Երկրորդ փուլ

19/01/2010

Կիրակի օրը Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրություններում նախնական տվյալներով առավել ձայներ ստացած երկու թեկնածուները՝ ընդդիմության առաջնորդ Վիկտոր Յանուկովիչը եւ վարչապետ Յուլյա Տիմոշենկոն նախագահի պաշտոնի համար կպայքարեն ընտրությունների երկրորդ փուլում, որը տեղի կունենա փետրվարի 7-ին: Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նախնական արդյունքները, որոնց համաձայն, թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել ստանալ քվեների ավելի քան 50 տոկոսը եւ հաղթանակ տանել առաջին փուլում: Ըստ այդմ, «Ռեգիոնների կուսակցության» ղեկավար, ռուսամետ Յանուկովիչը քվեների մոտ կեսի նախնական հաշվարկի արդյունքում ստացել է ձայների շուրջ 37 տոկոսը: Երկրորդ տեղում ընթացող արեւմտամետ վարչապետ Տիմոշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 24 տոկոսը:

Ուկրաինայի գործող նախագահ Վիկտոր Յուշչենկոն, ով իշխանության էր եկել 2004 թ. Ուկրաինայում իրականացված Նարնջագույն հեղափոխության արդյունքում, ստացել է քվեների մոտ 5 տոկոսը: Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 67 տոկոսը: Նշենք, որ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ երկրի խորհրդարանն այս շաբաթ կքննարկի ներքին գործերի նախարար Յուրի Լուցենկոյի եւ վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հրաժարականների հարցն օրակարգում ներառելու հնարավորությունը: «Երբ խորհրդարանը հավաքվի, մենք պատգամավորների հետ կխոսենք` արդյո՞ք հրաժարականները կընդունենք առաջիկա շաբաթների ընթացքում, թե՞ կսպասենք ընտրությունների երկրորդ փուլին»,- ասել է Յանուկովիչը: Ըստ նրա, Տիմոշենկոն դժգոհ է քվեարկության արդյունքներից: «Ես այսօր դիտել եմ գործող վարչապետի ճեպազրույցը եւ հասկացել, որ նա հուսահատության մեջ է: Ինձ համար դա տարօրինակ չէ: Ես շատ լավ հասկանում եմ, որ նա հույս ուներ, թե իրեն կհաջողվի ինչ-որ կերպ ընտրողներին իր կողմը գրավել»,- ասել է Յանուկովիչը` հավելելով, որ «դրա համար Տիմոշենկոն պարտավոր էր ընդունել այն սխալները, որոնք նարնջագույն թիմի հետ թույլ էր տվել վերջին 5 տարիների ընթացքում»: «Մի բան են կարգախոսները, որոնցով նրանք գնում էին ընտրություններին` մարդկանց խոստումներ տալով, մեկ այլ բան` կոնկրետ գործողությունները, որոնք կտրուկ տարբերվում էին կարգախոսներից»,- շարունակել է «Ռեգիոնների կուսակցության» առաջնորդը: «Ես դեմ չեմ այդ կարգախոսներին եւ ցանկանում եմ նրանց կողմ քվեարկած ընտրողներին ասել, որ ես դրանք կատարելու եմ իմ առաջիկա աշխատանքի ընթացքում: Կարծում եմ, որ նարնջագույն թիմի սխալը հենց այն է, որ նրանք իրենց հույսը դրել էին ընտրությունից ընտրություն խոստումներ տալու վրա, որոնք հետո մարդիկ կմոռանային: Սակայն մարդիկ չմոռացան: Իսկ քվեարկությունը յուրօրինակ հանրաքվե էր Վիկտոր Յուշչենկոյի եւ Յուլյա Տիմոշենկոյի համար: Այսօր նրանք ստացել են ամբողջ Ուկրաինայի ընտրողների գնահատականը: Եվ այդ գնահատականը արդարացի է»,- ասել է Յանուկովիչը: