Գոհ չեն

05/02/2010

Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների կարգավորմանը միտված արձանագրությունների վավերացման գործընթացը չի գոհացնում ԱՄՆ-ին, եւ վերջինս պատրաստվում է կոնկրետ գործողությունների դիմել: Այս մասին երեկ գրել է թուրքական «Հյուրիեթ» թերթի վաշինգտոնյան թղթակիցը: Ըստ նրա` մինչ այժմ Վաշինգտոնը բավարարվում էր վավերացման գործընթացն ավարտին հասցնելու եւ արձանագրությունները հնարավորինս շուտ կյանքի կոչելու հայտարարություններով, սակայն առաջացած խոչընդոտները պատճառ եղան, որպեսզի Սպիտակ տունը որոշի ամենաբարձր մակարդակի շփումներով միջամտել գործընթացին: ԱՄՆ Պետքարտուղարության խորհրդական Ջեյմս Սթեյնբերգը հայ-թուրքական արձանագրությունները քննարկելու վերաբերյալ շատ վճռորոշ հանդիպումների է նախապատրաստվում: Հիշեցնենք, որ Սթեյնբերգն այսօր գալու է Հայաստան: «ԱՄՆ-ը Հայաստան-Թուրքիա մերձեցման գործընթացին մոտիկից հետեւող երկրների առաջին շարքում է: Սթեյնբերգի ծրագրած այցելությունները եւ դիվանագիտական շարժը ցույց են տալիս, որ Միացյալ Նահանգներն արդեն գործընթացի վերաբերյալ զուտ հայտարարություններ անելուց զատ՝ շատ ավելի անհրաժեշտ է համարում ստույգ քայլերի դիմելը»,- գրում է թերթը: