Գեներալը վռնդել է բժիշկներին

07/09/2005 Հասմիկ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Էջմիածնի հակատուբերկուլյոզային դիսպանսերն, արդեն երկու շաբաթ է,
տեղափոխվել է Էջմիածնի հիվանդանոց՝ զբաղեցնելով առաջին հարկի չորս
սենյակները: Այստեղ նախկինում աշխատել է հիվանդանոցի հաշվապահությունը:
Դիսպանսերի բժիշկների վկայությամբ՝ նրանք տեղափոխվել են ՀՀ պաշտպանության
փոխնախարար, գեներալ Մանվել Գրիգորյանի կարգադրությամբ, քանի որ վերջինս
մարզպետարանից գնել է այդ տարածքը՝ «իր համալսարանն» ընդարձակելու համար:
Դիսպանսերի մեծահասակների բժշկուհի, ֆթիզիատոր Բելլա Բաղդասարովայի
պատմելով, մարզպետարանի աշխատակիցները, պատճառաբանելով գեներալի
կարգադրությունը, հանձնարարել են շտապ տեղափոխվել եւ ազատել շենքը: «Մենք
էլ ափալ-թափալ հավաքվեցինք, չիմանալով՝ որտեղ ինչ ենք դրել, մի կերպ
դասավորեցինք»,- ասում է նա: Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը
հեռախոսազրույցի ժամանակ խնդիրը շտապեց մեկնաբանել այսպես. «Դիսպանսերը ոչ
մի բանով չի տուժել: Ուսանողների համար տհաճ կլիներ, որ այն մնար իր
տեղում»:

Նոր դիսպանսերը թեպետ փոքր-ինչ վերանորոգվել է, բայց դրա նեղ սենյակներում
բացակայում են բժիշկների նորմալ աշխատանքի համար անհրաժեշտ մինիմալ
պայմանները: Տեղի լաբորատորիայում եւ սրսկումների սենյակում լվացվելու
համար ջուր չկա, իսկ զուգարանի ջուրն էլ անընդհատ հավաքվում եւ դուրս չի
թափվում: «Տեսանք, որ իրենք չեն գալիս շարունակելու իրենց կիսատ թողած
գործը, ստիպված էլեկտրիկ կանչեցինք, հոսանքի հարցը լուծվեց, բայց հեռախոսի
հարցը դեռ մնում է»,- նշում է տիկին Բաղդասարովան:

Նրանք չգիտեն՝ տարածքը իրենց տրված է վարձակալակա՞ն հիմունքներով, թե՞ ոչ:
«Եկան ասացին՝ այսուհետեւ շենքը պատկանում է համալսարանին, դուք պետք է
աշխատեք հիվանդանոցի առաջին հարկում, թե ի՞նչ պայմաններում՝ չասացին:
Հիմա, կոպիտ ասած, հիվանդանոցի տնօրենի տնվորն ենք: Ոչ ոք մեզ չի ասել՝
պետք է վճարե՞նք տեղի համար, թե՞ ոչ»,- ասում է մանկաբույժ Աննա Օհանյանը:

Նախկինում հակատուբերկուլյոզային դիսպանսերի 12 հոգանոց բուժանձնակազմն
աշխատում էր 8 սենյակում: Նշենք, որ դիսպանսերն ունի Էջմիածնի շրջակա
գյուղերից հաշվառված տուբերկուլյոզով 600 հիվանդ: Օրական դիսպանսեր է
գալիս 10-15 հիվանդ՝ ներարկվելու, դեղորայք ստանալու եւ բուժզննում
անցնելու համար: