Վերացնել հաշվեհարդարը

05/02/2010

«Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանց» կազմակերպությունը երեկ տարածած հայտարարությամբ ՀՀ իշխանություններից պահանջում է անվերապահորեն կատարել մարդու հիմնարար ազատությունների եւ իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց կողմից ստանձնած բոլոր պարտականությունները, անհապաղ ազատել բոլոր քաղաքական բանտարկյալներին, պատժել 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած արյունալի իրադարձությունները իրականացրած մեղավորներին` ինչպես հրաման արձակողներին, այնպես էլ՝ կատարողներին: Կազմակերպությունը դիմել է նաեւ միջազգային հանրությանը ՀՀ իշխանությունների ստանձնած պարտականությունների մոնիտորինգը շարունակելու եւ ճնշում գործադրելու խնդրանքով, պահանջելով վերջիններից վերացնել հաշվեհարդարները ժողովրդավարական բարեփոխումներ պահանջող քաղաքացիների նկատմամբ: Հաղորդագրությունում նշվում է, որ 2010թ. հունվարի 19-ին «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին դատապարտել է ազատազրկման 7 տարի ժամկետով: Հելսինկյան ասոցիացիան ողջ դատավարության ընթացքում մոնիտորինգ է անցկացրել, որի արդյունքում արձանագրվել են «էական խախտումներ, մասնավորապես, չի պահպանվել կողմերի հավասարությունը, առաջադրված մեղադրանքը հիմնավորված չի եղել ապացույցներով, հանցակազմը բացակայել է»: Դատարանը, ըստ հաղորդագրության հեղինակների, անտեսել է ԵԽ ԽՎ բանաձեւերի դրույթները, համաձայն որոնց, չի կարելի դատապարտել բռնության համար նրանց, ովքեր բռնություն չեն գործել եւ չեն հրահրել մյուսներին բռնության, ինչպես նաեւ այն դրույթները, որոնցով ԵԽ ԽՎ-ն կոչ է անում ՀՀ իշխանություններին՝ կալանքի տակ չպահել նրանց, ովքեր, լինելով հետախուզման մեջ կամ ընդհատակում, ինքնակամ հանձնվել են իրավապահ մարմիններին: Իրավապաշտպանների գնահատմամբ, Փաշինյանի դեպքում կոպտորեն խախտվել են ՀՀ Սահմանադրության 2, 6, 7, 16, 18,19, 21, 22, 27, 29, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 8, 17, 23, 65, 90,105, 106, 107, 124,126,1 27, 340 եւ Մարդու Իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի 6,10,11 հոդվածները: Ցանցի ներկայացուցիչները համարում են, որ Փաշինյանը, ինչպես եւ ընդդիմության մնացած կողմնակիցները, դատապարտվել են միայն իրենց քաղաքական հայացքների համար: Ցանցի անդամները անթույլատրելի են համարում «ՀՀ իշխանությունների կողմից շարունակական հաշվեհարդարը քաղաքական հակառակորդների նկատմամբ»: