Մազերի փոխպատվաստում

05/02/2010

Թափվող մազերը լուրջ խնդիր են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար: Մազաթափության պատճառները կարող են շատ-շատ լինել, եւ այդ պատճառներով առաջնորդվելով է, որ պետք է ճիշտ կողմնորոշվենք բուժման համար: Շատ հաճախ ամենաարդյունավետ բուժումը կարող է մազերի փոխպատվաստումը լինել, որը ենթադրում է միկրովիրահատական պրոցեդուրա, որի ժամանակ մազերն ավելի խիտ հատվածից հանում են եւ պատվաստում արդեն ճաղատացող մասին: Առաջին անգամ փոխպատվաստման նման փորձ է արվել ամերիկացի բժիշկ Օրենտրեյկի կողմից: Իսկ այժմ, երբ տեխնոլոգիաներն ավելի են զարգացել, ցանկացողները կարողանում են լուծել ճաղատության հետ կապված խնդիրները: Նախկինում մազերի փոխպատվաստում ասելով՝ հասկանում էին արհեստական` սինթետիկ մազերի պատվաստում: Սակայն այս մեթոդը բացասաբար էր ազդում առողջության վրա, քանի որ հետեւանքները կոպիտ սպիներն էին, որոնք հետագայում կարող էին թարախակալել: Կողմնակի ազդեցության լրջությունը ստիպեց, որ Ամերիկայում այս մեթոդն արգելեն օրենքով: Դոնորային մյուս ձեւը` փոխպատվաստումը մազափնջով, եւս չընդունվեց, քանի որ այն շատ ցավոտ էր եւ արտաքին տեսքն էլ` անբնական: Հենց այս պատճառով էլ այս բնագավառում անընդհատ նորարարություններ էին փորձում անել: Փոխպատվաստման ժամանակակից տեխնոլոգիաները ենթադրում են, այսպես կոչված, ֆոլեկուլային գրաֆտների մեթոդը, որոնք կազմված են անհատական ֆոլեկուլային միացություններից: Գրաֆտներն իրենցից ներկայացնում են մազերի անհատական խումբ` անպայման ֆոլեկուլներով: Դրանք լավ պահպանվում են եւ ապահովում հնարավորինս բնական տեսք, առողջության վրա էլ բացասաբար չեն ազդում: Իհարկե, նման արդյունք կարելի է ստանալ միայն մասնագիտական ճիշտ մոտեցում ցուցաբերելուց հետո: Այս եղանակով մազերի փոխպատվաստումը մասնագետները համարում են «ոսկե չափանիշ»: Մազերի փոխպատվաստման վիրահատությունը կարող է կատարվել ինչպես ընդհանուր անզգայացման, այնպես էլ տեղային անզգայացման միջոցով: Այդ մազերը հիմնականում վերցվում են գենետիկորեն ամուր ու դիմացկուն հատվածից` ծոծրակից: Նման վիրահատությունը բավականին լուրջ պրոցեդուրա է, այդ պատճառով պետք է վստահել միայն լավ մասնագետների ու կլինիկաների: