Մեղավորը վերավաճառողնե՞րն են

05/02/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչներն իրենց գյուղն անվանում են Հայաստանի ոչխարաբուծության մայրաքաղաք: Այն գտնվում է Երեւանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Չնայած այս հանգամանքին, երկու «մայրաքաղաքներին» բաժանում են աթարի բուրգերը, խոտի «տուկերը», ցեխառատ ճանապարհները, չգազիֆիկացված տները, դրանց աթարով վառվող վառարաններն ու քաղաքացիների վերապահ վերաբերմունքը դեպի ոչխարաբույծ բնակիչները:

Վերջիններիս համար խիստ զարմանալի է օրեր առաջ երեւանյան մսամթերքի վաճառակետերում բարձրացված աղմուկը, ըստ որի` ոչխարի մսի առաջարկ չկա: «Հիմի արի գնանք իմ գոմը ու կտեսնես, թե ինչքան ոչխար ունեմ: Առնող չկա, առնո՜ղ: Ես 1000 ոչխար ունեմ: Ուզում եմ վաճառել, բայց ո՞վ կառնի»,- նշում է ազգությամբ եզդի Իշխանը: Նրա համար տարօրինակ է այն խուճապը, որ ստեղծել են Երեւանի մսամթերքի կետերում աշխատող վերավաճառողները: «Դրանք ուզում են, որ ոչխարը ձրի տանք իրենց, բայց էդպես կլինի՞: Բազմաշունչ ընտանիք ունեմ, միակ եկամուտս էդ ոչխարներից ա գալիս: Ամբողջ տարին չարչարվում ենք: 1 ոչխարը տարվա մեջ մոտ 8000 դրամի եկամուտ ա բերում: Իսկ էդ շա՞տ ա: Էսօր ոչխար պահելը հեշտ չէ»,- ավելացնում է Իշխանը` թվարկելով անասնապահության դժվարությունները: Դեռեւս տարիներ առաջ անասնապահները կարողանում էին առանց որեւէ արգելքի անասուններին տանել այն արոտավայրը, որը նախընտրում էին: Բայց այսօր, ըստ անասնապահների, գրեթե բոլոր արոտավայրերը սեփականաշնորհվել են` մասամբ վերածվելով պտղատու այգիների: Ավելին` անասնապահների ասելով, անասուններին սար տանելու համար պետք է փաստաթղթեր ստորագրել եւ համապատասխան վճարումներ կատարել: Իսկ արոտավայրի ընտրություն անելիս էլ շատերը ստիպված են լինում հաշվի առնել ունեցած գումարի չափը: «Արոտավայրերը լինում են տարբեր գների: Գինը կախված է տարածքից, այսինքն` ինչքան շատ հեկտար ես զբաղեցնում, էդքան ավելի շատ ես վճարում: Դե սարի մոմենտով խնդիրներ չեն լինում: Խնդիրներն էսօր կապված են անասնակերի թանկացման հետ: Եթե առաջ 1կգ կոմբիկերը առնում էինք 1500դրամ, հիմա` 3000դրամով: Խոտի 1տուկն արժե 1000դրամ, իսկ առաջ` 700դրամ: Պատկերացնո՞ւմ եք` գյուղացին էսօր դաժե խոտն ա առնում»,- շարունակում է Աթո Աբալյանը` դժվարանալով նշել արոտավայրի միջին վարձավճարը: Ի դեպ, ըստ նրա համագյուղացիների` արոտավայրի գինը սկսում է 5000 դրամից: «Ոչխարաբուծությամբ զբաղվող մարդիկ միշտ զրոյական շահույթ են ունեցել: Մենք նախկին գներով վաճառել ենք մեր գառներն ու ոչխարները: Էս սեզոնին ոչխար չկա, որովհետեւ պտղաբերության ժամանակ ա: Իսկ էն շուխուրները, թե իբր ոչխարի գինը բարձրացել ա` սուտ ա: Հիմնականում վերավաճառողներն են իրենց գները դնում: Ուզում են առաջվա պես ջրի գներով առնեն ու մեր հաշվին հարստանան: Գիտեք, չէ՞, թե ինչ Ջիպեր ունեն էդ մսավաճառները»,- իրավիճակը ներկայացնում է Քյարամը, որն առայժմ իր ոչխարները չի վաճառել: «Կառավարության` ոչխարների արտահանման ծրագիրն, իսկապես, լավ է: Դա գյուղացուն հնարավորություն ա տալիս իր ապրանքն ավելի թանկ վաճառելու, բայց դրան զուգահեռ՝ գոնե կարելի ա, չէ՞, գյուղացուն օգնել վակցինաներ գնելու ու արոտավայրերի հարցում: Գյուղացին, կայծակների հետ կռիվ տալով, պահում ա իր ոչխարները: Անասնապահի նկատմամբ հարգանքը կորել է: Երեւանում մեզ չեն հարգում»,- վրդովում է Քյարամը` վերհիշելով տարիներ առաջ կատարվածը, երբ կնոջ հետ տոնավաճառ էին գնացել: «Վաճառվող շորերին նայելով քայլում էինք` մեկ էլ տեսանք ամուսինների: Կինն ամուսնուն ցույց տվեց մի կոստյում, ամուսինն էլ, գիտե՞ք ինչ պատասխանեց, ասաց` էդ չոբան եզդու կոստյումը որտեղի՞ց գտար»: Բա սա վիրավորական չի՞: Հա, ես գյուղացի եմ, ոչխար եմ պահում, դրա համար արժե ինձ վիրավորել: Եթե լրիվ գյուղացիները գան-լցվեն քաղաք` ի՞նչ կլինի: Իսկ ուրիշ երկրներում անասնապահն էլ ա հարգված»,- վիրավորված հայացքը թաքցնելով` պատմում է եզդիների համայնքի ներկայացուցիչը` փորձելով հասկանալ, թե Աստված ինչո՞ւ է միայն գառներին ընդունում` որպես մատաղ: «Պատասխան գտա՞ք: Հասկանո՞ւմ եք` ոչխարաբուծությունը սուրբ գործ է: Զարմանում եմ, որ հայերը սկսել են բողոքել: Էդ իրանք ե՞րբ էին ոչխարի միս ուտում: Հայերը մենակ խոզի միսն են հավեսով ուտում: Բա հիմա դժգոհում են` իբր ինչի՞ համար»,- ոչխարների շարժին հետեւելով` խոսում է Քյարամը: Նրա հաշվարկներով՝ զովունեցիների մեծ մասը դադարել է անասնապահությամբ զբաղվել: Եթե նախկինում ոչխարների գլխաքանակը հասնում էր մինչեւ 30.000, ապա այսօր հազիվ 3000 գլխաքանակ կարող ես գտնել: «Եթե անգամ պարսիկներին վաճառում են գյուղի բնակիչները` ապա մենակ գառները կամ ծեր ու առանց ատամների ոչխարները: Չհավատաք, թե գյուղացին իր մայրացու ոչխարը կվաճառի` թեկուզ մեծ գումարներով»,- Քյարամի խոսքին լրացումներ էին անում եզդի համայնքի կանայք, ովքեր եւս խուսափեցին խոսել ոչխարները պարսիկներին վաճառելու մասին: «Եզդիները ոչխարները վաճառում են պարսիկներին, ուրիշ ոչ մեկին»,- այսպես նշեց գյուղում ինձ հանդիպած եզդիական համայնքի միակ ներկայացուցիչը, որն, այնուամենայնիվ, փորձեց չքողարկել իրավիճակը: Ըստ նրա` պարսիկները ոչխարները գնում են անսահմանափակ քանակով: «Մեծ մեքենաներով 4-5 հոգով գալիս են, ասում են` ինչքան ոչխար կծախեք, էդքան էլ կառնենք: Գյուղացիներն էլ ավելի բարձր գներով իրենց վրա են վաճառում: Իսկ ի՞նչ անեն»,- անորոշ հայացքը հառելով դեպի Երեւան-Աբովյան մայրուղին` հարցնում է Զորին: