Թուրքիայի Կրթության նախարարության կողմից 2007թ. պատրաստված եւ հրատարակված 11-րդ դասարանի համար նախատեսված աշխարհագրության դասագրքում բիբլիական լեռը ներկայացվում էր ոչ թե «Աղրը Դաղը», այլ հենց «Արարատ» անունով (Արարատ լեռան պաշտոնական անվանումը Թուրքիայում Աղրը Դաղը է):
Թուրքիայի կրթության եւ գիտության ոլորտի աշխատողների արհմիության նախագահ Իսմայիլ Քոնջուքը հայտարարել էր, թե երկրի Կրթության նախարարությունը նման կերպ նպաստում է հայկական քարոզչությանը։ «Աններելի է նախարարության կողմից հավանություն ստացած աշխարհագրության դասագրքում տեղ գտած այդ վրիպակը, քանի որ «Արարատ» անվանումը մեր օրերում դարձել է, այսպես կոչված, Հայոց ցեղասպանության խորհրդանիշ»,- հայտարարել էր Քոնջուքը: Հարցին միջամտել էր նաեւ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը եւ կրթության նախարարից պահանջել էր բացատրություններ տալ կատարվածի համար: Այդ ամենից հետո Թուրքիայի Կրթության նախարարությունը հավաքել է դասագրքերը եւ «Արարատ» անվանումը փոխարինել «Աղրը Դաղը»-ով: «Քանի որ գրքում զետեղված քարտեզը հստակ չէր պատկերված, այդ բառը չէր հասկացվում: Երկրորդ ուսումնասիրության ժամանակ ամեն ինչ պարզ դարձավ, եւ նոր հրատարակության մեջ արդեն գրվեց «Աղրը Դաղը» անվանումը: Նահանգապետարաններն այս ամսին իրազեկել են մեր դպրոցներին»,- հայտարարել է Թուրքիայի կրթության նախարար Նիմեթ Չուբուքչուն: Ի դեպ, ավելի վաղ թուրքական ազգայնական շրջանակները բողոքում էին Google-Earth-ի կողմից «Արարատ» անվանումը գործածելու դեմ եւ պահանջում, որպեսզի հարցին միջամտի Թուրքիայի Կրթության նախարարությունը: