Հերթը հասել է տավարի մսին

30/01/2010 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Օրեր առաջ Երեւանի Գումի շուկայի մսամթերքի առեւտրով զբաղվողները կազմակերպել էին բողոքի ցույց: Դժգոհության պատճառը, ըստ մսավաճառների, մսամթերքի գների հետ կապված վերջին օրերին ստեղծված իրավիճակն է:

«Բողոքեցինք` բա հետո՞: Ոչ մի փրկություն չկա: Եթե խոսքը նրանց գրպանները լցնելու մասին է, էդ դեպքում ինչքան ուզում ես` քաղաքացի մսավաճառ, բողոքի, մեկ ա` իրանք չեն լսելու: Ու հիմա, բացի ոչխարներից, սկսել են նաեւ տավարի միս ուղարկել դուրս»,- բողոքի ցույցի անարդյունավետության մասին խոսում են առեւտրականները, ովքեր այլընտրանք չունենալու պատճառով շարունակում են աշխատել: «Ի՞նչ անենք: Դռները փակենք-գա՞նք ու հետո ընտանիքով սովա՞ծ մնանք»,- ասում է մսավաճառներից մեկը` զայրացած նայելով խոզի ցուցանմուշ-ազդրին, որին «Ղուրանը», այնուամենայնիվ, «փրկություն» է նախատեսել: «Առաջ, որ ամենաթանկը խոզի միսն էր, էսօր դիրքերը զիջել ա ոչխարի մսին: Խոզի մսի 1կգ-ն արժե 2500 դրամ: Տավարի ոսկրոտ միսը 2000 դրամ ա, իսկ փափուկը` 2200 դրամ: Դե ոչխարի մսի մասին խոսք անգամ չի կարող լինել: Եղած ժամանակ էլ գինը հասնում ա 3500-4000 դրամի»,- նշում է մսավաճառ պարոն Բաբկենը, ում հետ ընդհատված զրույցը շարունակում են հարեւան տաղավարների առեւտրականները: Վերջիններս իրենց երկրի իշխանությունների մասին խոսում էին ոչ թե հեգնաբար, այլ անսքող խորթությամբ: Իշխանությունը նրանց համար ընկալվում է «իրանք են» արտահայտությամբ: «Իրանք են որոշում: Իրանց մասին բոլորն էլ լավ գիտեն: Կարող ա մսավաճառը գա բացատրի»,- նկատում է մսավաճառներից մեկը, որը պարապությունից կանգնել էր մայթեզրին ու հանգիստ ծխում էր: «Ես եզդի տղա եմ: Հիմա 10 ոչխար ունեմ: Իսկ առաջ 100 ոչխար էի պահում: Իմ ոչխարների վաճառքով իմ ընկերն ա զբաղվել»,- ասում է Հակոբը, որն արդեն 7 տարի է` աշխատում է Գումի շուկայում: Ըստ նրա` արդեն մի քանի ամիս է, ինչ ոչխարի մսի առաջարկը պակասել է, պահանջարկը` մեծացել: Մսավաճառների շրջանում արդեն բոլորն էլ գիտեն, որ այսօր շուկայում վաճառվող ոչխարի մսի մենաշնորհը գտնվում է եզդիների ձեռքին: Եզդի պարոն Համբարձումը 1 տարվա ընթացքում հասցրել է վաճառել իր ոչխարները: Նրա կարծիքով՝ իրանցիների հետ աշխատելն ավելի շահավետ է, քան` տեղաբնակների: «Ես միայն պարսիկների հետ եմ գործարքներ կնքում: Նրանք ավելի բարձր գին են վճարում, քան հայկական շուկայում: 1 կգ-ն առնում են 4000 դրամով: Այսինքն` ոչխարի միջին գինը մոտ 100.000 դրամ ա գալիս»,- պատմում է առանց ոչխարի մնացած եզդիների համայնքի ներկայացուցիչը` տարակուսելով իր գործած քայլերի առնչությամբ: «Հիմա փոշմանել եմ, որ ծախել եմ ոչխարներս»,- շարունակում է նա` ստեղծված իրավիճակից ելքը համարելով արտերկրյա աշխատանքը: «Էլ ի՞նչ պիտի անեմ` թողնելու եմ գնամ Ռուսաստան»,- հավելում է պարոն Համբարձումը, որին ի պատասխան՝ հարեւան տաղավարներից արձագանքեցին` «Կամ էլ գնալու ենք Պարսկաստանում ոչխար պահենք: Բա ուրիշ ի՞նչ»: Եզդիների հետագա զբաղմունքի հարցը, այնուամենայնիվ, քննարկումների ու կրքերի բորբոքման առիթ դարձավ: «Խոզ չենք պահի, տավար էլ չենք պահի, որովհետեւ հիմա էլ տավարի ջանից են կպել: Երեւի հնդուշկա ու հավ պահենք: Հիմի էդ ա»,- խոսում էին մսամթերքի առեւտրով զբաղվող եզդիները: Նրանց շարքում, այնուհանդերձ, կային նաեւ այնպիսի առեւտրականներ, ովքեր պարսիկներին ոչխար չեն վաճառել, որովհետեւ դա համարում են «հարամ գործ»: «Հայաստանում արդեն 100.000 ոչխար են վաճառել պարսիկներին: Իսկ ընդհանուր առմամբ մինչ էդ 180.000 ոչխար կար: Ստացվում ա, որ էսօր մնացել ա ընդամենը 80.000 ոչխար: Իսկ գիտե՞ք` պարսիկներն ինչի՞ են մեր Հայաստանից ոչխարներ առնում: Պատճառը պարզ ա: Հայաստանում ոչխարի միսը էկոլոգիապես մաքուր ա, համ էլ ունի համային բարձր հատկություններ: Էդ ա պատճառը: Բայց բանից պարզվում ա, որ մեր տավարի միսն էլ ետ չի մնում ոչխարից: Հիմա էլ տավարն են սկսել առնել»,- վաճառասեղաններից այն կողմ իրավիճակը ներկայացնում են մսավաճառները, որոնք շարունակում են զարմանալ սեփական երկրի Կառավարության գործելաոճից: «Հնդկաստանից սատկած փղի ու ձիու միս են բերում, տակն էլ գրում` գոմեշի միս: Ծիծաղելի ա: Գոնե մսավաճառներին չեն կարա խաբեն: Մենք բոլորին էլ ասում ենք` էդ գոմեշի մսերը չառնեք»,- արդեն զայրացած պնդում են մսամթերքի առեւտրով զբաղվողները: Նրանց համար անհասկանալի է ոչ թե պարսիկներին ու արաբներին ոչխարներ վաճառելը, այլ այն ապագայի հեռանկարը, որը, դժբախտաբար, իրենք այդպես էլ չեն տեսնում: «Մի բան պարզ ա` շուտով ոչխարն ու տավարը մենակ տելեվիզորով ենք տեսնելու»,- եզրափակեցին մսավաճառները, որոնց տաղավարներից քիչ հեռու հավաքված սերբ կանայք փորձում էին անցորդներին համոզել` ապագան գուշակել: «Դայ մնե դենեգ` յա պոգադայու»,- այս առաջարկների կողքով մարդիկ անցնում էին խիստ անտարբերությամբ: