Հետաձգել են 30 օրով

28/01/2010 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում երեկ քննարկվել է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի ներկայացրած «Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Պատգամավորը հանձնաժողովին առաջարկել է նախագիծն ուղարկել Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանը: «Քանի որ նախաձեռնությունը հասարակական որոշակի հնչեղություն ունի, Վենետիկի հանձնաժողովից համապատասխան եզրակացություն ստանալուց հետո մշտական հանձնաժողովում քննարկումներ կկազմակերպվի եւ օրինագծում համապատասխան փոփոխություն անելուց հետո կներկայացվի նաեւ լրագրողական հանրությանը: Դրանից հետո նոր կքննարկվի ԱԺ նիստում»,- ասում է Վ.Դալլաքյանը: Հիշեցնենք, որ այս օրինագիծն առաջին անգամ ներկայացվել էր անցած տարվա գարնանային նստաշրջանի ավարտին եւ արժանացել էր լրագրողական հանրության քննադատությանը: Պատգամավորը լրագրողի համար սահմանել էր իրավունքներ ու պարտականություններ: Դժգոհության առիթ էր դարձել հատկապես պարտականությունների բաժինը: Այնտեղ նշված է, որ լրագրողը պարտավոր է «հարգել այլոց իրավունքները, օրինական շահերը, պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը, չհրապարակել (չտարածել) դրանք արատավորող լուրեր ու տեղեկություններ: Լրատվության միջոցի խմբագրին տեղեկացնել չստուգված փաստերի (տեղեկությունների) մասին, որոնց հրապարակումը (տարածումը) կարող է խախտել սույն օրենքի պահանջները:

Տեղեկություններ հաղորդած անձանց պահանջով նշել այդ տեղեկության աղբյուրը»: Մտահոգությունն այն էր, որ օրինագծի հատկապես այս դրույթները կարող են կամայական մեկնաբանությունների ենթարկվել իշխանությունների եւ իրավապահ համակարգի կողմից ու կիրառվել լրագրողի ու լրատվամիջոցի դեմ: Այդպիսով իշխանությունների համար ոչ ցանկալի հրապարակումը կարող է մեկնաբանվել՝ որպես «արժանապատվությունն ու բարի համբավը արատավորող» տեղեկատվություն: Եվ դատարաններն էլ այդ կարծիքը հիմք ընդունեն ու պատասխանատվության ենթարկեն լրագրողին ու լրատվամիջոցին: Հատկապես, որ ՀՀ-ում դատական համակարգը դարձել է իշխանությունների ցանկություններն օրինականացնող մարմին: Եվ մտավախություն կա, որ լրատվական դաշտի «կարգավորմանն» ուղղված օրինագծերը գործիք են դառնալու դատական համակարգի միջոցով ազատ մամուլի գործունեությունը եւ լրատվամիջոցներին ճնշելու համար: «Դատավորը կարող է ասել, որ դու չկաս: Կամ` այս երկրում օրենքներն ընդհանրապես պետք չեն: Օրենսդիրն այդ տրամաբանությամբ չի առաջնորդվում: Ու քանի որ օրինագիծը բավականին զգայուն ոլորտ է շոշափում, առաջարկել եմ ներկայացնել Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանը»,- ի պատասխան այդ մտահոգությունների՝ ասում է Վ.Դալլաքյանը: Ըստ նրա, ինքն օրինագծի լրամշակված տարբերակում ընդգրկել է ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանի առաջարկությունները: «Իրավունքների վերջին կետն ինձ մոտ ձեւակերպված էր այսպես՝ «լրագրողն իրավունք ունի իրականացնել օրենքով սահմանված այլ լիազորություններ»: Առաջարկել է, «լրագրողն իրավունք ունի իրականացնել օրենքով չարգելված այլ գործողություններ» տարբերակը, որն ընդունվել է: Եվ պարտականությունների 4-րդ կետում՝ «լրագրողը պարտավոր է չհրապարակել կեղծ տեղեկատվություն» ձեւակերպումը որպեսզի տարբեր մեկնաբանությունների առիթ չտա», պաշտպանն առաջարկել է հետեւյալ տարբերակը՝ «չհրապարակել ակնհայտ սուտ տեղեկություն»: Լրատվամիջոցին կամ լրագրողին վարչական տույժի ենթարկելու` խոշոր չափի գումարով տուգանելու մասին օրինագիծ են ներկայացրել նեեւ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանը եւ ՀՀԿ անդամ Հովհաննես Սահակյանը: Այս օրինագիծն էլ երեքշաբթի օրը պետք է քննարկվեր ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում, բայց 30 օրով հետաձգվել է: Հավանաբար այն պատճառով, որ Հայաստանում չեն այդ հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը եւ Հովհաննես Մարգարյանը: