Բուժիչ նամակներ

05/02/2010 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Գիշերվա թագուհին կամ ննջարանի փշոտ հյուրը

Իհարկե խոսքը կակտուսի մասին է, որը ժողովուրդն անվանում է գիշերային թագուհի, իսկ այդ անվանումը նա ստացել է մյուս սենյակային բույսերից խիստ տարբերվելու համար: Ի տարբերություն մյուս սենյակային բույսերի, որոնք ցերեկն են թթվածին արտադրում, կակտուսը ցերեկը «քնում է», իսկ գիշերը` թարմացնում օդը: Այդ պատճառով շատ օգտակար է կակտուսը գիշերը պահել ննջարանում: Ամերիկայի հնդիկները կակտուսը օգտագործել են դեռ հնում` որպես շինարարական հումք, սնունդ, կեր անասունների համար, դեղ եւ այլն:

Ներկայումս մեքսիկացի գիտնականներն ապացուցել են, որ կակտուսից կարելի է ստանալ վիտամիններ, հորմոններ, գինի, տեխնիկական սպիրտ, օճառ, դեզոդորանտ եւ այլ կենսական անհրաժեշտության նյութեր: Բոլիվիայում ու Պարագվայում ամենասիրելի ազգային ուտեստը խաշած կամ տապակած կակտուսն է, իհարկե, այն պատրաստվում է կակտուսի հատուկ տեսակից: Նույնիսկ կակտուսի առանձին տեսակներից պատրաստում են նոր տարվա քաղցրավենիք, որը շատ համեղ է: Կակտուսը շատ է գործածվում հարավ-ամերիկյան երկրների ժողովրդական բժշկության մեջ, քանի որ դրանց տեսակներից շատերը ուժեղ հակաբիոտիկներ են պարունակում:

Որպես դեղամիջոց՝ օգտագործում են կակտուսի ցողուններն ու ծաղիկները:

Կակտուսը կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ ստենոկարդիայի դեպքում: Կակտուսից պատրաստված հոմեոպատիկ պրեպարատը շատ լավ օգնում է թույլ սրտամկանի, սրտի հատվածում սեղմոց զգալու դեպքում: Բացի այդ, կակտուս փորձում են ընդունել մարսողական խնդիրներ ունեցողներն ու Ցավոտ դաշտանային ցիկլի դեպքում: Այս հոմեոպատիկ պրեպարատի կողմնակի ազդեցությունների մասին մեզ ոչինչ հայտնի չէ:

Շատ անգինայով հիվանդացողներին խորհուրդ է տրվում ծամել կակտուսի տերեւը, եւ նրանք մեկընդմիշտ կմոռանան դրա մասին:

Ասթմայի ժամանակ խորհուրդ է տրվում աղալ կակտուսի տերեւներն ու ստացված 0,5կգ զանգվածին խառնել 0,5 լիտր կագոր եւ նույնքան էլ մեղր: Այս ամենը խառնել ու թողնել 20 օր: Խմել 1ճաշի գդալից` ուտելուց առաջ: Իհարկե, նման դեղատոմսը խորհուրդ չի տրվում օգտագործել ստամոքսի խնդիրներ ունեցողներին: Կակտուսից պատրաստված պրեպարատները խիստ հակացուցված են մարդկանց, ովքեր տառապում են ցիստիտով ու թութքով:

Կակտուսի պտուղները եւս կարելի է օգտագործել, քանի որ դրանք եւս ուտելի են: Վերջինիս համը նման է կիվիին, իհարկե, այն մի վատ կողմ ունի` շատ փշոտ է, իսկ ոչ ոք չգիտի, թե ինչպես կարելի է ազատվել այդ փշերից:

Կարծիք կա, որ կակտուսն իր կյանքում ծաղկում է ընդամենը մեկ անգամ, բայց դա այնքան էլ այդպես չէ` ճիշտ խնամելու դեպքում նա ամեն տարի էլ կծաղկի:

Մասնագետները գտնում են, որ հալվեն` ալոէն եւս պատկանում է կակտուսազգիների թվին, եւ այն համարում են բուժիչ կակտուս:

Հալվեն հաճախ գործածվում է կոսմետոլոգիայում, քանի որ այն պարունակում է շատ եթերային յուղեր, մոտ 20 ամինաթթուներ, վիտամին E, C, B եւ այլ սնուցող ֆերմենտներ ու սնուցող միկրոէլեմենտներ: Կոսմետոլոգիայում ալոէն օգտագործվում է վերքերի ապաքինման, բորբոքված ակնեների բուժման նպատակով: Այն շատ է օգտագործվում մազաթափության ու արագ աճի համար:

Բալզամ 100 հիվանդության դեմ

Այսպիսի անվանում ունի մեր նամակագիրներից մեկի համար` գինու հալվեի ու մեղրի բաղադրությամբ պատրաստված թուրմը: «Այն հին ու արդյունավետ միջոց է բոլորի համար: Օգնում է բարձրացնել դիմադրողականությունն ու ազդում տրամադրության վրա: Այն ակտիվացնում է օրգանիզմում նյութափոխանակության գործընթացը: Դրա համար անհրաժեշտ է վերցնել 1 բաժին հալվեի հյութ, 2 բաժին չոր կարմիր գինի եւ 2 բաժին բնական մեղր: Այս ամենը խառնել այնքան ժամանակ, մինչեւ մեղրն ամբողջությամբ կլուծվի, ապա թողնել 1 շաբաթ, իհարկե, անհրաժեշտ է երբեմն խառնել: Հետո պատրաստի խառնուրդը ընդունել 1 ճաշի գդալից օրվա մեջ 3-4 անգամ` ուտելուց 15-20 րոպե առաջ: Այս խառնուրդը նաեւ շատ օգտակար է մրսածության բորբոքային պրոցեսների դեպքում: Միայն պետք է զգույշ մնան ալերգիկները»: