Պաշտոնական Վաշինգտոնը կրկին կարեւորում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը եւ հայտարարում է, թե կշարունակի այս հարցում քաջալերել Հայաստանին եւ Թուրքիային: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին: «Անցած շաբաթ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղուն հեռախոսազրույց է ունեցել պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ եւ փոխանցել Անկարայի մտահոգությունները` ՀՀ ՍԴ կայացրած որոշման առնչությամբ: Ինչպե՞ս է այդ մտահոգություններին արձագանքել Հ. Քլինթոնը, ի՞նչ մանրամասներ կարող եք հաղորդել նրանց զրույցից»` հարցին, պետքարտուղարի օգնականը պատասխանել է. «Թե՛ դռնփակ զրույցներում, թե՛ հրապարակավ Վաշինգտոնի դիրքորոշումը նույնն է. կարեւոր է, որ երկու կողմերն էլ քայլեր ձեռնարկեն իրենց ստանձնած պարտավորությունները կատարելու ուղղությամբ` ելնելով երկու երկրների միջեւ անցած տարի ստորագրված արձանագրություններից: Մենք հասկանում ենք, որ դա յուրաքանչյուր երկրի գործադիր իշխանությունից աշխատանք է պահանջում խորհրդարանների հետ: Մենք կշարունակենք մեր երկխոսությունը եւ՛ Թուրքիայի, եւ՛ Հայաստանի հետ` քաջալերելու նրանց` վավերացնել անցած տարի ձեռք բերված համաձայնությունը»: Թուրք լրագրողը նաեւ մեկնաբանություն է խնդրել հայ-թուրքական արձանագրությունների հարցով ՀՀ ՍԴ որոշման շուրջ փոխպետքարտուղար Ֆ. Գորդոնի գնահատականների վերաբերյալ: Պետքարտուղարի տեղակալը «Ազատություն» ռ/կ-ին տված բացառիկ հարցազրույցում ասել էր, թե ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը դրական է գնահատում ՍԴ վճիռը եւ կարծում է, որ այն թույլ է տալիս արձանագրությունները, այն տեսքով, ինչպես դրանք եղել են բանակցությունների եւ ստորագրման պահին, տանել խորհրդարան` վավերացման: «Որեւէ տպավորություն չկա, թե դատարանի վճիռը սահմանափակում կամ ինչ-որ կերպ բնորոշում է արձանագրությունները»,- ասել էր փոխպետքարտուղարը եւ կոչ արել կողմերին ժամանակին վավերացնել արձանագրությունները: