2010թ. նախատեսված կառավարության Կենսաթոշակային ֆոնդի բարեփոխումների ծրագիրը, ՀՅԴ-ական պատգամավոր Արա Նռանյանի կարծիքով, կործանարար է լինելու Հայաստանի համար: «Սա կլինի կառավարության վերջին քայլը` պետությունը տասնամյակներով հետ գցելու եւ սնանկ պետություն դարձնելու համար: Սա վերաբերում է ՀՀ բոլոր քաղաքացիներին: Քաղաքական մեծամասնության այս պրոյեկտն ավելի վատ է լինելու, քան նախկին բոլոր տնտեսական ծրագրերը միասին վերցրած: Դրանից հետո մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու ոչ միայն տնտեսական դաշտում, այլեւ մեր երկրի անկախության հարցում»,- երեկ հայտարարել է նա: ՀՀ Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, սակայն, հակադարձել է` ասելով, թե այդ ծրագրի նպատակը ՀՀ-ում կենսաթոշակառուներին անհոգ ծերություն ապահովելն է, եւ ծրագրի հետեւում կա միջազգային փորձ եւ լուրջ հաշվարկներ։ «Եթե մենք նայում ենք, որ այդ գումարները գնալու են դուրս, ես ձեզ, ժողովուրդ ջան, միանշանակ ասում եմ, որ այսօրվա դրությամբ կառավարությունում քննարկում ենք եւ պետք է չափորոշիչներ սահմանենք, ռիսկային դաշտից դուրս հանող չափորոշիչներ: Սրա մեջ ես կործանարար բան չեմ տեսնում»,- ասել է Արամյանը: Դիտարկմանը, թե այս ծրագիրը մերժվել է ԱՄՆ-ի եւ մի շարք այլ զարգացած երկրների կողմից, Արամյանը պատասխանել է. «Զարգացած երկրները պրոբլեմներ ունեցան, որովհետեւ նրանց կենսաթոշակային ֆոնդերը գտնվում էին ռիսկային դաշտում: Ի վերջո, տեսան, որ դրա հետեւում փող չկա»: