«Սահմանը»՝ հայրենիքում

05/02/2010

Կինովավերագրող Հարություն Խաչատրյանը տոնեց իր ծննդյան 55-ամյակը՝ «Մոսկվա» կինոթատրոնում կազմակերպելով իր վերջին աշխատանքի` «Սահման» պոետիկ վավերագրական ֆիլմի շնորհանդեսը։ Այդ ֆիլմը վերջին տարվա ընթացքում բազմաթիվ արտասահմանյան մրցանակների է արժանացել ու ճանաչում բերել հայկական կինոյի այն տեսակին, որի հիմքը դրել է աշխարհահռչակ Արտավազդ Փելեշյանը։ Իր ֆիլմում Հ.Խաչատրյանը ցուցադրել է աշխարհի մի փոքրիկ անկյունում ապրող հայ գյուղացիների կյանքը, որի միապաղաղ ու ամենօրյա դիմակայում պահանջող կյանքի ընթացքում նկատել է գեղեցիկ ու վեհ իմաստ։ Գյուղացիների կյանքի յուրատեսակ շարունակությունը դարձնելով գոմեշներին՝ հեղինակը ցանկացել է ցուցադրել, որ կյանքը միաժամանակ խոնարհ եւ ըմբոստ է (դա մեզ համար), իսկ սահմանային գոտում գտնվող գյուղի պատմության մեջ ներմուծելով բաց սահմանների անհրաժեշտության ակնարկները՝ նա ցանկացել է օգտագործել միջազգային փառատոների պահանջարկը։ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր եւ տնօրեն Հ.Խաչատրյանը այն ռեժիսորներից է, որը կապեր է ստեղծում տարբեր փառատոների հետ, այնուհետ այդ կապերը հաջողությամբ օգտագործում է իր ֆիլմերի ցուցադրումները հաշվարկված ու տրամաբանական կազմակերպելու համար։ Հասկանալի է, որ «Սահմանի» նման ֆիլմերը հիմնականում փառատոնային ցուցադրություն են պահանջում եւ հազվադեպ են մեծ էկրան բարձրանում։ Եվ սեփական ծննդյան օրը զուգակցելով ֆիլմի հայաստանյան պրեմիերայի հետ, հեղինակը ցանկացել է որքան կարելի է շատ մարդու ցուցադրել իր բավականին երկար ու, ինչպես ինքն է ասում, «թրիքի հոտ ունեցող» «Սահմանը»։ Այդ օրը տարբեր կոչումների ու շքանշանների արժանացած Հ.Խաչատրյանը ստացավ եւս մեկ մեդալ. ՀՀ Մշակույթի նախարարությունը նրան շնորհեց «Ոսկե մեդալ»։ Ավանդույթի համաձայն՝ որեւէ ոլորտում ունեցած վաստակը նկատվում է հիմնականում տարեդարձների ֆորմատում։