Բերել են նոր տարբերակը

23/01/2010

Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել են հայտարարություն` ամփոփելով իրենց վերջին տարածաշրջանային այցելությունը: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ այս շաբաթ կայացած հանդիպումներում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները իրենց նվիրվածությունն են հայտնել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- ասված է հայտարարության մեջ, որը երեկ տեղադրվել է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում: Նույն հայտարարությամբ համանախագահները նաեւ տեղեկացնում են, որ հունվարի 20-ին Երեւանում հանդիպելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` նրան են փոխանցել «2007 թվականի նոյեմբերի Մադրիդյան փաստաթղթի լրամշակված տարբերակը` համանախագահների կողմից Հիմնարար սկզբունքների նոր ձեւակերպմամբ»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին Մադրիդյան փաստաթղթի լրամշակված տարբերակը փոխանցվել էր դեռ անցած տարվա դեկտեմբերին` միջնորդների Բաքու կատարած այցի ժամանակ: «Համանախագահների հետ իրենց քննարկումներում երկու նախագահներն էլ իրենց նվիրվածությունը հայտնեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հետամուտ լինելուն եւ վերահաստատեցին լրջությունը, որով իրենց կողմը մոտենում է բանակցություններին»,- ասված է համանախագահների երեկվա հայտարարության մեջ: Տարածաշրջան կատարած այցից հետո համանախագահները մեկնել են Աստանա` ԵԱՀԿ-ի նախագահությունը ստանձնող Ղազախստանի կառավարության հետ խորհրդակցությունների համար: Աստանայում խորհրդակցություններից հետո նրանք կմեկնեն Սոչի, որտեղ հունվարի 25-ին կայանալու է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը: