«Խառնվածքը` հյուսիսային, կայուն, չունի իրեն արատավորող կապեր, ծառայակից ընկերների հետ հավասար հարաբերությունների մեջ է, նվիրված է ռեյխին (այսինքն` պետությանը.- Լ.Ա.), ընտանիքի լավ հայր է»: Այս բնութագրերը Ֆաշիստական Գերմանիայի գաղտնի գործակալների, պետական ծառայության անցած բոլոր աշխատակիցների գաղտնի դոսյեներում էին: Ոմանց դեպքում հատո՛ւկ նշվում էր` «Նվիրված է ռեյխին եւ անձամբ Հիտլերին, ռեյխի թշնամիների հանդեպ անզիջում է»: Այսինքն` պետության առանցքային պաշտոնների նշանակելիս, տվյալ դեպքում` Ֆաշիստական Գերմանիայում, կարեւորում էին հատկապես վերոնշյալ հատկանիշները: Անկամ, բարոյազուրկ, պետության գանձարանի հանդեպ թուլություն ունեցող որեւէ մեկին պետական եւ ոչ մի պաշտոն չէր վստահվի` հարգելով սեփական պետությունն ու նրա քաղաքացիներին:
Պետական մեր պաշտոնյաներին բնութագրելու համար գաղտնի ծառայությունների դոսյեներից օգտվելու անհրաժեշտություն չկա: Նախ` դժվար թե ազգային անվտանգության մարմիններին հետաքրքրի` իր ընտանիքին նվիրվա՞ծ է ոլորտը ղեկավարող պաշտոնյան, թե՞ ոչ, քանի որ Հայաստանում հավատարմությունը տղամարդուն զարդարող պարտադիր հատկանիշ չի համարվում: Ծառայակիցների հետ հավասա՞ր է, թե՞ ոչ: Սա արդեն չափազանցություն է: Պաշտոնյաների կամ հրապարակային մարդկանց արատավորող կապերով մեր ազգային անվտանգության աշխատակիցները սիրում են զբաղվել, սակայն բացառապես անձնական հետաքրքրասիրությունից ելնելով, աշխատանքից ազատ ժամերին եւ բացառապես ` տեսախցիկներով:
Սրանք սոսկ սիրողական տեսագրություններ են, քանի որ որեւէ պաշտոնյայի արատավոր կապեր ունենալու մեղադրանք մինչ օրս պաշտոնապես չի առաջադրվել: Մութ անցյալը, կոռուպցիայի մեղադրանքից ազատվելու համար երկրից փախչելը մեր երկրի պարագայում ընդամենը ռոմանտիկա է, որը խոստանում է ավարտվել նախարարական պորտֆելով:
Հայաստանն այնքան փոքր երկիր է, որ գաղտնի ծառայությունների տեղեկատվությունը այս կամ այն պաշտոնյայի մարդկային թուլությունների, արատավոր վարքի մասին ամենեւին էլ գաղտնի չէ: Բոլորը բոլորի մասին գիտեն ամեն ինչ: Վատն այն է, որ բոլորի մասին բոլորի տեղեկությունն էլ հավաստի է: Այսինքն` այնպես չէ, որ ազնվագույն մեկին նշանակում են պաշտոնի, եւ հետո նոր պարզվում է, որ վերջինս սրիկա է եւ գանձագող: Պետական ծառայողների ազնվությունը, պրոֆեսիոնալիզմը, մասնագիտական բարեխղճությունը բնավ նրա լավագույն հատկանիշների առաջին եռյակում չեն: Որքանո՞վ է տեղյակ պետական ներքին ինտրիգներին, որքանով է մասնակից դրանց, որքանո՞վ է հակակշռում կամ չեզոքացնում մեկ այլ պաշտոնյայի հավակնություններին, այդքանով էլ պետական ապարատում պահանջված է: Տրամաբանությունը պարզ է` որքան արատավոր է պետական պաշտոնյան, այնքան կառավարելի է:
Վերահսկիչ պալատը պարբերաբար պետական ունեցվածքի վատնման դեպքեր է հայտնաբերում, դրանք ներկայացնում հանրությանը` չմոռանալով նշել, որ ՎՊ ֆունկցիան այդքանով սահմանափակվում է: Սակայն արդյունքը գրեթե զրոյական է. պետական չինովնիկները մտմտում են պետական գանձարան մտնելու նոր հնարքներ ու մեթոդներ:
