«Այսօր հիվանդանոցներում թոքերի էխինոկոկ, լյարդի էխինոկոկ ծանր
հիվանդություններով բազմաթիվ վիրահատություններ են լինում,- ասում է
«Անասնաբուժական հակահամաճարակային եւ ախտորոշիչ կենտրոնի» տնօրեն Շմիդտ
Վարդապետյանը: -Այդ հիվանդությունների վարակը հիմնականում կենդանիներից է
անցնում: Ասենք՝ քաղաքային պայմաններում մարդը տանը կատու եւ շուն չի
պահել, բայց վարակվել է: Ինչպե՞ս է դա եղել»:
Կենդանածին հիվանդությունների վիրուսը մարդուն է անցնում հիվանդ
անասունների ներքին օրգանների միջոցով: Օրինակ, բրուցելյոզով հիվանդ
անասուն մորթելուց հետո նրա ներքին օրգանները հիմնականում չեն ոչնչացնում,
այլ տալիս են շներին ու կատուներին: Վարակված այս կենդանիներն էլ դառնում
են մարդկանց հիվանդանալու պատճառը: Հիվանդության պատճառ է դառնում նաեւ
հիվանդ կովի կաթնամթերքը: Դա իսպառ վերացնելու միակ միջոցը վարակված
անասունին մորթելն է, բայց՝ անպայման սպանդանոցային պայմաններում: Հիվանդ
անասունի բուժումն այս պարագայում նպատակահարմար չէ, որովհետեւ այն կարող
է տեւել մինչեւ 2-3 տարի, եւ այդ ամբողջ ընթացքում նրա կաթը կօգտագործվի:
Ելքը տվյալ անասունի սպանդն է: Հայաստանում ընդունված չէ անասունը մորթել
սպանդանոցում, մեզանում դա կատարում են բակերում: Անասունների մորթը
մասամբ բակային էր նաեւ խորհրդային տարիներին, սպանդանոցներում մորթում
էին հիմնականում «պետական» անասուններին: Երբեմնի «միս-կոմբինատներն»
այսօր թալանվել են եւ նպատակին չեն ծառայում: Երեւանի «Միս-կոմբինատի»
տարածքում, օրինակ, այսօր պարսիկ գործարարները լվացքի փոշի են արտադրում:
Վանաձորինը, ասում են, թալանվել է ու քանդվել: Արտասահմանյան
դրամաշնորհներով նորերը կառուցվել են, բայց սպանդանոցի ծառայություններից
օգտվելու սովորույթն է իսպառ վերացել: Եվ ոչ միայն:
«Եթե խոզը սպանդանոցում մորթեն, մսի կիլոգրամը կթանկանա մոտ 500 դրամով,-
ասում է «Լանդրաս» տոհմային խոզաբուծական ֆերմայի տնօրեն Արթուր
Հովհաննիսյանը: -340 դրամը ավելացված արժեքի (ԱԱՀ) 20 տոկոս հարկն է,
մնացածն էլ՝ ծառայության՝ աշխատավարձի, լույսի, տրանսպորտի գինն է»:
«Լանդրաս» ֆերման անցած տարի հոկտեմբերին դրամաշնորհով սպանդանոց է
կառուցել, շենքը կառուցել են իրենք, իսկ անհրաժեշտ մոտ 200.000 եվրոյի
սարքավորումները նվեր են ստացել: Տնօրեն Արթուր Հովհաննիսյանն ասում է, որ
սպանդանոցի բացումն արել են շատ հանդիսավոր՝ լրագրողների, միջազգային
կառույցների ներկայացուցիչների ու պետական այրերի մասնակցությամբ, սակայն
ֆուրշետից հետո փակել են ու այլեւս չեն բացել:
«Փորձի համար մի խոզ մորթեցինք,- ասում է պարոն Հովհաննիսյանը: -Միսն այս թղթի նման սպիտակ էր, մի գրամ արյուն չէր մնացել մեջը»:
Սպանդանոցային մորթի պայմաններում միսը մշակվում է մասնագիտորեն.
արյունաքամության, հովացման, լվացման, սառեցման եւ տեղափոխման պրոցեսները
նորմալ են կատարվում: Եթե հայտնաբերվում է, որ անասունը հիվանդ է, մսի
ազատ վաճառք չպիտի թույլատրվի. պետք է բարձր ջերմության պայմաններում
պահածոյացնել, որոշ դեպքերում՝ ոչնչացնել: Իսկ բակային մորթի դեպքում,
նախ՝ բացակայում են սանիտարահիգիենիկ տարրական պայմանները, ու հետո՝ միսը
լաբորատոր հետազոտություն չի անցնում: Եվ որեւէ կառույց այսօր չի կարող
երաշխավորել, որ մեր շուկաներում վաճառվող միսը մաքուր է եւ առողջ:
Այսօրվա շուկաների ու խանութների անասնաբույժները բարձրակարգ մասնագետներ
չեն, նրանց աշխատանքը հիմնականում ձեւական բնույթ է կրում՝ ընդամենը թղթի
վրա ձեւակերպված լինելու համար: Առանց լաբորատոր պայմանների, անզեն աչքով
չի կարելի միսը որակավորել: Լաբորատոր ստուգման այդ պրոցեսները պետք է
կատարվեն մինչեւ միսը խանութ տեղափոխելը՝ մորթից առաջ եւ հետո՝
սպանդանոցում: Սպանդանոցում վաճառքի թույլտվության համար դրված կնիքը պետք
է լինի մսի առողջ լինելու երաշխիքը: Ի վերջո, դա ամբողջ աշխարհում
ընդունված քաղաքակիրթ տարբերակ է:
«Անցած տարի Հոլանդիայում հյուր էի մի ֆերմերի,- պատմում է «Լանդրասի»
տնօրենը: -Հարյուրավոր խոզեր ուներ: Հետաքրքրվեցի, թե եթե, օրինակ, իրեն
ինչ-որ մի միջոցառման համար մի ամբողջ խոզի միս է անհրաժեշտ, իր բակում
չի՞ մորթի: Զարմացավ եւ արդեն ինքը հարցրեց, թե ինչ է, խանութից չի՞ կարող
գնել, որ բակում մորթի: Ասաց, որ իրենց մոտ ֆերմերներն այդպիսի տարօրինակ
ցանկություն չեն ունենում, եթե նույնիսկ ունենան էլ, մորթն անպայման
սպանդանոցում կանեն»:
«Ավստրալիայում բակային պայմաններում մի ոչխար մորթելու համար ֆերմերին
կարող է այնքան տուգանեն, որ իր ամբողջ հոտը ծախի ու հազիվ տուգանքը
փակի,- ավելացրեց պարոն Վարդապետյանը: -Արտասահմանում ֆերմերն իր կովից
կթած կաթն էլ չի խմում: Հանձնում է, հետո խանութից գնում է արդեն
լաբորատոր զննում անցած ու մշակված կաթը»:
Բակային մորթը ոչ միայն սանիտարական ու մարդու առողջության տեսակետից է վտանգավոր, այլեւ անթույլատրելի է բարոյական տեսակետից:
«Երեխայի աչքի առաջ հորթը մեծացել, դարձել է կով, ու նրա աչքի առաջ էլ
մորթում են,- ասում է պարոն Վարդապետյանը: -Դա աշխարհում արգելված
երեւույթ է, ոնց որ վայրենություն դաստիարակես:
Մատաղների ժամանակ բաց տարածքում բոլորի աչքի առաջ գառ են մորթում:
Ինչպե՞ս կարելի է: Ի վերջո, մսագործը դահիճի ֆունկցիա է կատարում, չէ՞: Ես
զարմանում եմ, որ մինչեւ հիմա կրոնը դրա դեմ չի պայքարում: Հիմա, եթե գնաք
Գեղարդ, կտեսնեք, որ աղտոտվածությունը չափ ու սահման չունի: Այս երեւույթի
դեմ պետությունն ու եկեղեցին միասին պիտի պայքարեն»:
Վերջին տարիներին Հայաստանում անասունների թվաքանակն ավելացել է, ու
Հայաստանի ամբողջ տարածքը կարծես թե անկանոն սպանդանոց է դարձել: Միսը
տեղափոխում են կեղտոտ, ոչ մասնագիտացված մեքենաներով ու շատ դեպքերում
նույն կեղտոտ պայմաններում էլ վաճառք են կազմակերպում:
«Մեր աչքը դրան սովորել է, հարմարված գնում ենք»,- ասում է Կոմիտասի շուկայի մսավաճառներից մեկը:
Սակայն քաղաքակրթությունն իր պահանջներն ունի, եւ այդ պահանջները որոշ
դեպքերում օրենքի ուժով եւ պետական հսկողությամբ պետք է հաստատվեն:
Մինչդեռ անկանոն մորթի դեմ պայքարի պահանջը մեր պետությանը ներկայացվել է
դրսից՝ միջազգային կառույցների կողմից։ Իսկ մենք հայտարարում ենք, որ
գյուղատնտեսությունն ու գյուղմթերքի
վերամշակումը կազմում են մեր երկրի համախառն ներքին արդյունքի զգալի մասը,
ու իբր թե մեր իշխանությունները շահագրգռված են ոլորտի զարգացմամբ ու
արտադրանքի արտահանմամբ: Իսկ սննդամթերքի համար արտասահմանյան շուկա
գտնելու անհրաժեշտ պայմաններից մեկն էլ արտադրող երկրի բարձր
կենցաղավարությունն է: Այստեղ շատ է անհրաժեշտ պետական հոգածությունը:
Գյուղնախարարությունից տեղեկացրին, որ ԱԱՀ մասին օրենքում փոփոխություն
մտցնելու նախագիծը դեռ նոր են ներկայացրել Ազգային ժողով:
«Որ մինչեւ 2009թ. սպանդանոցներն ազատվեն ԱԱՀ-ից,- ասաց նախարարության
իրավաբան Կարինե Գրիգորյանը: -Կառավարությունում մշակվում է նաեւ սպանդ
անցկացնելու կարգը: Իսկ սպանդանոցի ծառայությունից պարտադիր օգտվելու
օրենքը կամ որոշումը դեռ մշակվում է»:
Մասնագետների կարծիքով՝ սպանդանոցում մորթ կատարելն այն դեպքն է, որ պիտի
օրենքով պարտադրվի եւ սկզբնական շրջանում նաեւ հարկադրվի, հետո արդեն
կդառնա սովորություն:
«Սխալ մեկ-երկու տարի կարող ենք աշխատել, ոչ ավելի,- ասում է պարոն
Վարդապետյանը: -Եթե մենք ուզում ենք մաքուր սնունդ ուտել, ինքներս էլ պետք
է ըմբռնումով մոտենանք: Մենթալիտետ ասվածն այստեղ անելիք չունի»: