«Deno Gold Mining» ընկերությունն առաջարկել է հաշտության պայմանագիր ստորագրել` Շահումյան բանավանի 28 սեփականատերերին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ, ովքեր իրենց կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնալու հայցով դիմել էին դատարան: «ԷկոԼուրին» հայցվորների շահերի պաշտպան, «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը հայտնել է, որ առաջարկությունն արվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նիստի ժամանակ` հունվարի 27-ին: Ըստ իրավաբանի` մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգների մասին հայցի պարունակությունն ինքնին պահանջում է, որպեսզի հաշտության պայմանագրում նշված լինեն սեղմ ժամկետներ, որոնց ընթացքում Շահումյան բանավանի 28 սեփականատերերը, ովքեր գտնվում են ամենավտանգավոր գոտում, կարողանան փոխհատուցում ստանալ եւ տեղափոխվել անվտանգ վայր: «Մեր կարծիքով` դա պետք է արվի փետրվարից ոչ ուշ, քանի որ ջերմաստիճանի բարձրացումը, ձնհալը, ինչպես նաեւ անձրեւները կարող են դժբախտ պատահարների հանգեցնել»,- ասել է Ա. Ղազարյանը: