25 տարվա 17 ծառերի տեղում «ՀայՌուսգազարդ» ընկերության փոխտնօրեն Վարդան Հարությունյանը նախատեսում է կառուցել առանձնատուն: Ըստ «Ա1+»-ի, այդ մասին երեկ ահազանգել են Բաղրամյան 3-րդ նրբանցքի բնակիչները, որոնց ձեռքում է հայտնվել այդ հատվածում կառուցվող շենքի հատակագիծը: Երեկ Վ. Հարությունյանին պատկանող հողակտորում աշխատել են մի քանի շինարարներ, իսկ բնակիչները նրանց կողքին հավաքված բողոքել են: «Վարդան Հարությունյանը ասաց, ուզում եմ` կտրում եմ, ուզում եմ` շենք եմ կառուցում: Քանի որ հողի տերն է, ինչ ուզի կանի: Մեր բողոքը, պայքարը նրանում է, որ 2006թ. քաղաքապետարանի որոշումը անօրինական ճանաչվի, եւ պուրակը վերականգնվի»,- նշել է տարածքում բնակվող Դավիթ Ավետիսյանը: Իսկ 14-րդ տան բնակիչ Գուրգեն Հակոբյանն էլ ասել է, որ այս տարածքը երեխաների միակ հավաքման վայրն է: «Ես չեմ մեղադրում այս տիրոջը, այլ` իրավունք տվողին: Բնակչությունը բակ չունի, եւ միակ տարածությունը այս այգին էր, երեխաների միակ հավաքման վայրը: Ամեն օր հեռուստացույցով լսում ենք` կոռուպցիայի դեմ պայքար, կաշառակերության դեմ պայքար, ո՞նց կարող է առանց կաշառքի այս տարածությունը, ծառերը կտրեն եւ հատկացնեն»,- նշել է նա: Բնակիչները դիմել են տարբեր ատյանների, սակայն մինչ օրս որեւէ արձագանք չեն ստացել: Երեկ նրանց այցելել են նաեւ Մարդու իրավունքների գրասենյակի ներկայացուցիչները: