Ամեն ինչ կարելի սկսել հենց էկոլոգիայից

28/01/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Բնապահպանական խնդիրները գնալով ավելի մեծ ուշադրության են արժանանում միջազգային հանրության կողմից։ Մասնավորապես, Եվրամիությունը լուրջ քաղաքականություն է իրականացնում այս ուղղությամբ, ոչ միայն իր սահմաններում, այլեւ՝ հարեւան երկրների հետ համատեղ։

Շրջակա միջավայրի պաշտպանությունն այսօր հանդիսանում է Եվրամիության գործունեության առաջնային ուղղություններից մեկը՝ ինտեգրացիայի այլ ուղղությունների հետ միասին։ Սա նշանակում է, որ բնապահպանության նկատմամբ եվրոպացիների աճող ուշադրությունը կարող է օգտակար լինել նաեւ Հայաստանի համար, որտեղ շրջակա միջավայրի պաշտպանության հարցերը մի տեսակ հետին պլան են մղվել։ Մասնագետները կարծում են, որ Հայաստան-Եվրամիություն Գործընկերության եւ համագործակցության համաձայնագիրը առավելագույնս կարող է նպաստել բնապահպանական ոլորտում Հայաստանի համագործակցության ընդլայնմանը Եվրամիության եւ նրա անդամ երկրների հետ։

Հայ բնապահպանների խոսքերով, գործողությունների ծրագրերը (մասնավորապես, «Շրջակա միջավայրի պահպանություն» եւ «Կայուն զարգացում» բաղադրիչները) կարեւոր գործիքներ են այս խնդիրների լուծման համար։ Սակայն ծրագրի ընդունումը մի բան է, դրա իրագործումը՝ մեկ այլ բան։ «Հիմնական խնդիրն այն է, որ մեր պայմանագրերը, կոնվենցիաները, օրենքները, ամեն ինչը իմիտացիոն բնույթ են կրում»,- ասում է «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի» նախագահ, ՀՀ բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը։ Վերջինիս խմբագրությամբ, ի դեպ, կատարվել է «բնապահպանություն» եւ «կայուն զարգացում» ուղղություններով ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրի 2006-2008թթ. իրականացման գնահատումը։ Միանգամից նշենք, որ, բացառությամբ 10-րդ բաժնի, գնահատականները բավականին բարձր են (տես աղյուսակը

 

Եվ դա բավական յուրօրինակ բացատրություն ունի, ինչի մասին նշել են հենց գնահատման հեղինակները՝ «իրականացման ճգնաժամը»։ Այսինքն` այն երեւույթը, երբ խոսքը գործ չի դառնում։ «Առաջին անգամ, երբ մենք այդ հարցաշարը լրացնում էինք, բարձր, շատ լավ պատկեր ստացվեց։ Որովհետեւ պայմանագրերը կնքվել են, կոնվենցիան ստորագրվել է… Բայց իրականացվե՞լ է ծրագիրը, բնության մեջ փոփոխություն դեպի լավը կամ դեպի վատը եղե՞լ է։ Այդ հարցերը համարյա չկային։ Երբ հարցաշարը մի փոքր փոխեցինք, փոխվեցին նաեւ արդյունքները։ Եթե ավելի շատ խորանային, արդյունքները ավելի ուրիշ կլինեին»,- ասում է տկն Դանիելյանը։

Իմիտացիոն գործելաոճը եւ իրականացման ճգնաժամը, կարելի է ասել, գլխավոր խոչընդոտներն են, որոնք թույլ չեն տալիս այս ոլորտում օգտագործել Հայաստան-ԵՄ համագործակցության ընձեռած բոլոր հնարավորությունները։ «Եվրոպացիների մտքով չի անցնում, որ մի կողմից կարելի է կոնվենցիաները ստորագրել, մյուս կողմից, օրինակ, քաղաքաշինության մեջ բացարձակ հակաէկոլոգիական քաղաքականություն իրականացնել։ Մենք, փոխանակ ադապտացվենք կլիմայի փոփոխությանը, այնպես ենք անում, որ ջերմաստիճանը ավելի բարձր լինի ամռանը, որ անապատը վերադառնա Երեւան։ Ամբողջ Եվրոպան տրամվայների գծերը ընդլայնեց, Փարիզը վերականգնեց տրամվայները, իսկ մենք հակառակն արեցինք»,- ցավով արձանագրում է Կ. Դանիելյանը:

Իհարկե, ինչպես նշում են գնահատման հեղինակները, ԵՀՔ-ի (ENP) շրջանակներում նվազ կամ առավել հաջող քայլեր իսկապես իրականացվել են։ Օրինակ՝ ՀՀ-ում հիմնական անհրաժեշտ ռազմավարական քաղաքական փաստաթղթերն ընդունված են, եւ մեր երկրում եվրոպական քաղաքականության իրականացման գործընթացի ինստիտուցիոնալ աջակցությունը ապահովված է։ Հայաստանը ստորագրել եւ վավերացրել է շրջակա միջավայրի պահպանությանը վերաբերող եվրոպական կոնվենցիաների մեծ մասը, մշակվել եւ հաստատվել է Շրջակա միջավայրի պահպանության գործողությունների երկրորդ ազգային ծրագիրը, ՀՀ օրենսդրությունը բավականաչափ համահունչ է ԵՄ իրավունքի սկզբունքներին։ Դրական է գնահատվել նաեւ այն, որ Հայաստանը ներգրավված է մեծ թվով եվրոպական գործընթացներում, ինչպես, օրինակ՝ «Շրջակա միջավայր Եվրոպայի համար», «Շրջակա միջավայրը եւ անվտանգությունը» եւ այլն։ Մասնակցում ենք նաեւ տարածաշրջանային ծրագրերի, երկկողմ ծրագրերի Իրանի եւ Վրաստանի հետ, չնայած այս առնչությամբ որոշակի խնդիրներ կան։ «Ադրբեջանի հետ մեր համագործակցությունը շատ դժվար է, Թուրքիայի հետ՝ նույնպես։ ՀԿ-ների մակարդակով մենք աշխատում էինք Ադրբեջանի հետ, բայց դա գնալով դժվարացել է, որովհետեւ իրենց պախարակում են մեզ հետ համագործակցելու համար»,- ասում է տկն Դանիելյանը։ Ընդ որում, եթե այս խնդիրը ունի օբյեկտիվ պատճառներ, ապա այլ բնույթի թերացումներում՝ իրավական նիհիլիզմի, օրենքների թույլ իրագործման եւ այլ հարցերում, մեղադրել կարող ենք միայն ինքներս մեզ։ Թերությունների շարքում՝ գնահատման հեղինակները նշում են նաեւ, որ բնապահպանական կարեւորագույն լուծումների ընդունման գործընթացում հասարակության մասնակցությունը որոշ չափով ապահովվում է, սակայն, միաժամանակ, հասարակության ազդեցությունը խիստ սահմանափակ է։ «Վարչապետը հրահանգել է նախարարություններին՝ մաքսիմալ կերպով աշխատել հասարակական կազմակերպությունների հետ։ Մենք խոսում ենք, մեզ լսում են։ Բայց խնդիրն այն է, թե հետո որքանով է դա իրականանում»,- ասում է Կարինե Դանիելյանը։ Ոմանք ասում են՝ խնդիրը զուտ հայկական մտածելակերպի մեջ է. ի տարբերություն եվրոպացիների՝ մենք պահանջատեր չենք, հատկապես բնապահպանական հարցերում։ Սակայն Կ. Դանիելյանն այս դիտարկմանն ի պատասխան՝ հիշեցնում է, որ Ղարաբաղյան շարժումից առաջ Հայաստանում սկսվեց հենց էկոլոգիական շարժումը. «Որքան էլ զարմանալի լինի, ժողովրդական շարժումը հենվեց էկոլոգիական շարժման վրա: Բայց հետո սկսվեց պատերազմը, ծագեցին սոցիալական բազմաթիվ խնդիրներ… Մարդիկ գերադասում են սոցիալ-տնտեսական խնդիրները ավելի շատ առաջ մղել»: Վերջին շրջանում նա հասարակության կողմից որոշակի հետաքրքրություն բնապահպանական հարցերի նկատմամբ տեսնում է, ասում է, որ մարդիկ զանգում են, փողոցում մոտենում, տարբեր հարցեր են բարձրացնում։ «Բայց խնդիրն այն է, որ այս վայրի շուկայի մթնոլորտից լավ բան սպասել չի կարելի: Մեզանում ձեւավորվել է կիսաֆեոդալ, վայրի կապիտալիզմի խառը համակարգ, որտեղ պարզ է, որ ժողովրդավարություն լինել չի կարող, էկոլոգիական ժողովրդավարություն լինել չի կարող, իսկ էկոլոգիական խնդիրները իմիտացիոն բնույթ են կրում։ Երբ մնացած ոլորտներում տիրի ֆեոդալիզմ, այս ոլորտում զարգացած էկոլոգիական ռազմավարություն չի կարող լինել»,- ասում է նա։ Ի դեպ, իրենց եզրակացությունների մեջ գնահատման հեղինակները իշխանություններին խորհուրդ են տալիս. «Ինտենսիվացնել երկրի ժողովրդավարացման գործընթացը՝ ընդհանրապես, եւ «բնապահպանական ժողովրդավարացման» զարգացումը՝ մասնավորապես»։ Կարեւորվել է նաեւ իրավական նիհիլիզմի հաղթահարումը, պետության կարգավորիչ դերի բարձրացումը, տնտեսական քաղաքականության մեջ գերակայությունը լեռնահանքարդյունահանման ոլորտներից այլ բնագավառներին տալը։ Իսկ եթե ծրագրերը, միեւնույն է, մնում են թղթի վրա, եւ շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում դրական փոփոխություններ տեղի չեն ունենում, արդյոք այդ բոլոր ծրագրերը չե՞ն կորցնում իրենց նշանակությունը։ «Բոլոր դեպքերում պետք է շարժվենք այդ ուղղությամբ։ Իհարկե, խնդիրը շատ ավելի խորքային է։ Այսինքն, ինքը՝ համակարգը, ընդհանուր առմամբ պիտի մոտենա ժամանակակից կապիտալիստական համակարգին, եւ միգուցե հենց կողքից հրելով կարելի է այն առաջ տանել։ Հենց էկոլոգիայից կարելի է սկսել»,- ասում է Կ. Դանիելյանը։