Ո՞վ է գնալու

30/01/2010

Ավարտին է մոտենում «Եվրատեսիլ 2010»-ի մասնակցի ընտրության համար Հայաստանի հանրային հեռուստաընկերության հայտարարած նախընտրական փուլի հայտերի ընդունման ժամկետը: Մինչեւ հայաստանյան մրցույթի կազմակերպիչները կամփոփեն արդյունքները եւ կհրապարակեն 10 լավագույնների անունները, ովքեր իրենց ուժերը կփորձեն հեռուստատեսային համերգի փուլում, մամուլում վաղուց շրջանառվում են հավակնորդների անունները: Ըստ «tert.am»-ի` այս տարվա «Եվրատեսիլին» Հայաստանի հավանական մասնակցի թեկնածուների շարքում առավել հաճախ հնչում է Էմմիի անունը` ամերիկաբնակ հայ պարող եւ երգիչ Միհրանի հետ միասին: Այս զույգն արդեն բազմիցս հաստատել է իր մտադրությունը, նաեւ այն, որ ամիսներ շարունակ ԱՄՆ-ում պատրաստվել են` ինչպես հարկն է մրցույթին ներկայանալու համար: Էմմի-Միհրան զույգից բացի, Օսլո մեկնելու ցանկություն ունեն հայկական էստրադայի եւս մի քանի հայտնի անուններ` այդ թվում` Ռազմիկ Ամյանը, Հայկ Կասպարովը, ինչպես նաեւ Սայաթ-Նովայի հայտնի երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակով ճանաչում ձեռք բերած Եվա Ռիվասը: «Եվրատեսիլի» հայաստանյան մրցույթի նախընտրական փուլին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 1-ն է, դրանք կամփոփվեն փետրվարի 14-ին` հեռուստադիտողի SMS հաղորդագրությունների եւ ժյուրիի քվեարկության արդյունքում: