Ճողվածքների (գրիժա) մասին շատերը գիտեն, բայց ոչ բոլորն են պատկերացնում, թե ինչ է այն իրականում: Տարածված «գրիժա հեռացնել» տերմինն այնքան էլ ճիշտ չէ, ահա թե ինչու. Ճողվածքն իր էությամբ ներքին օրգանի մի մասն է կազմում, որը կարող է դուրս է գալ, օրինակ` մկանային հյուսվածքից: Իսկ հիմա դատեք ինքներդ` հնարավո՞ր է արդյոք ճողվածքը հեռացնել: Իհարկե, եթե ժամանակին չի ցուցաբերվել բուժօգնություն եւ այդ դուրս եկած հատվածում սկսել են հյուսվածքները մահանալ, երբեմն իսկապես կարիք է լինում այն հեռացնելու` օրգանիզմի հետագա ինտոքսիկացիայից խուսափելու համար: Այդ պատճառով ճողվածքի հետ ամեն ինչ այնքան էլ պարզունակ չէ: Ճողվածքի առաջացմանը կարող են նպաստել մի քանի գործոն: Դրանցից մեկը մկանային հյուսվածքի պաշտպանողական վիճակն է: Այսինքն, թե ներքին ճնշումներին որքան կարող է դիմանալ կոնքամասի պրեսը: Օրինակ` երկարատեւ ուժգին հազը, փորկապությունը կտրուկ բարձրացնում են ներքին ճնշումը, հետեւաբար ներկոնքային օրգանները այդ պահին մեծ ուժգնությամբ ճնշում են որովայնի մկաններին: Իսկ թույլ օղակ լինելու դեպքում որովայնի հատվածում գոյանում է, այսպես ասած, ճողվածքի դարպաս, որի միջից մի փոքր պրովոկացիայի դեպքում դուրս է գալիս ճողվածքը: Գրիժայի համար նախատրամադրող գործոն կարող է հանդիսանալ նաեւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն ու ծննդաբերությունը: Ահա թե ինչու մասնագետները խորհուրդ են տալիս դեռ չծննդաբերած կանանց ուշադրություն դարձնել որովայնի մկանների ամրացմանը: Ճողվածքի շատ տեսակներ կան, որոնք մարդը ձեռք է բերում կյանքի ընթացքում, բայց հանդիպում են նաեւ ի ծնե ճողվածքներ: Խոսքը պորտի ճողվածքի մասին է, որն առաջանում է երեխայի որովայնի մկանների թույլ զարգացվածության եւ ոչ լրիվ աճած պորտի շրջանակի (որտեղից դուրս է գալիս պորտալարը) հետեւանքով: Այդ հատվածը մի քանի շաբաթից կամ ամսից հետո ինքն իրեն փակվում է, այդ պատճառով պորտի գրիժան պետք է շատ չվախեցնի ծնողներին: Ի տարբերություն ձեռքբերովի ճողվածքների` նորածնի պորտի գրիժան վիրահատելու կարիք չի զգում: Պորտի գրիժան հատկապես արտահայտվում է այն ժամանակ, երբ փոքրիկը սկսում է լաց լինել: Երբ երեխան դադարում է լացը, գրիժան, որպես կանոն, չափերով փոքրանում է: Ճիշտ է, այն ինքն իրեն անհետանում է, բայց կարելի է օգնել փոքրիկին` մկանները ամրանալու հարցում: Դրա համար կարելի է երեխային դնել փորի վրա օրվա մեջ մի քանի անգամ` 3-4 րոպեով, զբաղվել նրա հետ մարմնամարզությամբ: Մերսումներն ու մարմնամարզությունները նորածնի համար պարտադիր են:
Պորտի ճողվածք հաճախ առաջանում է կանանց մոտ հղիության ընթացքում եւ ծննդաբերելու ժամանակ: Բանն այն է, որ հղիության ժամանակ փորի մկաններն ամբողջությամբ թուլանում են: Ձեռքբերովի, ինչպես նաեւ ի ծնե եղած եւ չանցած գրիժաներն անպայման պահանջում են վիրահատական միջամտություն, հակառակ դեպքում տվյալ հյուսվածքի նեկրոզի պատճառով կարող է սկսվել օրգանիզմի ինտոքսիկացիա: