Եվ ոչ մի խոսք Գյումրիի նավահանգստի մասին

21/01/2010 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Եվ այսպես, երեկվանից Հայաստանի Հանրապետության նախարարները սկսել են նախորդ տարվա գործունեությանը վերաբերող հաշվետվությունները եւ ընթացիկ տարվա ծրագրերը ներկայացնել վարչապետին։ Քանի որ անցնող տարվա ամենակարեւոր իրադարձությունը տնտեսական ճգնաժամն է, կարծում ենք՝ ընթերցողներին հետաքրքիր կլինի ծանոթացնել Էկոնոմիկայի նախարարության հաշվետվության հետ։

Էկոնոմիկայի նախարարությունը միշտ էլ աչքի է ընկել «գրավոր աշխատանքների» նկատմամբ ունեցած իր հատուկ վերաբերմունքով։ Միանգամից նշենք, որ միայն այս նախարարության բնորոշ ոգեւորությունը, անբացատելի լավատեսությունը եւ ամենաբացասական երեւույթները դրական լույսով ներկայացնելու հակումը միանգամից աչքի է զարնում 13 էջանոց փաստաթղթի մեջ։

Հաշվետվությունը սկսվում է հետեւյալ նախադասությամբ. «2009 թվականը ՀՀ էկոնոմիկայի նախարարության համար նշանավորվել է առաջնահերթ քաղաքականությունների ուրվագծման, ինստիտուցիոնալ ձեւավորումների, լայնամասշտաբ ծրագրերի նախաձեռնումների, կարողությունների զարգացմանն ուղղված գործընթացների մեկնարկի տեսանկյունից»: Հետո խոսվում է այն մասին, որ նախարարության գործունեության առանցքում դրվել են հասարակության հետ երկխոսության ընդլայնման, հաշվետվողականության մակարդակի եւ կառավարման արդյունավետության բարձրացման սկզբունքները: Իսկ այդ գործելակերպը, ինչպես փաստում են հաշվետվության հեղինակները, հնարավորություն տվեց «համարժեք արձագանքել նոր մարտահրավերներին, արդյունավետ շարունակել մեկնարկած ինստիտուցիոնալ բարեփոխումները եւ հիմքեր ձեւավորել հեռանկարային զարգացման ծրագրերի համար»: Տնտեսական անցուդարձին անտեղյակ մեկը, կարդալով այս ամենը, չի էլ կարող պատկերացնել, որ նախորդ տարին վատագույն տարին է եղել մեր տնտեսության համար, ունեցել ենք 16%-անոց տնտեսական անկում, ներդրումների, տրանսֆերտների կրճատում, արտահանման ծավալների էական նվազում, հարկերի թերհավաքագրում եւ այլն։ Սակայն ԷՆ-ը հաջորդ տողում ինքն է հիշեցնում ճգնաժամի գոյության մասին, եւ նշում, որ «ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա հնարավորինս մեղմելու եւ սպասվող սոցիալական լարվածությունը կանխելու նպատակով համալիր միջոցառումներ ձեռնարկվեցին ռեսուրսների նպատակային ուղղորդման համար»:

Իսկ ի՞նչ համալիր միջոցառումներ են իրականացվել։ Նախարարությունն առաջին պարբերությամբ նշում է, որ մոբիլիզացվեցին գործընկեր դոնոր կազմակերպությունների ռեսուրսները: Հետո մանրամասնում են՝ Համաշխարհային բանկից ներգրավվեց շուրջ 700 մլն ԱՄՆ դոլարի վարկային ռեսուրս, հետո՝ եւս 60 մլն դոլար, Արժույթի միջազգային հիմնադրամից՝ շուրջ 500 մլն ԱՄՆ դոլար, Ասիական զարգացման բանկից՝ 80 միլիոն, Եվրամիությունից՝ 100 մլն, եւ այլն։

Հաշվետվությունը, ինչպես մենք ենթադրում էինք, պետք է լիներ արդյունքների մասին։ Օրինակ՝ ինչ արդյունքներ ենք ունեցել վերը նշված շուրջ 1.5 միլիարդ դոլարը ներգրավելու արդյունքում։ Այս մասին գրեթե ոչինչ չկա գրված։ Իհարկե, ԷՆ մասնագետները նշել են, որ «Հակաճգնաժամային քաղաքականության իրականացման շրջանակներում գործուն աջակցություն ցուցաբերվեց իրական հատվածին»: Խոսվում է ԱԱՀ-ի մասին օրենքում կատարված փոփոխության մասին, ըստ որի՝ 300 միլիոն դրամը գերազանցող առանձին ապրանքների ներմուծման ԱԱՀ-ի վճարման ժամկետը հետաձգվում է 3 տարի ժամկետով: Չեն մոռացել նաեւ Օպերատիվ շտաբի մասին, որը դիտարկել է մոտ 300 բիզնես ծրագրեր, որոնցից դրական ընթացք են ստացել 14.1 միլիարդ դրամ արժողությամբ 24 նախագծեր: Մնացած գումարների, դրանց օգտագործման արդյունավետության մասին հաշվետվությունում ոչինչ չկա։ Ճգնաժամի հետեւանքները մեղմելու ուղղությամբ կատարված աշխատանքների թվում նշվում է նաեւ հետեւյալ կետը. «Իրականացվել են հետազոտական-վերլուծական աշխատանքներ»։ Այստեղ հիմնականում խոսք է գնում տարբեր համաժողովներին ակտիվորեն մասնակցելու, զեկույցներ կազմելու եւ այլ հույժ կարեւոր միջոցառումների մասին։

Նշենք, որ հաշվետու ժամանակաշրջանի համար Նախարարության գործունեության օրակարգում թիրախավորվել էին ութ գերակա խնդիրներ`

1. Գիտելիքահենք տնտեսության ենթակառուցվածքի ձեւավորում։

2. Արդյունաբերական քաղաքականության ռազմավարության իրականացում։

3. Հայաստանում տեղեկատվական հասարակության ձեւավորման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում։

4. Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքակազմի հասանելիության ապահովում:

5. Միջազգային չափանիշներին համապատասխան համապատասխանության գնահատման համակարգի ձեւավորում։

6. Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ եւ գրավիչ երկրի նկարագրի ձեւավորում, ներկայացում եւ ամրապնդում։

7. Հայաստանի` որպես գործարարության իրականացման համար բարենպաստ երկրի նկարագրի ձեւավորում եւ ամրապնդում։

8. Կայուն զարգացման ծրագրի իրականացման համակարգի ներդրում:

Դրանց իրագործման համար իրականացվել են հետեւյալ աշխատանքները:

Այս կետերից յուրաքանչյուրի համար հաշվետվության հեղինակները նշել են կատարված միջոցառումները, որոնք կրկին իրենցից ներկայացնում են հիմնականում հայեցակարգերի մշակումներ, ռազմավարությունների ընդունումներ, զեկույցներ, համաժողովներ, օրենսդրական փոփոխություններ եւ այլն։ Թե ինչ արդյունքներ կտան անցած տարվա ընթացքում այս բոլոր հայեցակարգերն ու օրենքները եւ երբ դրանք շոշափելի կլինեն, դեռ հայտնի չէ։ Կարելի է ասել, որ նախորդ տարին ավելի շատ եղել է խոսելու (կամ գրելու), քան գործելու տարի։

Իսկ ընթացիկ տարվա ծրագրերը, որոնք «կապահովեն բեկումնային առաջընթաց եւ կգտնվեն Էկոնոմիկայի նախարարի անմիջական վերահսկողության ներքո», չորսն են՝

1. Տեսչական բարեփոխումների պիլոտային փուլի (բարեփոխում 3 տեսչություններում) ամփոփում եւ որակի համակարգի վերակառուցում` Եվրոպական չափանիշներին համապատասխան։

2. «Ձեռնարկություն Հայաստան» (Enterprise Armenia) hայեցակարգի հաստատում կառավարության կողմից եւ ներդրում։

3. Գիտակրթական լաբորատորիաների հիմնում` արդյունաբերություն, կրթություն եւ գիտություն կապը ուժեղացնելու համար (օրինակ՝ Ֆիզիկայի ինստիտուտի` Ազգային գիտական լաբորատորիայի վերակառուցման ավարտ եւ ցիկլոտրոնային կենտրոնի հիմնում)։

4. «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի ամբողջական ներդրում. 15 հազար համակարգչի վաճառք, ուսուցիչներին համակարգիչներով ապահովելու ծրագրի մեկնարկ, մի քանի ամսով անվճար ինտերնետի հասանելիություն եւ լեզուներ, մաթեմատիկա ու բնագիտություն սովորելու հնարավորություն:

Ինչ վերաբերում է այն ծրագրերին, որոնք պարունակում են տնտեսական աճի ցուցանիշի բարելավման ներուժ, նախարարությունը դրանց թվում նշել է Զվարթնոց ազատ տնտեսական գոտու ներդրումային ծրագրի մեկնարկը, միջուկային բժշկության ֆրանսիական կենտրոնի կառուցման մեկնարկը եւ այլն:

Էկոնոմիկայի նախարարությունն այս տարվա ընթացքում նախատեսել է նաեւ մի շարք ներդրումային ծրագրերի իրականացում, որոնց արդյունքում կստեղծվեն նոր աշխատատեղեր։ Ինքներդ կարող եք տեսնել, թե ինչ կարեւոր եւ դարակազմիկ նախագծերով է այս տարի լուծվելու գործազրկության խնդիրը.

– Շվեյցարական ներդրողի կողմից ջրերի արտադրության հիմնում Կոտայքի մարզում եւ բարձրակարգ հյուրանոցի կառուցման մեկնարկ Երեւանի Կիլիկիա թաղամասում,

– Հնդկական Firestone ընկերության բարձրակարգ ոսկերչական իրերի արտադրության գործարանի բացում` ապահովելով ադամանդագործությունից մինչեւ պատրաստի ոսկերչական իրերի արտադրության շղթայի գործառնությունը,

– Լոռու մարզում ՎԿՍ Արմենիա ընկերության կողմից հագուստի կարի ֆաբրիկայի առաջին բաժանմունքի բացում:

Իրոք տպավորիչ է։ Մանավանդ հյուրանոցը, որը «պատիվ տալու տեղերի»՝ խիստ հայկական տնտեսական քաղաքականության անբաժանելի մասն է։