Բանջարեղենն ու միրգը թանկացել են մինչեւ 26 տոկոսով

05/02/2010

Հունվարին դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 3.6% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել մսամթերքի, ձկնամթերքի, մրգի, բանջարեղենի 3.2-26.0% գնաճը: Ամփոփելով անցած ամսվա ցուցանիշները, Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է, որ դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 9-ում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 0.1-26.0% գնաճ, 2-ում` 0.3% գնանկում, իսկ մյուս 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում 2009թ. հունվարին 2008թ. հունվարի համեմատ արձանագրվել է 2.7%, իսկ 2009թ. դեկտեմբերի համեմատ` 26.0% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է լոլիկի` 1.9 անգամ, կանաչ պղպեղի` 1.8 անգամ, վարունգի` 37.1%, կանաչ սոխի` 45.6%, խառը կանաչեղենի` 50.7% գնաճով: Հանրապետության դիտարկված քաղաքներում արձանագրվել է բանջարեղեն եւ կարտոֆիլ ապրանքախմբի 14.0-40.6% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում բանջարեղեն եւ կարտոֆիլ ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 25.1%-ով: Մրգի ապրանքախմբում 2010թ. հունվարին 2009թ. հունվարի համեմատ արձանագրվել է 7.4%, իսկ 2009թ. դեկտեմբերի համեմատ` 7.0% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է խնձորի` 21.0%, ադամաթզի` 21.6%, տանձի` 22.5%, նռան` 32.7%, արքայանարնջի` 43.2% գնաճով: