Ուժ են կիրառել

23/01/2010

Երեկ «Ֆիրդուսի» շուկայում առեւտրով զբաղվող քաղաքացիները ի նշան բողոքի փորձել են երթ անցկացնել դեպի Կառավարության շենք: Սակայն, դա նրանց չի հաջողվել, քանի որ բողոքի ակցիայի մի քանի տասնյակի հասնող մասնակիցները հանդիպել են ոստիկանական «պատի»: Ի պատասխան այն բողոքների՝ թե ինչ հիմքով են արգելում իրենց քայլել մայթով, երբ իրենց թիվը չի գերազանցում 100-ը, զայրացած ոստիկանները լեզվակռվից անցել են ուժի կիրառման` հրելով մի քանի կանանց եւ չթույլատրելով շարժվել առաջ: «Այսքան տարի ապրել եմ իմ հայրենիքում, զինվոր եմ տվել, պաշտպանել եմ իմ հայրենիքը, իրավունք չունե՞մ քայլել մայթերով, ամոթ չի՞»,- ըստ «Ա1+»-ի՝ ոստիկաններին դիմելով ասել է մասնակից կանանցից մեկը, ինչին ի պատասխան՝ նրանք ասել են, թե երթի մասնակիցները Երեւանի քաղաքապետարանից բողոքի ակցիա իրականացնելու թույլտվություն չունեն: Ավելի ուշ ոստիկանները ցուցարարներից հինգին թույլ են տվել անցնել իրենց իսկ ստեղծած պատի միջով եւ նամակ հանձնել կառավարությանը: «Մենք ուզում էինք գնալ կառավարության առաջ, սպասել այնտեղ մեր դիմումի պատասխանին, սակայն մեզ արգելեցին: Մեր դիմումի պատասխանն ենք ուզում իմանալ, որ հետագա քայլերը իմանանք»,- ասել են բողոքի ակցիայի մասնակիցները: Հիշեցնենք, որ «Ֆիրդուսի» շուկայի մոտ 600 աշխատակիցներ երեկվանից գործադուլ են հայտարարել. աշխատակիցները հրաժարվում են հաշվիչ- դրամարկղեր տեղադրել, իսկ գործող օրենսդրության համաձայն` մինչեւ 2010թ. հունվարի 1-ը բոլոր տոնավաճառներում պետք է հաշվիչ-դրամարկղեր տեղադրվեն: Նրանք հրաժարվում են պատճառաբանությամբ, որ միեւնույն է` այդ տոնավաճառը շուտով փակվելու է, եւ անիմաստ է ավելորդ գումար ծախսել: Երեկ սակայն «Ֆիրդուսի» տոնավաճառի աշխատակիցների մի մասը դադարեցրել է գործադուլը եւ բացել տաղավարները`պատճառաբանությամբ, թե ապրուստի այլ միջոց չունի: