Առանց «Մոցարտի էֆեկտի»

23/01/2010 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Դաժանությունը, վրեժխնդրությունը, չարությունը քաղաքական լուրջ գործիքներ են Հայաստանում: Եվ այդ վատ օրինակը արագ յուրացնում է հասարակության ամենաանպաշտպան մասը` երեխաները: Ասել, որ երկրի բարձրագույն ղեկավարությունն այդպիսին է, որովհետեւ մանուկ հասակում հեծանիվ չի ունեցել, շատ ռոմանտիկ կլինի: Ամեն դեպքում, մանկությունը տալիս է շատ հարցերի պատասխաններ: Հիշո՞ւմ եք, վերջերս Երեւանում դանակահարվեց Չարենցի անվան թ. 67 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սոս Մելքոնյանը: 16-ամյա այդ տղային խոհանոցային դանակի հարվածներով սպանել էր իր հասակակից մեկ այլ երեխա` որպես պատասխան իրեն հասցված վիրավորանքի: Հետաքրքիրն այն է, որ մարդասպանը չէր զղջում արածի համար, այլ հիմնավորում էր սպանությունը: Ճիշտ, ինչպես վարվում են քաղաքական վերնախավում: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը եւ Երեւանի Հերացու անվան բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչիկ Գասպարյանը համաձայն են, որ ագրեսիայի, դաժանության համար մեր կյանքում կան բոլոր բացասական նախադրյալները: Եվ որ հարվածի տակ նախեւառաջ մեր երեխաներն են:

Լ.Ա. – Պարոն Բլեյան, քաղաքական առանցքային պրոցեսներն այսօր տեղի են ունենում դպրոցներում: Ընտրությունների ժամանակ դպրոցները ծառայում են որպես ընտրատեղամասեր, տնօրեններն ակտիվորեն մասնակցում են կեղծիքների, ծնողներին քարոզում են իշխանության թեկնածուի օգտին: Եվ երեխաները տեսնում են այս ամենը: Այսինքն` դպրոցը դարձել է մի վայր, ուր ծնողն իր երեխային տանում է ոչ առանց լուրջ անհանգստության: Նման միջավայրում անպաշտպան երեխան կարող է դառնալ դաժան եւ ագրեսիվ:

Ա.Բ.
– Անպայման: Մենք կարծում ենք` երեխաները մեր ցանկություններն են. եթե ցանկանում ենք, որ լինի այսպես, երեխան այդպես պիտի անի: Եթե նկատել եք, բաժակաճառերի մեջ հենց այդ ցանկություններն էլ դրվում են: Իրականում` երեխան իրականության ազդեցությունն անպայման կրում է: Եվ ո՞նց կարող է այս իրականությունն այլ պտուղներ տալ: Ի վերջո, որքա՜ն ուժեղ է երեխան. ազդեցությունը շատ ավելի կործանարար կլիներ, եթե նա բնությունից օժտված չլիներ դիմադրողականությամբ: Երեխան այսօր ապրում է բավական նեղ կյանքով, որը նրան պարտադրված է: Կյանքը շատ այլանդակ դրսեւորումներ կարող է ունենալ: Ռուսներն ասում են.«Տօ լի յեշչօ բուդետ»:

Լ.Ա. – Բայց երեխան իրո՞ք նեղ միջավայրում է ապրում: Երեխայի առաջ միայն ինտերնետով բացվում է ողջ աշխարհը: Գումարած հեռուստատեսությունը: Այսօր փոքրիկ երեխային հեռուստատեսության, ինտերնետի միջոցով այնպիսի ինֆորմացիա է փոխանցվում, որը ավագ սերնդի ներկայացուցիչները կարողանում էին ձեռք բերել դժվարությամբ, հաճախ` կյանքի մայրամուտին:

Խ.Գ. – Կարծում եմ` երեխաների համար այնպիսի արժեքային կողմնորոշիչ համակարգ ենք ստեղծում, որն իր մեջ ունի բազմաթիվ վտանգներ: Օրինակ` հեռուստատեսությունը նրանց փոխանցում է հարաբերությունների, վարքի այնպիսի մոդելներ, որտեղ վենդետան կարեւոր է, որտեղ կարելի է մարդուն անարգել սպանել: Մենք մի ուսումնասիրություն ենք արել: Կազմել էինք ազգային հերոսների ցուցակ Երկրորդ համաշխարհային պատերազմից եւ Ղարաբաղի պատերազմից: Մարդիկ էին, ովքեր պաշտոնապես համարվում են հերոսներ, ստացել են համապատասխան շքանշան: Ցուցակը տվել էինք մի քանի բուհերի ուսանողների: Ուսանողները պետք է նշեին` ում էին ճանաչում: Պարզվեց` Սողոմոն Թեհլերյանին, Անդրանիկին ճանաչում են բոլորը, Երկրորդ համաշխարհայինից մի քանիսին կցկտուր էին ճանաչում, իսկ Արցախի հերոսամարտի հերոսներին գրեթե չէին ճանաչում: Մոնթե Մելքոնյանին հարցման 200 մասնակիցներից ճանաչում էին միայն 20-25-ը: Փոխանակ մեր ընտանիքներում, հեռուստատեսությամբ այդ արժեքները փոխանցենք, երեխաներին փոխանցում ենք յուրահատուկ փոխհարաբերություններ, որոնք կարող են ավարտվել սպանությամբ: Մի երեխայի հիշեցի, ով հերթական սերիալը դիտելուց հետո ինքնասպանության փորձ էր կատարել:

Ա.Բ. – Կարծում եմ` երեխաների վրա բացասական շատ ավելի մեծ ազդեցություն է գործում մեծերի անապագա ներկան, այս անհեռանկարայնությունը: Եթե թաքնված տեսախցիկով նկարահանվեր երեւանյան միջին մի ընտանիքի առօրյան, հոգսերը, անորոշությունըգ Երեխան ենթագիտակցորեն կամ ուղղակիորեն կրում է այդ ողջ լարվածությունը: Տանից այդ երեխան գալիս է դպրոց: Պատկերացրեք դպրոցական միջավայրը, լարվածությունը: Հետո երեխան` փողոցում: Պարոն Գասպարյան, ասացիք` ուսումնասիրություն եք արել: Ես ուրիշ ուսումնասիրություն կանեի` երեխան Մոցարտ լսո՞ւմ է:

Խ.Գ.
– Կամ ազգային երաժշտություն:

Ա.Բ. – Թող լինի ազգային, Կոմիտաս: Մոցարտից ազգային բան ես չգիտեմ` ստեղծված հատուկ երեխայի համար: Նկատի ունեմ այն աշխարհը, որը կարող է բարերար ազդել երեխայի վրա, նրան կտրել այլ բաներից:

Լ.Ա. – Նշեցիք, որ եթե միջին հայաստանցու ընտանիքները նկարահանեին թաքնված տեսախցիկով, տխուր պատկեր կունենայինք: Բայց չէ՞ որ ուսուցիչները, ովքեր աշխատում են դպրոցներում, գալիս են հենց այդ ընտանիքներից:

Ա.Բ. – Ես այլեւս չեմ օգտագործում «երեխաների համար» արտահայտությունը: Ասում եմ` երեխաների հետ: Եթե մի բան երեխաների հետ չէ, ներեցեք, երեխաների համար չէ: Երեխան հետո չի գնահատի արվածը, որովհետեւ ինքը դրան չի մասնակցել; Հետո պիտի ասենք` երախտամոռ է, մուննաթ գանք, հաշիվ պահանջենք: Մեր կրթահամալիրում ձգտում ենք ամեն ինչ անել երեխաների հետ:

Խ.Գ.
– Ձեր դպրոցում չե՞ն լինում ագրեսիայի դրսեւորումներ:

Ա.Բ. – Որպես հոգեբան` համաձայն կլինեք, որ յուրաքանչյուր դեպք պահանջում է հատուկ ուսումնասիրություն: Շատ հնարավոր է, որ տվյալ դպրո՛ցը չլինի գլխավոր մեղավորը, այլ անձնային, ընտանեկան խնդիրները: Այլ հարց է` կա՞ դպրոցում միջավայր, հող` ագրեսիվ դառնալու համար:

Լ.Ա.- Մենք երեխաների ագրեսիվությունը պայմանավորում ենք հայկական իրականությամբ, տխեղծ սերիալներով, սակայն եվրոպական երկրներում, Միացյալ Նահանգներում պարբերաբար որեւէ դպրոցական կամ ուսանող զենքը ձեռքին, մտնում է դպրոց, գնդակահարում աշակերտներին, ուսուցիչներին: Վերջում էլ` ինքնասպան լինում:

Խ.Գ.
– Գիտենք, որ մարդը, նաեւ կենդանական աշխարհի ներկայացուցիչներն, ի ծնե, ունեն ագրեսիայի որոշակի պաշար: Ինչը անհրաժեշտ է դրական իմաստով: Օրինակ` օրվա վերջին պետք է օգտվեք տրանսպորտից, եւ եթե ագրեսիա չցուցաբերեք, կարող է կանգառում այդպես էլ կանգնած մնաք: Դա ագրեսիայի այն դրական մասն է, որը մեզ անհրաժեշտ է գոյատեւելու համար:

Լ.Ա. – Բայց այդ ագրեսիան դրական է երթուղային նստողի համար, իսկ նրա համար, ում նա հրել է` թույլ չտալով նույնն անել, ագրեսիան խիստ բացասական է:

Խ.Գ.
– Այնուամենայնիվ, պետք է որոշակի նախաձեռնություն, ավելի շատ էներգիա դնեք` հաղթահարելու դժվարությունը: Իսկ, օրինակ, ԱՄՆ-ի որոշ նահանգներում թույլատրվում է զենք կրել` ինքնապաշտպանական նկատառումներով: Հիշենք Ստանիսլավսկուն` եթե ներկայացման մեջ կա պատից կախված հրացան, այն պետք է կրակի: Մենք խոսում ենք մեզանում տեղ գտած այնպիսի երեւույթի մասին, որն առաջ այդքան հաճախակի չէր, հիմա հաճախակի է: Մի քանի օր առաջ էլ տեղեկացա, որ Վանաձորում դանակահարել են 16-ամյա մի տղայի: Պատճառներ փնտրում ենք ամենուր, սակայն մի բան կա` մենք այսօր չունենք որոշակի ճշտված ազգային գաղափարախոսություն: Ես, օրինակ, չգիտեմ` որպես համալսարանի դասախոս, ո՛ր գաղափարախոսության վրա հենվեմ, որպեսզի դաստիարակեմ: Վակուումի մեջ կարող են թափանցել թե՛ կրոնական հոսանքներ, թե՛ ագրեսիվ երեւույթներ: Ինչո՞վ ենք մենք այսօր կերակրում մեր մատաղ սերնդին: Կարծում եմ` ստացված մեսիջները կրում են ագրեսիվ, բացասական բնույթ:

Ա.Բ. – Ներեցեք, նոր խոսում էիք հերոսներից: Այդ ո՞ր հերոսի մասին է խոսքը, ում 8 տարով դատեցի՞ն: Խոսքը Սասուն Միքայելյանի մասին է: Ամեն օր կարդում ենք, որ նրա առողջությունը այն չէ, որ նա ունի վիրահատման կարիք, եւ ցույց ենք տալիս, թե ինչպես կարելի է հերոսի հանդեպ գործել ողջ դաժանությամբ: Այս շփոթի մեջ մարդն ի՞նչ հասկանա:

Խ.Գ. – Ձեր ասածն իմ ասածին չի՛ հակասում:

Ա.Բ. – Հերոսը երեխայի համար իր պապիկն է, իր հայրը, շատ կոնկրետ մարդ, ում ինքը ճանաչում է: Մնացածն օտարված են: Մանավանդ, որ մեր իրականության մեջ հերոսն ու հակահերոսը շատ արագ են փոխվում:

Լ.Ա. – Վերջին տարիներին այդ հակահերոսը, ում հերոսացնում է ողջ հասարակությունը, ԶԼՄ-ները, ակադեմիկոսները նրա վզից բազում մեդալներ են կախում, չի փոխվում: Նույնն է: Նա օլիգարխ է, նաեւ քաղաքական գործիչ: Նրա մեքենայի համարանիշն իմանալը, թիկնապահների անունները գիտենալը արդեն բավարար գիտելիք է` բուհ ընդունվելու համար:

Ա.Բ. – Դպրոցից է գալիս: Երբ մենք կլանված ենք իրական աշխատանքով, դա ամենապաշտպանիչ բանն է:

Լ.Ա. – Դատարկ ինֆորմացիայից աշխատանքով պաշտպանվելը լուրջ գիտակցություն պահանջող աշխատանք է, ինչին դպրոցահասակ երեխաներից քչերն են հասնում: Կա՞ն ախտանշաններ, որոնք կարող են ծնողին հուշել, որ իր երեխայի հետ ինչ-որ բան այն չէ:

Խ.Գ.
– Երեխայի տրամադրության շեշտակի փոփոխությունը` անկումային կամ հակառակը, երեխայի վարքի մեջ անսպասելի շրջադարձեր կարող են լինել, մյուս ախտանշանն առաջադիմության անկումն է, մյուսը` քնի խանգարումը, ինքնամփոփվածությունը:

Ա.Բ.
– Ստանդարտներ են դրվում, որ երեխան պիտի իմանա սա, սա, սա. մոռանում ենք, որ մանկավարժության մեջ գլխավորն ինչպեսն է: Մի օրինակ բերեմ. քաղաքային աղմուկն ինձ նյարդայնացնում է: Այս անծառ, շենքերի մայրաքաղաքը մի Բանգլադեշի է վերածվել: Այս բոլորը չեն կարող երեխայի վրա ազդեցություն չունենալ: Ինքս տարիներ առաջ առողջական խնդիր ունեցա, մի քանի օր հիվանդանոցում էի, եւ եթե չլիներ դասական երաժշտությունը, ինձ շատ դժվար կլիներ դիմանալ: Մոցարտը ինձ փրկեց: Տեսեք, դպրոցական ծրագիրը միտված է պորցիաներով մաքուր գիտելիք տալ երեխային: Ամեն օր այսքան գիտելիք լցրու երեխայի գլուխը, տասը տարում կմեծանա, կլինի երջանիկ: Բայց էդպես չի: Երաժշտություն ասվածը դուրս է մղված դպրոցից: Երաժշտություն են անցնում մինչեւ

4-րդ դասարան: Հասունացման շրջանում երեխան մնում է առանց Մոցարտի (Մոցարտը պայմանական եմ ասում): Այդ երեխայի մտածողությունը, ճաշակը մնում է թերի: Դպրոցն այսօր գործունեություն է, աղմուկ` առանց մշակույթի, երաժշտության, մարզական կուլտուրայի:

Խ.Գ.
– Ես հավատում եմ, որ մենք ունենք ռացիոնալ մաս մեր հասարակության մեջ: Մեր արժեքային համակարգը, որ մատուցում ենք նոր սերնդին, բավականաչափ թերի է, եւ շատ անելիք ունենք հատկապես ազգային դաստիարակության ոլորտում: Մոցարտից խոսեցիք: Հոգեբանության մեջ կա «Մոցարտի էֆեկտ» հասկացություն: Դա երաժշտության թերապիայի մեթոդ է, որը կիրառվում է բոլոր այն դեպքերում, երբ խոսքն ու դեղորայքը չեն օգնում: Մեր հասարակությանը պակասում է այդպիսի էֆեկտ, որը կօգնի ուշքի բերել մեզ:

Ա.Բ.
– Կարդացեք երեխաների համար Թումանյանի հեքիաթները, շատ ժամանակ անցկացրեք նրանց հետ, զրուցեք, պատմեք ձեր մասին, ձեր հոգսերից, իրենց ներգրավեք ձեր գործերում: Մեր երեխաները մարդկային ամենապարզ, սովորական շփման կարոտ են: