Կոմերցիոն սիրավեպ՝ դրամատիկ ավարտով

05/02/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

38-ամյա Անահիտ Եգանյանը միայնակ ու անպաշտպան կին է, ով խարդախության զոհ է դարձել եւ տեւական ժամանակ է` իր իրավունքները վերականգնելու խնդրանքով դիմում է ինչպես պետական կառույցներին, այնպես էլ` լրատվամիջոցներին:

Հարազատներ չունի, ծնողներից ժառանգություն էր ստացել Դեմիրճյան 29/9 հասցեում գտնվող բնակարանը, որից, սակայն, ներկայումս զրկվել է եւ ապրում է Աբովյան քաղաքում գտնվող վարձակալած բնակարանում: Համալսարանի իրավաբանական բաժինն ավարտած այս կինն այժմ ապրում է 10.000 դրամ նպաստով եւ 10.000 էլ հաշմանդամության թոշակով: Մասնագիտությամբ լինելով իրավաբան, այնուամենայնիվ, չի կարողանում պաշտպանել իր իրավունքները: «Մի քանի տարի առաջ ծանոթացա Արման Համբարձումյանի հետ: Տարիներ շարունակ ընկերություն էինք անում, ու վստահ էի, որ զգացմունքները մաքուր են: Պիտի ամուսնանայինք: Ախր հարազատ էլ չունեմ, որ կողքից ինձ մի բան հուշեին, գլխի ընկնեի, որ իրականում ոչ թե ինձ է սիրում, այլ` ուզում է տիրանալ իմ միակ ունեցած բնակարանին»,- պատմում է Անահիտը, ով Արմանի հանդեպ վստահության հարցում ոչ մի կասկած չի ունեցել: Արման Համբարձումյանն աշխատում է ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում (6-րդ վարչություն)՝ որպես օպեր-լիազոր: Անահիտի հետ ընկերություն անելու ժամանակ նա ամուսնության մտադրություն է ունեցել, եւ ըստ Անահիտի` ամեն ինչ արել է նրա վստահությունը «կորզելու» համար: Ա. Համբարձումյանը չարաշահելով աշխատանքային դիրքը եւ իրավապահ համակարգում ունեցած լծակները՝ միայնակ կնոջն այսօր փողոց է «գցել»: Հանդիպումների ժամանակ Արմանն Անահիտին պատմել է կենցաղային խնդիրների մասին, մասնավորապես` մեծ չափերի հասնող պարտքերի, որոնք մարել ի զորու չէ: «Մի օր ընկերներից մեկի հետ ծանոթացրեց, որը ներկայացավ Վանոյի Արտակ, ասաց, որ Վանո Սիրադեղյանի օրոք այդ համակարգում է աշխատել ու թիկունք ունի: Աջ ու ձախ ասում էր` ես Վանոյի Արտակն եմ, իմ դեմ խաղ չկա»,- պատմում է Անահիտն` ասելով, որ Արմանն իրեն է ներկայացրել իր եւս մի քանի ընկերների, ովքեր, հետագայում պարզվել է, նրա հետ միասին կազմակերպել են իր բնակարանը խլելու գործընթացը: Մտածելով, որ գործ ունի իրավապահ համակարգը ներկայացնող մարդկանց հետ, Անահիտը վստահել է Արմանին ու նրա ընկերներին եւ ընդունել է նրանց առաջարկությունը` կապված Արմանին օգնելու, պարտքերը մարելու հետ: Անահիտը պատմում է` «Արտակ Գալստյանը իրենց մյուս ընկերոջը` Արամ Վարտիկյանին տալիս է 40.000 դոլար` 5%-ով, որն Արամը բանկում պետք է մուծեր որպես կանխավճար եւ ձեւակերպեր հիպոթեքային վարկ, իսկ բնակարանը ձեւակերպեր իրենց մյուս ընկերոջ` Արտաշես Գեղամյանի անունով: Դա արվում էր Արմանի պարտքերը մարելու նպատակով: Արմանի անունով չէին կարող անել, որովհետեւ իր անունով ժամանակին վարկ էր վերցրել եւ չէր կարողացել մուծել: Հետո բնակարանը ձեւակերպեցին Արտակի անունով` պայմանով, որ վարկը ստանալուց, տոկոսով տված գումարը վերադարձնելուց հետո բնակարանս կվերադարձնի ինձ: Ինձ այդ գումարից 1000 դոլար տվեցին, որ դռները փոխեմ»: Մինչդեռ խոստացված ժամկետն անցել է, իսկ վարկը չի ձեւակերպվել, եւ գումարն էլ չեն վերադարձրել: Անահիտը պատմում է, որ Արմանն այդ ընթացքում սկսել է հաճախակի գնալ գիշերային ակումբներ եւ զվարճանալ: Երեք ամիս սպասելուց հետո Անահիտը դիմել է ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն, որտեղից, սակայն, նյութերն ուղարկել են Քննչական գլխավոր վարչություն: Անահիտի ձեռնարկած քայլերից վրդովված՝ Արտակ Գալստյանը եւ Արման Համբարձումյանը սկսել են սպառնալիքներ տեղալ` մատնանշելով իրենց դիրքը եւ իրավապահ համակարգում ունեցած անձնական կապերը: Այնուհետեւ Արմանն Անահիտին հայտնել է, որ 6000 դոլար գումար տվել են Քննչական վարչության աշխատակիցներին՝ բողոքի հիման վրա նախապատրաստված նյութերը վերացնելու եւ գործը փակելու համար: «Ասում էին` քեզ նենց կվերացնենք, որ ոչ ոք չի իմանա տեղդ: Արմանն ասում էր` անտեր մարդ ես, կգցենք մեքենայի տակ, կվերացնենք: Մենք մեջք ունենք, ոչինչ չես կարող ապացուցել»,- պատմում է Անահիտը` ավելացնելով, որ սպառնալիքի ու շանտաժի արդյունքում ստիպված բողոքը հետ է վերցրել: Ինչեւէ, 2009թ. մայիսի 14-ին Անահիտի բնակարանը վաճառվել է ընդամենը 60.000 դոլարով, այն դեպքում, երբ անշարժ գույքի գնահատմամբ զբաղվող գործակալներն այն գնահատել են 120.000 դոլար: Նույն օրը ներխուժել են Անահիտի բնակարան եւ բռնի ուժով ստիպել են լքել բնակարանը: «Ինձ երկու ժամ ժամանակ տվեցին: Նույնիսկ շանն էդպես փողոց չեն շպրտում: Խնդրեցի, որ ժամանակ տան գոնե, բայցգ Ստիպված ննջարանի, հյուրասենյակի կահույքը 10.000 դրամով վաճառեցի ու անտեր շան պես ընկա փողոց»,- պատմում է նա` ասելով, որ այս ընթացքում չի դադարել դիմում-բողոքներ գրել տարբեր ատյաններ: Ի դեպ, Անահիտ Եգանյանը մեզ է ներկայացրել Արամ Վարտիկյանի կողմից 2009 թ. փետրվարի 8-ին գրված մի ձեռագիր պարտավորագիր, որտեղ ամրագրված է հետեւյալ պարտավորությունը. «Ես՝ Արամ Վարտիկյանս, բնակվում եմ Ավան, Սայաթ-Նովա փ. 1/3, 52բն-ում, պարտավորվում եմ Անահիտ Եգանյանի Դեմիրճյան 29/9 բնակարանը ձեւակերպել հիպոթեքային վարկ Արտաշես Գեղամյանի անունով, քանի որ նա վստահում է իրեն: Պարտավորվում եմ վարկը ստանալ 18.000.000 (տասնութ միլիոն) դրամ եւ ոչ մի լումա ավելի: Գործարքը կատարվում է ամենաուշը 2009թ. փետրվարի 20-ին: Ամբողջ գումարը 18.000.000 առձեռն հենց բանկում տալ Անահիտին: Եթե բանկային գործարքը չկատարվի` պարտավորվում եմ ամենաուշը այս թվականի փետրվարի 21-ին մինչեւ ժամը 11։00-ն նոտար պայմանագիր առուվաճառքը չեղյալ համարել եւ բնակարանը կադաստրով վերադարձնել Անահիտին»: Մեկ այլ պարտավորագրով էլ Ա. Վարտիկյանը պարտավորություն է ստանձնել Ա. Եգանյանի բնակարանը գրավ դնելուց հետո բնակարանը անվանափոխել Ա. Եգանյանի անունով եւ վերադարձնել իրեն: Մինչդեռ, ինչպես նշեցինք, Անահիտը զրկվել է թե՛ բնակարանից, թե՛ գումարից: Վերջինս նաեւ ունի ձայնագրություններ, որոնք վկայում են այս ամբողջ գործարքի շուրջ խոսակցությունների մասին եւ լուրջ հիմք կարող են դառնալ խարդախության հանցանշաններով քրեական գործ հարուցելու համար: Ա. Եգանյանը դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին, ՀՀ ոստիկանապետին, Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաեւ՝ ՀՀ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության պետ Գ. Համբարձումյանին: Սակայն, դատելով վերոնշյալ կառույցների լռությունից, կարելի է ենթադրել, որ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակից Արման Համբարձումյանի թիկունքն իսկապես ամուր է: Ցավոք, մենք չկարողացանք կապվել Արման Համբարձումյանի հետ, քանի որ նրա աշխատանքային հեռախոսահամարը երեկ չէր պատասխանում, իսկ Անահիտի տված բջջայինի նրա համարն արդեն գոյություն չունի: Մենք հեռախոսազրույց ունեցանք ՀՀ Ոստիկանության Քննչական վարչության պետ Գ. Համբարձումյանի հետ, ով Ա. Եգանյանի գործը չմտաբերեց` ասելով, որ նմանատիպ հարցերով քաղաքացիները շատ են դիմում. «Շատերն են քրեաիրավական ճանապարհով փորձում նման հարցերին ընթացք տալ: Շատ դեպքերում իրենց կամքով գործարք են կատարում, առ ու վաճառքի պայմանագիր են ստորագրում, մասնակցում են այդ գործարքին, այնուհետեւ հայտարարում են, թե` խաբեցին, մեր բնակարանը մեր ձեռքից վերցրեցին: Դա հավանաբար քաղաքացիաիրավական հարց է, որի դեպքում քաղաքացին պետք է քաղաքացիաիրավական հայց ներկայացնի դատարան»:

Հ.Գ. Պատրաստ ենք կատարվածի վերաբերյալ ներկայացնել նաեւ Արման Համբարձումյանի տեսակետը: