Հերքել են

26/01/2010

Երեկ Ադրբեջանի օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան հայտարարել է, որ հայկական կողմի այն պնդումները, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը անդամագրվել է Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին (EOI), չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարել է ՀՀ օմբուդսմենի գրասենյակը: Ըստ Ադրբեջանի օմբուդսմենի` իրենք շարունակում են խնդրի ուսումնասիրությունը եւ փետրվարի 4-ին նախատեսվող ԵՕԻ-ի կառավարման խորհրդի նիստին պատրաստվում են այդ մարմնին ներկայացնել փաստաթղթերի փաթեթ, որով պետք է վիճարկեն ԼՂՀ օմբուդսմենի հաստատության լեգիտիմությունը: Նշված խնդրի կապակցությամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից պարզաբանում են, որ 2009թ. օգոստոսի 31-ին ԵՕԻ-ի գործադիր մարմնի որոշմամբ` ԼՂՀ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը շնորհվել է ԵՕԻ-ի լիարժեք (ինստիտուցիոնալ) անդամի կարգավիճակ: Ըստ ՀՀ ՄԻՊ գրասենյակի հաղորդագրության` 2009թ. հոկտեմբերի 5-ին Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում տեղի է ունեցել ԵՕԻ-ի հերթական ամենամյա ընդլայնված համաժողովը, որի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն ընտրվել է Ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ, եւ այդ ընտրություններին մասնակցել են մոտ 60 երկրների ներկայացուցիչներ, որոնց թվում եղել է նաեւ ԼՂՀ Օմբուդսմեն Յուրի Հայրապետյանը, ով արդեն լինելով այս կազմակերպության լիիրավ անդամ` մասնակցել է կառավարման խորհրդի ընտրություններին: «Կարծում ենք` ԼՂՀ Օմբուդսմենի հաստատության այս միջազգային ճանաչումը եւ Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտին անդամագրվելու փաստը ապացույց է այն համոզման, որ մարդու իրավունքների պաշտպանությունը համամարդկային արժեք է եւ վեր է կանգնած ցանկացած քաղաքական կամ, ինչպես տվյալ դեպքում, նեղ անձնային շահերից։ Ստեղծված պայմաններում մեզ հավանաբար մնում է սպասել տիկին Սուլեյմանովայի պաշտոնական շնորհավորական ուղերձին»,- նշվում է ՄԻՊ տարածած հաղորդագրության մեջ։