Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախօրեին վճռել է, որ Թուրքիայում խախտվում են խոսքի ազատության օրենքները: Խոսքը, մասնավորապես, հինգ թերթերի գործունեությունը դադարեցնելու, ինչպես նաեւ թուրքական ամսագրերից մեկի գլխավոր խմբագրին ազատազրկելու մասին է: Հիշեցնենք, որ վերջինն իր պարբերականում տպագրել էր թուրքական կալանավայրերում տիրող իրավիճակը քննադատող հոդված: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորներն այս որոշումներն անվանում են գրաքննություն: Նշենք, որ Ստրասբուրգի դատարան Թուրքիայի դեմ ներկայացվել է երկու դատական հայց:
Առաջին դատական գործը վերաբերում է Ստամբուլի դատարանին, որը կասեցրել էր հինգ թերթերի գործունեությունը` հիմնավորելով այդ որոշումը հակաահաբեկչական օրենքներով եւ պնդելով, որ այդ թերթերը զբաղվում էին «Քուրդիստանի բանվորական կուսակցության» քարոզչությամբ: Իրենց դատական հայցում 19 լրագրողներ Թուրքիային մեղադրել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված խոսքի ազատության իրավունքը ոտնահարելու համար: Երկրորդ դատական գործը վերաբերում է թուրքական կալանավայրերում անվտանգության աշխատակիցների գործողությունները դատապարտող հոդվածն իր ամսագրում տպագրած խմբագրի ազատազրկմանը: Հոդվածի հեղինակը վստահեցնում էր, որ բանտապահների գործողությունների հետեւանքով մահացել է 30 բանտարկյալ: Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն վճռել է, որ երկու դեպքում էլ Թուրքիան խախտել է խոսքի ազատության իրավունքները: