10 միլիոն +1։Սա, ավելի շուտ, լավ է, քան վատ

30/01/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

– Երկուշաբթի Սոչիում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հերթական հանդիպումը` Ղարաբաղյան խնդրի շուրջ: Նախագահներն, ինչպես եւ նախորդ հանդիպումներից հետո, պայմանավորվել են բանակցությունները շարունակել: Հաշվի առնելով բանակցային գործընթացի 16-ամյա պատմությունը եւ այն, որ մինչ օրս որեւէ լուրջ տեղաշարժ չի նկատվում, կարելի՞ է եզրակացնել, որ այս տարիներին կողմերը, հակառակ համանախագահների պնդումների, չեն մոտեցել խնդրի լուծմանը:

– Չեմ կարծում, որ Ադրբեջանի, Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի մոտեցումներն այս տարիներին փոխվել են: Այն զիջումները, որոնց կարող են գնալ հայերը, 16 տարի շարունակ չի բավարարում ադրբեջանցիներին եւ հակառակը: ԼՂ կոնֆլիկտի շուրջ տարածաշրջանային կոնտեքստը, արտաքին ուժերի դիրքորոշումը եւս հույս չեն տալիս, թե արտաքին գործոնը կարող է բերել փոփոխություններ:

– Այդ դեպքում, ո՞րն է հանդիպումների տրամաբանությունը:

– Կարծում եմ` ամենակարեւոր տրամաբանությունն այն է, որ ավելի լավ է վարել բանակցություններ, քան պատերազմել:

– Թեեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը կողմերը կարծես բարձր են գնահատում, սակայն Դուք էլ նշեցիք, որ արտաքին ուժերի դիրքորոշումը չի կարող բերել զգալի փոփոխությունների: Չե՞ք կարծում, որ կգա ժամանակ, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը կդադարի համարվել արդյունավետ: Հատկապես որ, հաճախակիանում են եռակողմ հանդիպումները` Ռուսաստանի նախաձեռնությամբ:

– Չեմ կարծում, որովհետեւ Մինսկի խումբը` իր գլխավոր առաքելությունից բացի (փորձել ինչ-որ ձեւով լուծել կամ աջակցել խնդրի լուծման գործընթացին), ավելի կարեւոր աշխարհագրական դեր է խաղում: Մինսկի խումբը ԱՄՆ-ի, Եվրամիության` ի դեմ Ֆրանսիայի, Ռուսաստանի, համատեղ փորձ է` մի կողմից հսկողության տակ պահել ԼՂ շուրջ գործընթացները եւ առաջին հերթին թույլ չտալ, որ այդ գործընթացները ռազմական ուղի մտնեն: Մինսկի խումբը նաեւ այս արտաքին ուժերի գործիքն է Հարավային Կովկասում` իր քաղաքական նպատակներն իրագործելու համար:

– Նշեցիք, որ Մինսկի խումբը զսպող դեր է խաղում` խնդիրը ռազմական ճանապարհով չլուծելու համար, սակայն Ադրբեջանի նախագահը խնդրի ռազմական լուծման մասին խոսում է բոլոր հնարավոր առիթներով:

– Բնական է. Ադրբեջանի նախագահն ասում է այն, ինչ պիտի ասի: Ադրբեջանը պարտվել է պատերազմում: Ադրբեջանը տեսնում է, որ իրականում ո՛չ բանակցային գործընթացում, ո՛չ նույնիսկ համանախագահների եւ միջազգային հանրության տեսակետներում ամենակարեւոր խնդիրը` ԼՂ-ի ապագան ոչ ոք չի տեսնում Ադրբեջանի կազմում: Գուցե բանակցային գործընթացում կարող են լինել դրույթներ այս կամ այն տարածքների վերադարձի կամ չվերադարձի մասին, սակայն բուն ԼՂ-ն այն մասով, որը գիտենք` նախկին ԽՍՀՄ ինքնավարության շրջանակում, ոչ ոք` ո՛չ Արեւմուտքում, եւ ո՛չ, առավել եւս, Հայաստանում, չի պատկերացնում Ադրբեջանի կազմում: Ադրբեջանում հասկանում են, որ նման պայմաններում չկա այլ տարբերակ` ստանալու Ղարաբաղը: Մյուս կողմից նաեւ հասկանում են, որ եւ՛ տարածաշրջանում, եւ՛ կոնկրետ ԼՂ-ի շուրջ ստեղծված ռազմական բալանսը թույլ չի տալիս Ադրբեջանին արագ հաղթանակ ունենալ կամ արագ ռազմական գործողություններում հաջողություն ստանալ: Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունները շարունակվելու են, սակայն դժվար թե որեւէ մեկը ներկա քաղաքական իրավիճակում կսպասի, որ Ադրբեջանը կվերսկսի ռազմական գործողությունները:

– Սոչիի հանդիպումից հետո քաղաքական գրեթե բոլոր ուժերն իրարամերժ գնահատականներ տվեցին: Մասնավորապես` ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը նկատեց, որ այժմ Հայաստանի վրա լուրջ ճնշումներ կան Ղարաբաղյան խնդրի կարգավորման փաստաթղթերը ստորագրելու ուղղությամբ, եւ այս պարագայում Հայաստանը զրկվել է նաեւ Ռուսաստանի աջակցությունից, հետեւաբար` «Հայաստանի իշխանությունները փորձում են ակտիվացնել Իրանին` խնդրի հանգուցալուծումը ձգձգելու նպատակով»: Եվ այս կոնտեքստում էլ դիտարկվել է ՀՀ երկրորդ նախագահի այցն Իրան:

– Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշման փոփոխությանն ու Իրանի գործոնին, չեմ կարծում, թե Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ ինչ-որ ձեւով փոխվել է: Դա ակնհայտ է Ռուսաստանի քաղաքական ղեկավարների հայտարարություններից: Ավելի՛ն, եթե ուշադիր նայենք ադրբեջանական մամուլին, լրիվ հակառակ պատկերը կստանանք հատկապես Սոչիի հանդիպումից հետո: Ինչ վերաբերում է Ռ. Քոչարյանի այցին` Իրան, պետական խողովակներից տեղյակ եմ, որ Քոչարյանի այցը ծրագրային էր, եւ նա արդեն 2-րդ թե 3-րդ անգամ է, իր պաշտոնը լքելուց հետո, այցելում Իրան: Մյուս կողմից` պետք է հասկանանք, որ Քոչարյանը, որքան էլ այժմ հեռու լինի ակտիվ քաղաքականությունից, ազդեցիկ մարդ է եւ Իրանի նախագահի հետ հանդիպման ժամանակ դժվար թե մշակույթի կամ սպորտի մասին զրուցեր: Զրուցել են աշխարհաքաղաքական իրադարձություններից: Չեմ կարծում, թե դրանից կարելի է հետեւություն անել, թե Իրանի քաղաքականությունը մեր երկրի հանդեպ փոխվել է, կամ Հայաստանը, չունենալով սպասելիքներ արտաքին այլ ուժերից, ստիպված է հույսը դնել Իրանի վրա: Իրանը Հայաստանի համար կարեւոր ռազմավարական գործընկեր է, բայց ո՛չ Ղարաբաղի գործընթացում, ո՛չ էլ Հայաստանի հետ կապված հարցերում չի խաղում առաջնահերթ դիրք: Էներգետիկ կամ կոմունիկացիոն հարցերում Հայաստանի համար Իրանի նշանակությունը կարեւոր է, բայց ոչ ավելի:

– Այսինքն` այս կոնտեքստո՞ւմ չպետք է դիտարկել Իրանի եւ ՌԴ արտգործնախարարների այցը Հայաստան:

– Դրանք ծրագրային այցեր էին: Այլ բան է, որ մեր արտաքին գերատեսչությունը եւ պետական մյուս պատկան մարմինները համարժեք չեն մեկնաբանել այդ այցերը: Հասարակության տպավորությամբ` այդ այցերն արագ գործընթացների հետ էին կապված: Որքանով տեղյակ եմ, նշված այցերը, ինչպես նաեւ Վրաստանի վարչապետի այցը, պլանավորված էին:

– ԼՂ-ի խնդրի հանգուցալուծում առաջիկայում չի երեւում: Հայ-թուրքական հարաբերություններն էլ, կարծես, փակուղի են մտնում, քանի որ Հայաստանի ապաշրջափակումը Թուրքիան կապում է նախեւառաջ ԼՂ-ի խնդրի կարգավորման հետ: Ստացվում է, որ Հայաստան-Թուրքիա բարեկամությունն էլ երկար ժամանակով կարելի է գզրոց ուղարկել:

– Այն, որ Թուրքիան փորձում է հայ-թուրքական հարաբերությունները կապել Ղարաբաղի խնդրի հետ, իր ցանկությունն է: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված Արձանագրություններում այդ մասին ոչինչ չկա: Այլ բան է, որ Թուրքիան փորձելու է դրանով հիմնավորել Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցումը: Պարզ է, որ Հայաստանը` հօգուտ Թուրքիայի հետ հարաբերությունների, չի զոհաբերի Ղարաբաղը, հետեւաբար, եթե Թուրքիան փորձի սպասել ԼՂ խնդրի հանգուցալուծմանը, նշանակում է` հայ-թուրքական գործընթացը կմտնի փակուղի: Ենթակառուցվածքների, ճանապարհների առումով փակուղին Հայաստանին ցանկալի չէ, սակայն դա կնշանակի, որ Թուրքիան հերթական անգամ պետք է պատրաստվի «ապրիլյան դիվանագիտությանը»: Այսինքն` Ցեղասպանության խնդիրն ավելի ակտիվորեն է առաջ քաշվելու ո՛չ միայն Հայաստանի, այլեւ ԱՄՆ-ի, ԵՄ-ի կողմից: Հասկանալի է, որ խնդիրը ոչ թե ԵՄ-ն, ԱՄՆ-ի` Հայաստանի հանդեպ արտասովոր համակրանքն է, պարզապես Ցեղասպանության մասին հիշեցնելը հարմար միջոց է` Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու համար: Թուրքիան այն երկիրն է, որն ունի շատ հետաքրքիր եւ երբեմն ոչ հասկանալի դիվանագիտություն: Այս կոնտեքստում, չի բացառվում, որ Թուրքիան, այնուամենայնիվ, չհրաժարվի Հայաստանի հետ հարաբերություններից:

– Աշխարհում հիմա էլ կան բազմամյա պատմությամբ կոնֆլիկտներ, այսինքն` երբ կողմերին հարմար լուծումը բնության մեջ չկա: Ղարաբաղյան խնդիրն էլ, կարծես, դրանցից մեկն է:

– Իդեալական լուծում, որը կբավարարեր ԼՂ կոնֆլիկտի կողմերին, չկա: Դժվարանում եմ օրինակ գտնել, որ վերջին 50 տարվա ընթացքում նման էթնոքաղաքական կոնֆլիկտները լուծվել են կոմպրոմիսների արդյունքում: Այդ կոնֆլիկտները կա՛մ լուծվել են մի կողմի հաղթանակով (օրինակ` Կոսովոյի դեպքը), կա՛մ լիակատար պարտությամբ: Հիշենք, նախկին Հարավսլավիայում, այսպես կոչված, մետրապոլիան կարողացավ լիովին դեպորտացիայի ենթարկել սերբական Կրաինայի ինքնավարություն հռչակած այդ տարածքը: Նաեւ հիշենք, թե ինչ էր փորձում անել Վրաստանը 2008թ., կամ Ադրբեջանը` Ղարաբաղում: Երկու դեպքերում էլ կողմերից մեկը լիովին պարտվել է: Կա տարբերակ` կոնֆլիկտի երկարաժամկետ սառեցումը, ինչպես, օրինակ, վարվել են Հնդկաստանն ու Պակիստանը` Քաշմիրի դեպքում: Կարծում եմ, ԼՂ-ի դեպքում եւս տեսանելի ապագայում հանգուցալուծում չի սպասվում:

– Խնդրի սառեցման դեպքում ո՞ւմ օգտին կաշխատի ժամանակը:

– Կարծում եմ` ժամանակն աշխատում է մեր օգտին, եթե, իհարկե, հայկական կողմը եւ առաջին հերթին` ԼՂ ժողովուրդը պատրաստ լինեն այդ ժամանակը ճիշտ օգտագործել: Ժամանակի գործոնը կարեւոր է նաեւ միջազգային հանրության համար, քանի որ միջազգային հանրությունը եւս ընտելանում է այն իրավիճակին, որ կա ԼՂ-ի շուրջ:

– Վերջին հարցը. Ձեզ մխիթարե՞ց մամուլում տեղ գտած լուրը, թե ՌԴ նախագահ Մեդվեդեւն արմատներով հայ է:

– Ճիշտն ասած` թերահավատությամբ եմ մոտենում այդ տեղեկությանը: Աղբյուրն ինձ բավական կասկածելի է թվում: Չգիտեմ` իրականում այդպե՞ս է, թե՞ ոչ: Սակայն, եթե աշխարհում մեկ հայ ավելի լինի, դա ավելի շուտ լավ է, քան վատ: