Դիմելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, իր բաց նամակում գրել է վեց երեխաների մայր Անուշ Խեչումյանը
Թեեւ սոցիալական ոլորտի պատասխանատուների հրապարակած գործազրկության պաշտոնական թվերը դեռեւս չեն ահազանգում 2010թ. սպասվող գործազրկության թվի աճման միտումի մասին, այդուհանդերձ, մասնագետների գնահատմամբ` այս տարի Հայաստանում սպասվում է գործազրկության 30%-ից ավելի աճ: Այս կանխատեսումները հաստատվում են նաեւ «168 Ժամ» թերթ դիմող բազմաթիվ քաղաքացիների աշխատանքը կորցնելու հետ կապված դժգոհություններով: Երեկ խմբագրություն էր եկել Անուշ Խեչումյանը եւ խնդրում էր թերթում տպագրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված իր բաց նամակը: Անուշը վեց երեխաների մայր է եւ, արդեն 20 տարի է` բնակվում է Երեւանի վագոնային դեպոյի վարչական շենքերից մեկում: Հիշեցնենք, որ երկաթգիծը ներկայումս շահագործում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն, եւ վագոնային դեպոյի ենթակառուցվածքները պատկանում են ռուսներին: Ա. Խեչումյանի հավաստմամբ` մեկ ամսվա ընթացքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում աշխատող իր ամուսնուն` Ռուբիկ Գեւորգյանին, եւ որդուն` Արթուրին, ազատել են աշխատանքից ոչ հիմնավոր պատճառներով: Ըստ նրա, Արթուրը երկաթգծում աշխատում էր որպես բանվոր, իսկ մասնագիտությամբ զոդիչ ամուսինը 20 տարի շարունակ այդ հաստատությունում աշխատել է որպես զոդիչ: Վերջինս հայտարարում է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում համատարած կրճատումներ են տեղի ունենում։ «Իսկ ընկերության նախագահ Շայդուլինի հեռուստատեսությամբ արած հայտարարությունները, թե` մեզ նոր կադրեր են պետք` իրականությանը չեն համապատասխանում, քանի որ նրանք հիմա ամեն ինչ անում են կադրերի քանակը կրճատելու համար»,- ասում է Ա. Խեչումյանը, ով մեզ ներկայացրեց ամուսնուն` Ռ. Գեւորգյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երեւանի վագոնային դեպոյի պետ Հ. Վահանյանի ծանուցումը: Ծանուցման մեջ ասվում է. «Ղեկավարվելով ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 115 հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի դրույթներով՝ ընկերության վարչա-կազմակերպական կառուցվածքի եւ հաստիքացուցակի փոփոխության հետ կապված «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ եւ Ձեր միջեւ 01.06.2008թ. կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա լրանալը լուծվելու է 01.02.2010թ., համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 109 հոդվածի 4-րդ կետի եւ 113 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի»: Ինչ վերաբերում է Ա. Խեչումյանի որդուն աշխատանքից ազատելուն, ապա այդ կապակցությամբ ծանուցում կամ հիմնավորում ընկերության կողմից ընդհանրապես չի եղել: Ստորեւ որոշ կրճատումներով ներկայացնում ենք Ա. Խեչումյանի բաց նամակն՝ ուղղված ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին. «Մեծարգո պրն նախագահ. հայտնում եմ այն մասին, որ Արցախի 32 հասցեում ապրում եմ 1995-ից վեց երեխաներիս եւ ամուսնուս` Ռ. Գեւորգյանի հետ: Ռ. Գեւորգյանը 20 տարուց ավելի աշխատել է «Հարավկովկասյան երկաթուղու» վագոնային դեպոյում որպես զոդող: Հաշվի չառնելով մեր ընտանիքի բազմանդամ կարգավիճակը եւ սոցիալական ծանր կենսապայմանները, պրն Վահանյանն ամուսնուս կանչեց եւ ասաց, որ ինքն այլեւս չի կարող ապահովել աշխատանքով, բայց փոխարենը կուղարկի Մասիս կայարան երկաթգծում աշխատելու: Մասիս կայարանից էլ ամուսնուս հայտնել են, որ զոդողի տեղ չունեն: Ամուսինս զրկվել է աշխատանքից, իսկ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կադրերի բաժնից թույլ չեն տալիս, որ նա հանդիպի պրն Շայդուլինի հետ աշխատանքը վերականգնելու խնդրանքով: Շայդուլինի ընդունելության օրերին էլ պատճառաբանում են, թե նա գտնվում է Մոսկվայում, եւ թույլ չեն տալիս նրան տեսնել: Պրն Վահանյանը վերջերս կանչել է ամուսնուս եւ ստիպել է գրել իրենց թելադրանքն ու ստորագրել` ասելով, որ այդպես գոնե 2 ամսվա աշխատավարձը կստանա, երեխաները հացի փողից չեն զրկվի, իսկ չստորագրելու դեպքում` գումարը չեն տա: Հարգելի պրն նախագահ, մենք թիկունք չունենք: Մեր խնամքի տակ վեց երեխա ունենք, որոնցից երեքն անչափահաս են: Ընտանիքի միակ կերակրողը ամուսինս էր: Իմ տերն Աստվածն է, իսկ թիկունքս` Դուք: Ես հենվում եմ այսօրվա իմ իշխանությունների վրա եւ հույս եմ հայտնում, որ Դուք միջոցներ ձեռք կառնեք այս իրավիճակից փրկելու ընտանիքիս: Որպեսզի փողատերերը հասկանան, որ ոչ թե ինչպես կասեր Հովհ. Թումանյանը` «Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր», այլ, որ` «Արդարության դեմ ուժեղն էլ իշխանություն չունի»: Ոչ թե ճնշում գործադրեն բանվոր դասակարգի վրա, այլ հարգանքով վերաբերվեն, քանի որ ոչ թե իրենք են քրտնում բանվորի համար, այլ բանվորն է քրտնում իրենց համար: Հարգարժան նախագահ. խնդրում եմ օգնել իմ ընտանիքին եւ միջոցներ ձեռք առնել այս անարդարության դեմ պայքարելու համար: Կանխավ շնորհակալություն»: