Բրոնխիալ ասթմա

21/01/2010 Սուսաննա ԱԶԱՏՅԱՆ

Բրոնխիալ ասթման անընդհատ կրկնվող վարակային կամ ոչ վարակային բնույթի ալերգիկ հիվանդություն է, որը կլինիկորեն դրսեւորվում է բրոնխների լորձաթաղանթի այտուցի եւ գերարտազատման պատճառով հանկարծակի զարգացող շնչահեղձության նոպայով:

Վերջին ժամանակներս բրոնխիալ ասթմայով հիվանդների քանակը շատ մեծացել է: Պետք է ասել, որ փոխվում են ոչ միայն հիվանդության հաճախականությունը, այլ նաեւ ընթացքն ու բնույթը: Նախկինում այն համարվում էր կյանքի համար ոչ շատ վտանգավոր հիվանդություն, իսկ այսօր հանդիպում են ծայրահեղ ծանր ընթացող նոպաներ` կասկածելի ելքերով:

Բրոնխային ասթմայի հիմնական պատճառն օրգանիզմի գերզգայունությունն է վարակային կամ ոչ վարակային ալերգիաների նկատմամբ: Նպաստող գործոններ են հանդիսանում բրոնխաթոքային ապարատի վարակային ոչ հատկանշական ախտահարումները, վարակային ալերգիան, նյարդային համակարգի խնդիրներն ու ժառանգական հակվածությունը: Մասնագետները բրոնխային ասթման բաժանում են վարակային ալերգիկ եւ ոչ վարակային ալերգիկ` ատոպիկ ձեւերի: Բրոնխային ասթմայի ատոպիկ ձեւն առաջանում է արտածին ալերգենների շարքին պատկանող ոչ վարակային ալերգեններից, իսկ վարկային-ալերգիկ բրոնխային ասթմայի հիմքում ընկած է օրգանիզմի զգայունության բարձրացումը տարատեսակ մանրէների կամ նրանց առաջացրած հետեւանքների նկատմամբ:

Ատոպիկ բրոնխային ասթմայի առաջացման մեջ հիմնական դերը պատկանում է ինհալացիոն ալերգիաներին: Բուսական ծագման փոշիներն ամենատարածված ինհալացիոն ալերգեններն են: Քանի որ տարբեր երկրներում բուսական աշխարհը տարբեր է, բնականաբար բուսական փոշիներից առաջացող ատոպիկ ասթմայի պատճառներն էլ տարբեր են:

Բնակարանային կենցաղային փոշին ունի արտահայտված ալերգեն հատկություն: Այս ալերգեններն իրենցից ներկայացնում են կենդանական, բուսական, մանրէային եւ սնկիկային ծագում ունեցող մասնիկների համակցություն: Ապացուցված է, որ բնակարանային փոշին պարունակում է մեծ քանակությամբ (երբեմն 1կգ-ում` 500) Dermatophagoides տիպի տզեր, որոնց բներն են` բարձերը, ներքնակներն ու վերմակները: Բնակարանի օդում պարունակվող փոշու մասնիկների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանց քանակը բարձրանում է ձմռան ամիսներին, իսկ դրա պատճառն այդ ամիսներին բնակարանների վատ օդափոխությունն է: Դրանով է բացատրվում ատոպիկ ասթմայի դեպքերի սրացումը ձմռան ամիսներին: Բրոնխային ասթմայի վարակային-ալերգիկ ձեւը սերտորեն կապված է շնչուղիների տարբեր բորբոքային հիվանդությունների հետ, ինչպիսիք են քրոնիկական բրոնխիտը, քրոնիկական թոքաբորբը, շնչուղիների սուր հիվանդությունները, գրիպը:

Բրոնխային ասթմայի առաջացման գործում մեծ նշանակություն ունեն նաեւ էնդոկրին եւ ժառանգական գործոնները: Այս հիվանդությունը դրսեւորվում է շնչահեղձության նոպաներով: Նոպայի առաջացման ընթացքում տարբերում են 3 շրջան` նախանշանների շրջան, նոպայի ծաղկման շրջան եւ նոպայի հետզարգացման շրջան: Նախանշանների շրջանը կարող է սկսվել նոպայից մի քանի րոպե, ժամ կամ նույնիսկ օրեր առաջ: Այս շրջանին բնորոշ են քթից առատ, ջրիկ լորձարտադրությունը, փռշտոցը, նոպայաձեւ հազը, սառը քրտինքը, մաշկի քորը, կոկորդի քերման զգացումը:

Նոպայի բուռն ծաղկման շրջանը կարող է տեւել մի քանի րոպեից մինչեւ մի քանի ժամ եւ ուղեկցվել շնչահեղձությամբ եւ կրծոսկրի ետեւի մասում սեղմոցի զգացությամբ: Նոպայի ժամանակ հիվանդի ընդհանուր ինքնազգացողությունը շատ ծանր է, դեմքը` գունատ, թեթեւակի այտուցված ու սառը քրտինքով պատված: Հաճախ նոպայի ժամանակ հազի հետ արտադրվում է մեծ քանակությամբ խորխ: Բժիշկը թոքերը լսելիս կարող է հայտնաբերել չոր, սուլող ու տարածված խզզոցներ: Շնչահեղձության երկարատեւ նոպայի դեպքում կարող են զարգանալ սրտային անբավարարության նշաններ: Հնարավոր է զարկերակային ճնշման բարձրացում:

Նոպայի հետզարգացման շրջանը կարող է տեղի ունենալ անմիջապես կամ աստիճանաբար:

Այս հիվանդության բուժումը ներառում է անհետաձգելի օգնություն. ասթմային վիճակի դեպքում` նոպայից հանելն, իսկ հետո` բուժական միջոցների կիրառումը: Բրոնխային ասթման շատ վտանգավոր ընթացք ու հետեւանքներ կարող է ունենալ, այդ պատճառով պետք է արագ դիմել մասնագետի: