«Գազի փոխարեն աթար վառեք»,- խորհուրդ է տալիս Վարդան Բոստանջյանը

28/01/2010 Հրայր ՄԱՆՈՒԿՅԱՆ

«Ամբողջ աշխարհում գազի գինը նվազում է արդեն 2 տարի շարունակ: Հայաստանը բացառիկ երկրներից է, որտեղ գազի գինը բարձրանալու է: Եթե գնագոյացման այն մեխանիզմը, որը ստեղծել են իշխանությունները, պարտադրում է բարձրացնել գազի գինը, գոնե հասարակությանը բացատրություն թող տան»,- երեկ հայտարարեց ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Հիշեցնենք, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը օրերս հայտ է ներկայացրել Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)` առաջարկելով 41%-ով ավելացնել բնակչությանը մատակարարվող գազի սակագինը` 1000 խորանարդ մետրի համար ներկայումս գործող 96 հազար դրամի փոխարեն սահմանելով 136 հազար դրամ սակագին: Ընկերությունը սակագնի բարձրացման հայտը հիմնավորել է նրանով, որ ապրիլի 1-ից Ռուսաստանից ներկրվող գազի սակագինը թանկանալու է 17%-ով` 1000 խորանարդ մետրի դիմաց 154 դոլարից հասնելով 180 դոլարի: ԿԲ նախկին նախագահը նշում է, որ Եվրոպան արդեն 1000 խմ գազը գնում է ընդամենը 200 դոլարով, եւ եթե այսպես շարունակվի, մի քանի տարի անց Հայաստանը նույնիսկ 200 դոլարից էլ ավելի կվճարի Ռուսաստանին` 1000 խմ մետր գազի դիմաց: Սակայն խնդիրը, ըստ Բ. Ասատրյանի, ոչ այնքան սահմանին վճարվող գազի թանկ գինն է, այլ ավելի շատ այն, որ մեր բնակչությունը այդ գազի դիմաց վճարում է կրկնակի` ապահովելով «ՀայՌուսգազարդի» համար տարեկան 10-20% շահութաբերություն: «Վերջին 4-5 տարիներին «ՀայՌուսգազարդի» շահութաբերությունը 10-20% է կազմել: Այսինքն` 80 տոկոսով ռուսական պետության սեփականությունը հանդիսացող «ՀայՌուսգազարդը» գազ է ստանում, գուցե եւ արտոնյալ պայմաններով, եւ կրկնակի թանկ գնով վերավաճառում է հայ սպառողին: Այս խնդիրը մեր իշխանությունները պետք է լուծեն: ՀԾԿՀ-ն պետք է օրենքով սահմանված կարգով գործողություններ անի: Կամ էլ պետք է հայտարարենք, որ այս իշխանությունները նպաստում են, որ ռուսական պետական ընկերությունը թալանի մեր բնակչությանը»,- ասաց Բ. Ասատրյանը` հավելելով, որ սովորաբար գազի թանկացումը շատ լուրջ բացասական ազդեցություն է թողնում մեր տնտեսության վրա: «Մեզ հերթական արհավիրքներն են սպասելու: Սովորաբար գազի թանկացման վճռին հետեւում են ուրիշ պրոցեսներ: Անցյալ տարվա թանկացումից հետո փոխարժեքի կտրուկ անկում եղավ»,- նշեց Բ. Ասատրյանը: Անդրադառնալով գազի գնի վերաբերյալ նրա այս դիտարկումներին, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Վարդան Բոստանջյանը նշեց, որ կարելի է նաեւ գազի փոխարեն աթար վառել, եւ որ մենք պետք է գոհ լինենք, որ այդ գազի համակարգը կարողանում ենք պահել: «Մարդկությունը անհիշելի ժամանակներից գոյություն ունի եւ այդ 20-30 հազար տարիների ընթացքում գազ չի վառել: Հիմա ՀՀ-ում, արի ու տես, որ բոլորը հուզված են, ուզում են գազ վառել: Գնացեք ձեր տներում աթար վառեք»,- հայտարարեց Վ. Բոստանջյանը: Ըստ նրա, ընդհանրապես մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող հումքի տեսակները իրենցից ներկայացնում են «սարսափելի բարդ համակարգ»: «Այսպիսի համակարգեր պահելու, պահպանելու, արդիականացնելու խնդիրը չափազանց դժվար է: Ես՝ որպես հայ մարդ, քաղաքացի, առաջին հերթին ուզում եմ զարմանալ (իհարկե ոչ շատ)` ինչքան լավ է, որ մենք գազ ենք սպառում: Եվ ինչ լավ հնարամտություն ունենք, որ կարողանում ենք պահել այդ համակարգը: Չնայած հավանականությունը շատ փոքր է, բայց ես մի փոքր մտահոգություն ունեմ, որ եթե շատ խոսենք` կարող է ընդհանրապես այդ գազն էլ չլինի»,- ասաց Վ. Բոստանջյանը: «Եվրոպան այս հարցերը լուծում է, գինը նվազեցնում է, ինչի՞ մասին է խոսքը: Խոսելուց գազ չի կտրվի: Չխոսելուց գուցե կտրվել է, բայց ոչ խոսելուց»,- արձագանքեց Բ. Ասատրյանը: Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե 90-ականներին էլ քչերն էին ՀՀ-ում գազ սպառում, նա պատասխանեց, որ եթե նախկինում վատ ենք ապրել, դա չի նշանակում, թե այսօր էլ պետք է վատ ապրենք: «Եթե մեր պատմության մեջ վատ էջեր եղել են, եւ եթե մեր բնակչությունը ժամանակին աթար է վառել, չի նշանակում, թե այսօր էլ աթար է վառելու: Եթե դա եղել է անգամ Բագրատ Ասատրյանի օրոք, ես կարող եմ ասել, որ, այո՛, պետք է զարգանա այս երկիրը»,- ասաց Բ. Ասատրյանը: Անդրադառնալով 2009թ.-ի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին երկու օր առաջ ԱՎԾ-ի հրապարակած տվյալներին, Բ. Ասատրյանը նշեց, որ մեր տնտեսության վերաբերյալ վատագույն կանխատեսումները դարձան իրականություն: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ Հայաստանի տնտեսության անկումը 2009 թվականին կազմել է 14,4 տոկոս: Բայց, Բ. Ասատրյանի մեկնաբանությամբ, եթե ՀՆԱ ծավալը դիտարկենք դոլարային արտահայտությամբ, ապա կտեսնենք, որ 2008 թ.-ի համեմատ անկումը գերազանցել է 30%-ը (2008 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է մոտ 12 միլիարդ դոլար, իսկ 2009 թվականին այն կազմել է մոտ 8.3 միլիարդ դոլար): Այնուամենայնիվ, Բ. Ասատրյանի կարծիքով՝ կյանքի որակի անկումը Հայաստանում չի հասել 30%-ի: «Հայաստանում առկա են մի շարք իրողություններ, որոնք իրար հետ կապ չունեն: Մենք կարծես թե ապրում ենք ծուռ հայելիների թագավորությունում, որտեղ վիճակագրությանը վստահել չի կարելի: Անցած 10 տարիներին Հայաստանում ձեւավորվել է մի արատավոր տնտեսական համակարգ, որը ծառայել է ընդամենը Հայաստանը ղեկավարող 1-2 մարդու հարստացման»,- ասաց Բ. Ասատրյանը: Նա նաեւ նշեց, որ 2010 թվականի համար կառավարության կանխատեսումները` 1.2% տնտեսական աճ, այնքան էլ արժանահավատ չեն, եւ որ իր կարծիքով՝ տնտեսական անկումը Հայաստանում դեռ շարունակվելու է: «Ես լավատես մարդ եմ, 1.2% տնտեսական աճը հաստատ տեղի կունենա»,- սա էլ Վ. Բոստանջյանի կանխատեսումն էր: