Երեկ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ՀՀ-ում գազամատակարարման սակագների վերանայման հայտերով: Ամսական մինչեւ 10 հազար նորմալ խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին (բաժանորդներին) վաճառվող յուրաքանչյուր հազար նորմալ խորանարդ մետր բնական գազի դիմաց գործող 96.000 դրամի փոխարեն ընկերությունն առաջարկում է 136.000 դրամ սակագին: Այսինքն, «ՀայՌուսգազարդն» առաջարկում է մոտ 41 տոկոսով բարձրացնել սովորական սպառողների համար գազի գինն այն դեպքում, երբ ընթացիկ տարվա բյուջեով թոշակների, նպաստների կամ աշխատավարձերի մասով ավելացում չի եղել: «Հերթական անգամ ՀՀ իշխանություններն ապացուցում են, որ իրենց քաղաքականությունը ՀՀ քաղաքացուն ուղղված չէ, այլ միայն եւ միայն խոշոր մոնոպոլիստների եւ օլիգարխների շահերի պահպանությանը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է տնտեսագետ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Նրա կարծիքով, գազի գնի հնարավոր կտրուկ թանկացման հիմնական պատճառն այն է, որ «ՀայՌուսգազարդը» հանդիսանում է գազի միակ մատակարարը: «Տեղյակ էինք, որ պետք է թանկանար ապրիլի 1-ից, բայց խոսվում էր 20 տոկոսի մասին: Հիմա 40 տոկոս են ասում, որ հետո մի քիչ իջեցնեն, ասեն՝ պետությունը մտածում է քաղաքացու մասին: Այսինքն, հերթական հիմար խաղն է»,- ասել է նա` նկատելով, որ «ՀայՌուսգազարդն» առանց այդ էլ տարիներ շարունակ ստացել է գերշահույթ, շնորհիվ նրա, որ մինչեւ 2009 թվականը դրամը Հայաստանում արժեւորվում էր: «Իսկ հիմա չգիտես ինչու են որոշել, որ պետք է 40 տոկոսով բարձրացնեն մանրածախի գինը: Առավել եւս պետք է հաշվի առնել, որ չեն բարձրանում ոչ նպաստները, ոչ թոշակները, ոչ էլ աշխատավարձերը: Բյուջեում որեւէ փոխհատուցում նախատեսված չի: Այդպես էլ լինում է. ժողովրդի կողմից չընտրված, ժողովրդի կարծիքը հաշվի չառնող իշխանությունն աշխատում է միայն ու միայն իր ու իրեն շրջապատող մոնոպոլիստների շահերը պաշտպանելու համար»,- ասել է նա: Իսկ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը նշել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է հստակ իր դիրքորոշումը հայտնի. պետք է կոնկրետ ընկերությունը գերշահույթներ ստանա՞ մեր բնակչության հաշվին, թե՞ ոչ: «Մի բան ակնհայտ է, գազի ստացման եւ մատակարարման տարբերությունը էական է: Իսկ այդ գումարը գնալու է ընկերության տերերի գրպանը»,- ասել է նա` հիշեցնելով, որ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 80 տոկոսը պատկանում է ՌԴ-ին` «Գազպրոմին»: Հնարավո՞ր է արդյոք սոցիալական բունտի առաջացում գազի սակագնի բարձրացման պատճառով: Այս հարցին Վահագն Խաչատրյանը պատասխանել է. «Միայն պայքարի եւ դժգոհության ձեւով ժողովուրդը կարող է հասկացնել իր զայրույթը, որովհետեւ իշխանություններին թվում է, թե իրենք ինչ անում են` ժողովրդի համար ընկալելի է: Բայց մեր ժողովուրդը միշտ ամեն ինչ կուլ է տվել»: