Հայաստանի պետական Կամերային նվագախմբի ընդերքում ծագող հրապարակային նամակ-բողոքները, միջմայրցամաքային ակցիաներն ու ցնցումներն ունեն մի քանի հարթություն. մի կողմից՝ խոսվում է ստեղծագործողի արժանապատիվ կերպարի մասին, իսկ մյուս կողմից` նվագախմբի գործունեությունը դիտարկվում է մարքեթինգի տեսանկյունից:
Կամերային նվագախումբը երկու մասի է բաժանվել, ոմանք դեմ են նվագախմբի ղեկավար Արամ Ղարաբեկյանի «դիկտատուրային», իսկ ոմանք պաշտպանում են նրան` իրավացիորեն ընդունելով, որ հենց Ա. Ղարաբեկյանի կերպարը, նրա ունեցած հեղինակությունն ու անձնական կապերն են տարիներ շարունակ օգտագործվել նվագախմբի գործունեությունը պատշաճ կազմակերպելու գործում: Ամեն դեպքում եւ՛ պաշտոնական հայտարարություններում, եւ՛ ընկերական զրույցներում բոլոր գործող անձինք խոստովանում են, որ հակամարտության հիմքում փողի գործոնն է: Հիմնական ցնցումները սկսվեցին այն ժամանակ, երբ Կամերային երաժշտության տունը նոր տնօրեն ունեցավ: Հավակնոտ ծրագրերի ջատագով, Հանրապետական կուսակցության անդամ, տարիքով երիտասարդ, բայց միեւնույն ժամանակ` խորհրդային կառավարման մոդելի հետնորդ Արման Ծատուրյանը որոշեց հաստատվել այդ ստեղծագործական օղակում ոչ թե որպես իմիջիայլոց աշխատող տնօրեն, այլ որպես գործունյա, միանձնյա ղեկավար: Օրենքը նրան թույլ է տալիս ցանկացած փոփոխություն անել, եւ նա էլ արեց` նպատակ ունենալով Կամերային նվագախմբի գործունեությունը եկամտաբեր (կամ էլ գոնե իր համար վերահսկելի) դարձնել: Երաժիշտները, նաեւ` անձամբ Ա.Ղարաբեկյանը նշում էին, որ Ա.Ծատուրյանը կշտամբում էր նվագախմբին` քիչ գումար վաստակելու մեջ, մինչդեռ` ըստ տնօրենի` եկամուտը կարող էր ավելի մեծ լինել: Ընդհանրապես վարչական դերակատարություն ունեցող եւ ստեղծագործող մարդկանց միջեւ միշտ էլ բարդ փոխհարաբերություններ են լինում: Ցանկացած հայաստանյան թատրոն կամ երաժշտական հաստատություն կարող է նույն վիճակում հայտնվել: Բայց չի հայտնվում միայն մի պատճառով. խնդիրները «տնից» դուրս չեն բերվում, բոլորը հարմարվում ու լռում են: Որպես կանոն` բախումներն առավել ակնհայտ են դառնում այն ժամանակ, երբ վարչական պաշտոնի են նշանակվում ամբիցիաներ ունեցող մարդիկ: Ամբիցիաների բախումը Կամերային նվագախմբում անխուսափելի էր, քանի որ Ա. Ղարաբեկյանն այն մարդը չէ, ով սովոր է համակարգի թելադրանքը լուռ «կուլ տալ»: Իսկ Ա. Ծատուրյանն էլ իր դիրքերը ամուր է համարում, քանի որ վայելում է իշխող կուսակցության բարեհաճությունը: Երբ նվագախմբում սկսվեցին հաստիքացուցակների ճշգրտման, երաժիշտների որակավորման հետ կապված պրոցեսները, միանգամից բազմաթիվ խնդիրներ ի հայտ եկան: Երաժիշտների հետ պայմանագրերը չեն թարմացվում կամ էլ կրճատվում են պայմանագրերի ժամկետները, ինչի արդյունքում բնականաբար տարիներ շարունակ նույն սիստեմով (կիսախորհրդային, կիսաշուկայական) աշխատելու սովոր նվագախումբը ընդվզեց: Տնօրենը նշում է, որ ցանկանում է խելամիտ կառավարել նվագախմբի գործունեությունը եւ փորձում է երիտասարդացնել նվագախմբի կազմը: Իսկ Ա.Ղարաբեկյանն այդ ամենը «մշակութային ջարդ» է անվանում ու գտնվելով ԱՄՆ-ում` հրապարակային նամակների միջոցով մամուլի ուշադրությունն է հրավիրում տնօրենի ապօրինությունների վրա: Այդ տարօրինակ իրավիճակին շատ հետաքրքիր է արձագանքում ՀՀ Մշակույթի նախարարությունը: Մշակույթի նախարարը հայտարարել է, որ չի ստորագրելու Ա.Ղարաբեկյանի հրաժարականի դիմումը (որը նա գրել է անցյալ տարվա դեկտեմբերին), քանի որ հարգում ու գնահատում է նրա վաստակը: Նախարարությունը հայտարարել է, որ «պաշտպանելու է նվագախմբի շահերը երկկողմանի»:
Այժմ Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսարանը փորձում է հանդիպել Ա. Ղարաբեկյանի հետ ու սուսուփուս հարթել ծագած տարաձայնությունները: Մյուս կողմից էլ՝ տնօրենին ասվել է փխրուն ներաշխարհ ունեցող երաժիշտների հետ ավելի զգույշ վարվել: Այս պատմության մեջ անկասկած (նաեւ բավականին կասկածելի) դրական կողմ կա. հայաստանյան հանդիսատեսը, որը մեծամասամբ չի սիրում դասական երաժշտության համերգների հաճախել, ակամայից կարող է հետաքրքրվել սկանդալային պառակտման եզրին կանգնած նվագախմբով եւ որոշել համերգ լսելու գնալ: Եթե դա է Մշակույթի նախարարության «երկկողմանի» պաշտպանությունը, ապա այն պետք է խորացնել, այլ ոչ թե հարթել: