Թիվ 162 դպրոցում տեղի ունեցած անարդարությունների մասին բողոքով դիմում են նախկին ուսուցիչները
2008թ. սեպտեմբերի կեսին դպրոց եկավ Ա.Ստեփանյանը, որի մասնագիտական կարողություններն առաջին օրվանից առաջացրին կասկած, որ դպրոցը հայտնվել է ոչ կոմպետենտ մի ձեռքում, որը հեռու է ղեկավարման մշակույթից։ Կրճատվեցինք 25 ուսուցիչ եւ հայտնվեցինք ծանր վիճակում. սկսվեց պայքարը արդարության համար, որի միակ նպատակն էր՝ վերականգնել մեր սահմանադրական՝ աշխատելու եւ ապրելու իրավունքը։ Այդ ժամանակ տնօրենը հայտարարում էր, որ իր քայլերը ճիշտ են, մեջքը պինդ, եւ, որ մեր պայքարը ապարդյուն է։ Դիմեցինք տարբեր ատյանների՝ երկրի նախագահին, վարչապետին, ԿԳ նախարարին, ԱԺ-ին եւ քաղաքապետարանի Կրթության վարչությանը։ Մինչեւ օրս մեր արդար պահանջին հավուր պատշաճի պատասխանեց միայն Աշխատանքի տեսչությունը, որն արձանագրել է 8 կետից բաղկացած բազում օրինախախտումներ, իսկ Կրթության նախարարության Կրթության տեսչությունը եկավ դպրոց, կերավ, խմեց ու գնաց։ Քաղաքապետի տեղակալ Կ. Արեյանը, որն ամենուրեք հայտարարում է, թե ինքը հարգում է օրենքի գերակայությունը, մինչեւ օրս մեր արդարացի պահանջի նկատմամբ անտարբեր է, այնինչ մեզ հետ հանդիպման ժամանակ մեզնից խնդրել էր երկու օր ժամանակ այդ խնդիրը կարգավորելու համար։ Այդպիսի խուլ լռությունը մեզ զարմանք է պատճառում։ Երեւի իրոք այս տնօրենի այն հայտարարությունը, որ իր դեմ խաղ չկա, կարծես իրականություն է։ Մենք ստիպված էինք ինքներս պարզել նրա ինքնությունը։ Պարզվեց, որ ամուսնու եղբայրը՝ Գրիշա Հայրապետովը, աշխատում է նախագահի աշխատակազմում, իսկ ամուսինը բարձր պաշտոն է զբաղեցնում Հարկային տեսչությունում, ինչը տնօրենի ձեռքում դարձել է կամայականություններ թույլ տալու զենք։ Բաքվի հայտնի իրադարձություններից հետո Հայրապետովները փախստականի կարգավիճակով հայտնվել են Երեւանում եւ այստեղ բարի մարդկանց աջակցությամբ շատ կարճ ժամանակամիջոցում ինքնահաստատվել. այսօր էլ ապահովում են Աննա Ստեփանյանի պինդ մեջքը։ Ա. Ստեփանյանը նրանց օգնությամբ դարձավ տնօրեն, ինչի արդյունքում ճնշվեցին դպրոցի խորհրդի շատ անդամներ։ Այս ձեւական միավորը՝ դպրոցի խորհուրդը, որի անդամների մեծ մասին չենք ճանաչում, այսօր գործում է միայն տնօրենի ընտրության ժամանակ եւ ճկուն ենթարկվող գործիք է այն մարդկանց ձեռքում, ովքեր ուզում են տեղավորել իրենց բարեկամներին, ընկերներին, անգամ սիրուհիներին։ Նույն ճանապարհով պաշտոն ստացավ նաեւ Աննա Ատեփանյանը, որն «ընտրվելուց» հետո դարձավ կարգադրող, մոռանալով, որ ինքն ընդամենը ուսուցիչ է եւ ի տարբերություն դպրոցի մնացած ուսուցիչների՝ տնօրենի պաշտոն ստանձնելով, մեծանում է նրա պատասխանատվության չափը, իսկ մյուս պահանջներում նա ոչ մի առավելություն չունի շարքային ուսուցիչներից։ Սակայն հայտնվելով իր իսկ երազած «տաբուրետին», նա դարձավ կարգադրող՝ մոռանալով, որ կրթության գործը դա ընդհանուր գործ է, որտեղ ռացիոնալ մոտեցումներ են պահանջվում լավագույն արդյունք ստանալու համար։ Արդյո՞ք նա կդառնար հարգված լիդերգ դա չիրականացավ նրա գլխապտույտ փառամոլության պատճառով: Դպրոցը վերածվեց մասնավոր բիզնես կենտրոնի։ Ամեն ինչով զբաղվում են, բացի կրթություն տալուց ու ստանալուց։ Դրա վառ ապացույցն է վերջերս կայացած «Հայ ասպետ» մրցույթը, որտեղ մասնակցության տարբերակով, 162 դպրոցի աշակերտներն իրենց գիտելիքներով զիջեցին շրջանների դպրոցների աշակերտներին եւ պարտվեցին մրցույթում՝ հավաքելով ամենացածր միավորները։ Այն դեպքում, երբ Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցը տարիներ շարունակ աչքի է ընկել իր լավագույն սաներով, որոնք մասնակցում էին հանրապետական օլիմպիադաների եւ բերում էին բարձր միավորներ, շնորհակալագրեր։ Հիմա որտեղի՞ց պիտի ապահովեն բարձր արդյունք։ Հազիվ այսօր դպրոցում գտնվող ուսուցիչներն էլ ընկած իրենց հանապազօր հացի հետեւից՝ զբաղված են դավաճանությամբ, քծնանքով։ Դպրոցի այսօրվա փոխտնօրեն Իսկուհի Դալլաքյանը եղել է այս դպրոցի սան, եղել է նախկին տնօրեն Սիլվա Հակոբյանի աշակերտուհին, որին նա կրթել է, աճեցրել մինչեւ փոխտնօրենի աստիճան։ Այսօր այդ տիկինը մոռացած ամեն մարդկային հատկանիշ՝ հիանալի վարպետացել է մարդկանց սադրանքի ենթարկելու մեջ, մարդկանց «գլխին սարքելով», մոռացել է իր ուսուցիչ լինելու վեհ գործը եւ արջի ծառայություն է մատուցում իր թախտը փրկելու համար։ Մոռացել է հավանաբար իր ցանկացած կոմպրոմիս (ուզում է հիշեցնեն)՝ հագնելով սրբի կերպար, եւ նրա փայլուն գործունեության հետեւանքով 25-30 տարվա փորձ ունեցող ուսուցիչներն այսօր դրսում պայքարում են իրենց իրավունքը վերականգնելու համար։ Մեր գործը հասել է դատարան։ Արդեն 2 անգամ հետաձգվել են դատական նիստերը։ Տնօրենի դատապաշտպան Սերգեյ Մկրտչյանը, որի առաքելությունն է արդարացնել նման ապօրինությունները, մոռացել է հավանաբար, որ իր երեխաներին եւ թոռներին կրթել են այն մարդիկ, որոնք այսօր արդարություն են պահանջում։ Խորհուրդ ենք տալիս չխեղաթյուրել իրականությունը։ Ամեն օր հեռուստաեթերներով լսում ենք, թե ինչպես են մեր երկրի իշխանությունները գնում դեպի ժողովրդավարություն, սակայն իրականությունը բոլորովին այլ է։ Մենք կրկին դիմում ենք մեր նախագահին, որին ընտրությունների ժամանակ միահամուռ ուժերով սատարել ենք` հավատալով նրա խոսքերին։ Հարգելի նախագա՛հ, մի թույլ տվեք, որ Ձեր անունից ոմանք անեն այն, ինչ ուզում են, պրոտեկցիոնիզմը դառնում է մեր երկրի կառավարման վտանգավոր ձեւ։ Մենք մինչեւ օրս հավատում ենք, որ Դուք այս ամենից տեղյակ չեք. չենք ուզում հավատալ, որ տեղյակ եք եւ ոչինչ չեք ձեռնարկում։ Հունվարի 27-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքների ընդհանուր իրավասության դատարանում լուծվելու է մեր գործը, եւ մենք կտեսնենք, թե ինչպես է իրականացվելու արդարադատությունը։ Եթե ընդհանուր իրավասության դատարանն արդարացի լուծում չտա այս խնդրին, մենք պատրաստ ենք խնդրի լուծումը ստանալ Եվրոդատարանից։ Որովհետեւ այսօր մենք պայքարում ենք նաեւ օրվա հանապազօր հացի համար, որպեսզի կարողանանք բավարարել մեր ընտանիքների մինիմում ապրելակերպը եւ մեր երեխաների կրթությունը: Ոչ թե պահանջում ենք այնպիսի ճոխություններ, ինչպես Ստեփանյանները։ Այնուամենայնիվ մենք դեռ հույս ունենք, որ մեր երկիրը չի խորասուզվել անարդարությունների ճահճում։ Եթե հայտնվել է այդ ճահճում, ապա մեզ մնում է Հայրապետովների ճակատագրին հետամուտ լինելով՝ դառնալ փախստական այլ երկրում եւ օտար երկրում գտնել մեր պաշտպանությունը։
Կապրենք՝ կտեսնենք…
Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի կրճատված ուսուցիչներ