Պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող Սպայի տունը
կառուցվել է 1830-ական թվականներին: Ստեղծման օրից այն մշտապես եղել է
մշակութային օջախ: Այստեղ գործել է գավառական դպրոց, ուր դասավանդել է
Խաչատուր Աբովյանը, գործել է Ջանփոլադյանների հայտնի թատրոնը, գործել է
որպես կինոթատրոն:
«Շենքը մշակութային արժեք ունի,- ասում է
Սպայի տան այժմյան տնօրեն, փոխգնդապետ Վահագն Մուղնեցյանը,- մենք այն
ժառանգեցինք Խորհրդային բանակից, այստեղ Կարմիր բանակի ակումբն է եղել,
որպես Սպայի տուն գործում է 1993 թվականից»: Սպայի տան առաքելությունը
ռազմահայրենասիրական դաստիրարակությունն է եւ սպաների ու նրանց
ընտանիքների անդամների հանգստի եւ ազատ ժամանակի կազմակերպումը: Թեեւ
շենքը հաճելի ժամանցի ապահովման համար բավարար պայմաններ չունի
(նախատեսված են եղել խաղասենյակներ, հանդիսությունների սրահ, ճաշարան,
սրճարան), սակայն ռազմահայրենասիրական դաստիարակության գործում լուրջ
հաջողություններ ունեն. «Սպայի տանը գործող «Սարդարապատ» պարի համույթն ու
«Զորական» երգչախումբը Հայաստանի եւ Արցախի զորամասերում տարեկան ավելի
քան 100 համերգ են տալիս, նրանց մատուցած ռազմահայրենասիրական երգերը
նպաստում են բանակում զինվորների ռազմահայրենասիրական դաստիարակությանը եւ
բարձր պահում մարտական ոգին»: Ի դեպ, «Զորական» համույթն ընդամենը չորս
տարեկան է, եւ այս ընթացքում հասցրել է ավելի քան 50 պատվոգրերի,
շնորհակալագրերի եւ մեդալների արժանանալ: Արդեն երկրորդ տարին է,
մասնակցում է Մոսկվայում կազմակերպվող «VIVAT VICTORIA»
ռազմահայրենասիրական երգի փառատոնին եւ վերադառնում գլխավոր մրցանակները
շահած:
Այս շենքի հետ կապված հաճելի հիշողություններ ունեն եւ՛ խորհրդային, եւ՛
հայոց բանակի զինվորականները: Ուստի հասկանալի է այն տրամադրությունը, որ
ունեն նրանցից շատերը՝ կապված վերջին շրջանում Սպայի տան շուրջը ծավալված
խոսակցությունների հետ:
Սպայի տունը վաճառվել է: Պաշտպանության նախարարությունը հերքում է այս
լուրը: Առավել եւս՝ խորհուրդ է տալիս չհավատալ այն լուրերին, թե Սպայի
տունը 50.000 դոլարով գնել է Իոսիֆ Կոբզոնը: Թեեւ խոսակցությունները սկիզբ
են առել հենց Սպայի տնից, սակայն Սպայի տան տնօրենն էլ զարմանք հայտնեց՝
լսելով հատկապես Կոբզոնի անունը:
ՊՆ լրատվության բաժնից տեղեկացրին, որ ընդամենը, կառավարության 2005
թվականի 58-Ն որոշման համաձայն, Սպայի տանը հատկացվելու է այլ տարածք՝
Ջրվեժ թաղամասում, ուր նախատեսված է կենտրոնացնել Պաշտպանության
նախարարությանը պատկանող նաեւ մի շարք այլ հիմնարկություններ: ՊՆ շենքերի
համալիրի շինարարական աշխատանքներն իրականացնում է «ԻՆԳԵՕԿՕՄ-ԵՐԵՎԱՆ»
ՓԲԸ-ն, որը պարտավորվել է երկու տարում իրականացնել օբյեկտի նախագծային եւ
շինարարական աշխատանքները:
Սպայի տան տնօրենը հեշտ չի տանում բաժանումը սիրելի տարածքից, բայց հույս
է հայտնում, որ նոր շինությունն ավելի մեծ հնարավորություններ կտա՝ Սպայի
տունն իր կոչմանն ավելի արդյունավետ ծառայեցնելու համար: «Պետք է ասել, որ
ներկայիս շենքն իսկապես խարխուլ, անմխիթար վիճակում է, սակայն, միաժամանակ
չի կարելի ժխտել, որ այն մշակութային արժեք է»,- ասում է Վ. Մուղնեցյանը:
Իսկ Սպայի ներկայիս տունը կհանձնվի «ԻՆԳԵՕԿՕՄ-ԵՐԵՎԱՆ» ՓԲԸ-ին, որն, ինչպես
կառավարության որոշման մեջ է արձանագրված, «օբյեկտի նախագծային եւ
շինարարական աշխատանքների իրականացման համար սեփական եւ իր կողմից
ներգրավված միջոցներից» կներդնի մոտ 25 մլն դոլարին համարժեք դրամ՝
փոխարենը, «որպես ծախսերի մասնակի փոխհատուցում»՝ կստանա ՊՆ-ին պատկանող
մի շարք շենքեր ու շինություններ, դրանց թվում նաեւ՝ Սպայի տունը: