Անցել են կահավորմանը

30/01/2010

ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանություն ծառայությունը նախատեսում է ավտոճանապարհները կահավորել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների հայտնաբերման ավտոմատ համակարգով: Այն հնարավորություն կտա ճանապարհներին տեղադրված տեսախցիկների տեսադաշտում հայտնված տրանսպորտային միջոցների հոսքում գտնել եւ նույնականացնել այն տրանսպորտային միջոցները, որոնք կատարել են ճանապարհային երթեւեկության կանոնների այնպիսի խախտումներ, ինչպես սահմանված արագության գերազանցումը, լուսացույցի կարմիր ազդանշանի պահանջները չկատարելը, հանդիպակաց երթեւեկելի գոտի դուրս գալը, կանգառի եւ կայանման կանոնների խախտումները, ճանապարհային նշանների պահանջները չկատարելը, ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը: Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, խախտման յուրաքանչյուր դեպքի համար համապատասխան տվյալների հիման վրա պետք է կազմվի ու տպագրվի վարչական իրավախախտման արձանագրություն եւ համապատասխան որոշում: Այս նպատակով նախատեսվում է անցկացնել մրցույթ, որի տեխնիկական առաջադրանքը լիարժեք կազմելու, ինչպես նաեւ համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսելու համար շահագրգիռ կազմակերպություններին ու ընկերություններին առաջարկվում է մինչեւ փետրվարի 20-ը խորհրդատվական առաջարկություններ ներկայացնել ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ծառայություն: