Մեղսակից եւ մարտնչող վախկոտություն

05/02/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Թե՛ Եվրոպայում, թե՛ մեր երկրում վախկոտությունն ու ունայնությունը տակավին չափանիշներ են: Ես ասել եմ, որ դա հենց այդ մտայնությունն է, որ ծնում է այն իրավիճակը, որ Եվրոպայում եւ Հայաստանում` որպես Եվրոպայի մաս, լինում են քաղաքական բանտարկյալներ: Կարելի է վկա լինել հայոց մշակութային ժառանգության ցերեկային ոչնչացմանը եւ ոչ մի բան չանել ո՛չ այստեղ, ո՛չ Եվրոպայում: Եվրոպական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ են ընտրվում այն մարդիկ, ովքեր պաշտոնապես ժխտում են ցեղասպանությունը»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը` անդրադառնալով Զարուհի Փոստանջյանին ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հիմնական կազմից հեռացնելու եւ Մովլուդ Չավուշօղլուին ԵԽ ԽՎ նախագահ ընտրելու մասին հարցերին:

«Սա միայն «Ժառանգության» խնդիրը, պայքարը չէ, սա Հայաստանի եւ յուրաքանչյուր հայ քաղաքացու արժանապատվության խնդիրն է: Ես կարծում եմ, որ սա մարտակոչ է Հայաստանի հասարակության համար: Բավ է, որ ամեն մեկը ասի, թե ինքն է միակ ներկայացուցիչը: Ո՛չ «Ժառանգությունը», ո՛չ ՀԱԿ-ը, ո՛չ ՀՅԴ-ն, որեւէ այլ ընդդիմադիր ուժ միակը չի կարող լինել: Կարծում եմ, որ հասարակությունը պետք է վերակազմակերպվի եւ հանդիմանի իր ներկայացուցիչներին, կուսակցություններին, պատգամավորներին, որ այլեւս չտառապեն բացառիկության ախտով: Եթե այսպես շարունակվի, մեզ կզրկեն ձայնից, մենք կբողոքենք արտաքին աշխարհից, թե ՀՀ-ի օգտին չլուծվեց այս կամ այն հարցը, բայց Հայաստանի` նման կուլիսային մոտեցումներով պարզապես մենք մեզ կզրկենք ձայնի իրավունքից»,- ասում է Ր.Հովհաննիսյանը:

«Ժառանգության» հիմնադիրը անդրադարձավ նաեւ իր կուսակցության ու ՀՅԴ-ի հետագա համագործակցությանը: Ստրասբուրգում ՀՅԴ անդամ Արմեն Ռուստամյանը եւ Զ.Փոստանջյանը միմյանց հասցեին բավականին կոշտ հայտարարություններ են արել: ԵԽ ԽՎ մոնիտորինգի նիստի ժամանակ Զ.Փոստանջյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ն մարտի 1-ին առնչվող հարցերում չի կարող ընդդիմություն լինել եւ ներկայացնել ՀՀ ընդդիմության տեսակետը, որովհետեւ այդ ժամանակ իշխանության մեջ է եղել: ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանն էլ անցած շաբաթ մեզ հետ զրույցում ասաց, թե եթե Զ.Փոստանջյանի կարծիքը «Ժառանգություն» խմբակցության տեսակետն է, ապա «այդ դեպքում դժվար կլինի միասին ճանապարհ գնալ»: «Մենք այս հարցը պետք է հստակեցնենք»,- ասել էր Ա.Շահբազյանը: Արդյո՞ք այս միջադեպերից հետո «Ժառանգությունը» քննարկել է ՀՅԴ-ի հետ իր հետագա համագործակցության հարցը: Վերջինս «Ժառանգության» հետ միասին պայքարում էր հայ-թուրքական արձանագրությունների դեմ: «ՀՅԴ-ն եւ «ժառանգությունը» քաղաքական հասուն ուժեր են, ես հույս ունեմ, որ հասուն են եւ այդ հարցին պետք է լուծում գտած լինեին: Բայց, ցավոք սրտի, ՀՀ խորհրդարանն իր ղեկավարությամբ նաեւ պատվիրակության անդամներով գնացին մեղսակցային գործարքի, եւ հաղորդակցության ուղիները բաց չպահվեցին: Համագործակցությունը կարելի է, եւ միշտ հավատացել եմ, որ սա միայն ՀՅԴ-«Ժառանգություն» կամ «Ժառանգություն»-ՀԱԿ խնդիր չէ: Ավելի լայն համագործակցություն պետք է լինի: Եվ հույս ունեմ, որ մենք կգտնենք այդ մայրուղին: Բայց այն, ինչ տեղի ունեցավ Ստրասբուրգում, ծայրահեղ մեղսակից եւ մարտնչող վախկոտություն էր: Ինչ վերաբերում է արձանագրություններին, ես չգիտեմ, թե ՀՅԴ-ի տեսակետն ինչպիսի հոլովույթ, էվոլյուցիա կունենա, «Ժառանգությունը» դեմ է եւ ոչ թե կողմ` վերապահումներով, այլ դեմ է եւ մենք կմնանք դեմ: Իմ կարծիքով՝ այս արձանագրություններն անընդունելի են, պետք է ոչ ասենք եւ ոչ թե միջին` վերապահումներով «այո»-ի ճանապարհը բանակցենք: Ոչ միայն մեր անցյալի, այլ մեր ապագայի, մեր ինքնության եւ ազգային անվտանգության խնդիրն է դրված զոհասեղանին»,- մեկնաբանեց «Ժառանգության» հիմնադիրը: Իսկ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի եւ ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումներում էլ Ր.Հովհաննիսյանը ճնշումներ է տեսնում: Նա նաեւ կարծում է, որ այդ ճնշումները կշարունակվեն: «18 տարի առաջ լինելով առաջին կառավարությունում, հետո ընդդիմության մոտ` ես կողմնակից եմ եղել առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Բայց Թուրքիայի պաշտոնական գիծը բերել է նրան, որ նախապայմանային կիրարկի հարաբերություններ: Պետք է հավասարակշռությունը վերականգնենք: Եթե Թուրքիան ՀՀ-ի հետ խոսի նախապայմանային եզրաբանությամբ, Հայաստանն էլ, թեկուզ ուշացած, պետք է իր պայմանները դնի, որովհետեւ այս անհավասարությունը քաղաքականության, դիվանագիտության եւ կյանքի մեջ ապակառուցողական է»,- ասաց Ր.Հովհաննիսյանը: Եվ վերջում նա անդրադարձավ իր կուսակցության ներսում կատարված իրադարձություններին, «Ժառանգությունից» ղեկավար մի քանի անդամներին հեռացնելու խնդրին: Ի վերջո, ո՞վ էր մեղավոր «Ժառանգության» հետ կատարված այս իրադարձությունների համար: «Միայն իմ մեղքի բաժինն է: Ավելի հեշտ է այդպես ստացվում: Ես եմ, որ ուրիշների անունից ներողություն եմ խնդրում: Մեղավորությունը թե՛ իմ, թե՛ ուրիշների, իմ վրա եմ վերցնում»,- ասաց Ր.Հովհաննիսյանը: