Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը «Euronews»-ին տված հարցազրույցում մեղադրել է որոշ ԵՄ երկրների անազնիվ գործելու մեջ: Հարցին, թե ինչո՞ւ են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները դանդաղ ընթանում, Էրդողանը պատասխանել է. «Ցավոք, ԵՄ անդամ որոշ երկրներ անազնիվ են գործում: Ահա թե որտեղ է առաջանում խնդիրը: Ինչո՞ւ եմ ես սա ասում: Որովհետեւ նրանք փորձում են Թուրքիային պատին դեմ տալ այնպիսի պայմաններով, որոնք գոյություն չունեն ընկերակցության նորմատիվային ակտերում: Իսկ դա ճիշտ չէ: Պետք է նկատի ունենալ, որ մենք` ղեկավարներս, մահկանացուներ ենք, բայց ազգերը` ոչ: Որեւէ առաջնորդի բացասական վերաբերմունքը ուրիշ երկրի հանդեպ կարող է բերել այդ երկրի ժողովրդի կողմից տվյալ ղեկավարի ընկալման փոփոխությանը դեպի վատը»,- ասել է Էրդողանը: Հարցին էլ, թե` նկատի ունե՞ք Սարկոզիին, Էրդողանը պատասխանել է. «Այո՛, պարոն Սարկոզին երբեմն անում է բաներ, որոնք դժվար է հասկանալ: Բայց անկախ նրանից, թե ինչ են նրանք անում եւ ինչ կարգի խոչընդոտներ են դնում մեր առջեւ, մենք համբերատար կշարունակենք գնալ այդ ճանապարհով: Իհարկե, սրան կարող է վերջ դրվել, եթե ԵՄ անդամ բոլոր երկրներն ասեն, որ չեն ընդունում Թուրքիային: Բայց քանի դեռ նրանք դա չեն ասում, մենք կանգ չենք առնի»: Այնուհետեւ Էրդողանն անազնվության մեջ է մեղադրել ԵՄ-ին Կիպրոսի խնդրի հետ կապված. «Մինչեւ հիմա ԵՄ-ն ազնիվ չի եղել Կիպրոսի հարցում: ԵՄ-ն մեծ պատասխանատվություն է կրում կիպրոսյան ներկայիս փակուղային իրավիճակի համար»:
Անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերություններին, Էրդողանն ասել է. «Թուրքիայի պես ընկերոջը կորցնելու մասին Իսրայելը հետագայում դեռ պետք է մտածի: Այնպես, ինչպես նրանք վերաբերվեցին մեր դեսպանի հետ, չի տեղավորվում միջազգային քաղաքականության եւ ոչ մի շրջանակի մեջ: Մենք արեցինք այն ամենը, ինչ կարող էինք` իսրայելա-սիրիական հարաբերությունները կարգավորելու համար: Իսկ այժմ պարոն Նեթանյահուն ասում է. «Ես հավատում եմ ոչ թե Էրդողանին, այլ Սարկոզիին»գ Ես կարծում եմ՝ արժե, որ Իսրայելն ուշադիր նայի հարեւանների հետ իր հարաբերություններին, եթե իհարկե համարում է իրեն համաշխարհային տերություն: Ես ասում եմ նրանց ճշմարտությունըգ Եվ ես ասելու եմ ճշմարտությունըգ Թուրքիան հանդիսանում է դարերի պատմություն ունեցող պետություն: Եվ պետք է զգույշ լինել, երբ խոսքը գնում է նման երկրի մասինգ Երբ անողոքաբար սպանում են անմեղ քաղաքացիների, երբ օգտագործում են ֆոսֆորային ռումբեր, ավերում են ենթակառուցվածքները, եւ մարդիկ ստիպված են ապրել բանտում` բաց երկնքի տակ, մենք ոչ մի կերպ չենք կարող կապել դա Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հետ, մենք չենք կարող դրա վրա աչք փակել»: