպքերից բացահայտվել է 33-ը, սեփականության դեմ ուղղված 5578 հանցագործություններից՝ 3483-ը, տնտեսական գործունեության դեմ ուղղված 686 հանցագործություններից՝ 417-ը։
Խնդիրը, սակայն, դա չէ։ Ավելի էական է այն, որ հանցագործությունների աճին նպաստում է անպատժելիության մթնոլորտը, իսկ դրա մեջ իրավապահ մարմինները հաստատ մեղքի իրենց բաժինն ունեն։ Սակայն արժանանում են հատուկ գովեստի, որովհետեւ… գլուխ գովելու բան, ըստ էության, չկա։ Ըմբռնումով է պետք մոտենալ։ Տնտեսության բոլոր ոլորտներում երկնիշ անկում է արձանագրվել, դրա համար էլ մասնագիտությամբ տնտեսագետ վարչապետը տարին գնահատում է ոչ թե մակրոտնտեսական ցուցանիշներով, այլ, ասենք, ծնելիության աճով։