Կոնկրետ անուններ նշել պետական եւ ոչ մի բարձրաստիճան ղեկավար չի համարձակվում: Կաշառակերների եւ գանձագողերի անունները բարձրաձայն չի արտաբերում անգամ երկրի նախագահը: Տաբու է: Հետեւաբար` պետական բոլոր պաշտոնյաներն ազատ են անել այն, ինչ ցանկանում են: Սակայն այդ պաշտոնյաներն անձեռնմխելի են, քանի որ նրանք մյուս բոլոր պետական բարձրաստիճան ծառայողների մասին գիտեն այն, ինչ իրենց մասին գիտեն վերջիններս: Այս առումով` վերնախավում լիակատար հարմոնիա է: Պետական ամենաբարձր պաշտոններում երկար ժամանակով մնալու հիմնական գրավականը լռությունն է: Հետեւաբար` պետական միջոցները փոշիացնող պաշտոնյաների արարքը չի որակվում որպես պետական դավաճանություն, նրանց չեն սպասում դատարաններում` Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Հարց է առաջանում` այդ դեպքում ինչպե՞ս վարվել կոռումպացված կամ պետական գանձարանը վատնելու թուլություն ունեցող պաշտոնյաների հանդեպ: Պատասխանը տրվեց երկրի նախագահի մակարդակով:
ՀՀ Վերահսկիչ պալատի խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ երկրի նախագահը չասաց, որ պետական միջոցները վատնող պաշտոնյաները պետք է անմիջապես ազատվեն աշխատանքից եւ ուղեւորվեն հասարակությունից հեռու վայրեր: Չասաց, որ առանցքային պաշտոններ զբաղեցնող մարդիկ պետք է գրագետ եւ կիրթ լինեն, ոչ թե գռեհիկ ու ռաբիս: Երկրի ղեկավարը նշեց, թե նման պաշտոնյաները պետք է լինեն հանրության կողմից ամենամերժված եւ զզվանքի արժանի մարդիկ: Այսինքն` իրավապահներին դիմելու փոխարեն` դիմեց հասարակությանը` հորդորելով, անգամ` պահանջելով, որ հասարակությունը մերժի եւ զզվի պետական միջոցները փոշիացնող պաշտոնյայից:
Ստացվում է, որ պետական ծառայության անցած մարդկանց մասնագիտական չոր գիտելիքներն ամենեւին գրագետ, ազնիվ աշխատանքի համար անհրաժեշտ պայման չեն: Հետեւաբար, պետության շահերից ելնելով` լավ կլիներ` պետական բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները, մասնագիտական պատրաստվածության քննությանը զուգահեռ, հանձնեին նաեւ քննություն աստվածաբանությունից, փիլիսոփայությունից` փոխելու կյանքի հանդեպ ունեցած իրենց սահմանափակ պատկերացումները, ընթերցեին գրքերի պարտադիր ցուցակ` համաշխարհային գրականությունից: Մարկեսի «Նահապետի աշունը» հատկապես օգտակար կլինի կաշառք վերցնելիս, պետական միջոցները փոշիացնելիս, դավեր հյուսելիս. չինովնիկները կհիշեն, որ մի օր իրենց էլ կարող են խաշել եւ սամիթը բերանին` մատուցել սեղանին: Շեքսպիրի «Համլետը» կհիշեցնի` մարմինը, որի ամեն տեսակի կարիքները հոգալու համար բարձրաստիճան չինովնիկներն ու օլիգարխները պատրաստ են ամեն ինչի, միեւնույն է, որդերի նախաճաշ է դառնալու: Օրուելի «Անասնաֆերման» եւս օգտակար գրականության ցանկ կարելի է ընդգրկել: Կարճ ասած` ընտրությունը շատ մեծ է:
Հակառակ դեպքում` հետեւելով, թե ինչն են կյանքում առաջնահերթ համարում, ինչի վրա են ծիծաղում մեր բարձրաստիճան պաշտոնյաները, այսինքն` ինչն է նրանց հատկապես զվարճալի թվում, ինչպես են տնօրինում իրենց ազատ ժամանակը եւ վերահսկողությունից ազատ միջոցները, ակնհայտ է դառնում` որքան անհեռանկար, հիմնականում` անբովանդակ կադրերի ձեռքում են երկրի առանցքային ոլորտները: