Ոստիկանության` Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ` «Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ: Հայաստանի Գլխավոր դատախազությունից «NEWS.am»-ին հայտնել են, որ «Հայանտառ» ՊՈԱԿ «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրեն Ա. Այդինյանը, 2008թ. նոյեմբերին նույն մասնաճյուղի հաշվապահ Ա. Ջաղինյանի հետ նախնական համաձայնության գալով, կազմել, ստորագրել եւ «Հայանտառ» ՊՈԱԿ են ներկայացրել 2008թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անտառվերականգնման եւ անտառշահագործման աշխատանքներում պայմանագրային հիմունքներով ներգրավված անձանց վերաբերյալ 5 մլն 257.000 դրամ ընդհանուր գումարի վճարային կեղծ տեղեկագիր: Այնուհետեւ նույն տեղեկագրում նշված անձանց փոխարեն կեղծ ստորագրություններ կատարելով` հիշյալ գումարի մի մասը վճարել են նշված աշխատանքներում ներգրավված անձանց, իսկ մյուս մասը` Անտառտնտեսության հիմնական աշխատակիցներին: Փաստի առթիվ Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքում 2010թ. հունվարի 22-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Կատարվում է նախաքննություն: