Երկուշաբթի օրը Սոչիում կայանալու է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ընթացքում, ըստ որոշ կանխատեսումների, բացառված չէ նույնիսկ որեւէ փաստաթղթի ստորագրման հնարավորությունը: Եվ մինչ Հայաստանում վերջին օրերին ակտիվորեն քննարկում են հայ-թուրքական «ապամերձեցման» մանրամասները, ռուս-ադրբեջանական հարաբերություններում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք էապես կարող են ազդել ԼՂ հակամարտության կարգավորման վրա: Մասնավորապես, երեկ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը հայտարարել է, որ մտադիր է 2011 թվականին կրկնապատկել Ադրբեջանից ձեռք բերվող բնական գազի ծավալը: Այդ մասին համաձայնություն է ձեռք բերվել հինգշաբթի օրը Մոսկվայում «Գազպրոմի» եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության ղեկավարների հանդիպման ժամանակ: Այդպիսով, այս տարվա համար նախատեսված 500 միլիոն խորանարդ մետր գազի փոխարեն՝ Ռուսաստանը կգնի՝ 1 միլիարդ, իսկ արդեն 2011 թվականին` 2 միլիարդ խորանարդ մետր գազ: Բնականաբար, սա նախ եւ առաջ քաղաքական գործարք է եւ Ռուսաստանին հնարավորություն է տալիս զգալիորեն նվազեցնել «Nabucco» ծրագրի իրականացման հնարավորությունը: Ադրբեջանն էլ, բնականաբար, այս գործարքով ոչ թե գազի իրացման շուկայի խնդիր է լուծել, այլ «Nabucco»-ին «խփելու» հնարավորությունը վաճառել է Ռուսաստանին: Բացառված չէ, որ վաճառքի «գինը» հայտնի դառնա հենց հունվարի 25-ին` Սոչիում կայանալիք հանդիպումից հետո: