Հունվարի 10-ին ՀՀ ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար անցկացվող ընտրությունները նախորդ բոլոր ընտրություններից առանձնանում էր մի շատ էական նրբությամբ: Իր թեկնածությունը դրել էր մի երիտասարդ, ով անհեթեթ մեղադրանքով անազատության մեջ է, ունի երեք զավակ, ով իշխանությունների հանդեպ բարոյական իր հաղթանակին իրավական տեսք տալով` տեսականորեն հնարավորություն էր ստանալու հայտնվել ազատության մեջ:
Այսինքն` սա այն դեպքն է, երբ անգամ Նիկոլ Փաշինյանի ամենաոխերիմ թշնամին, նրա քաղաքական հակառակորդն իր թեկնածությունը դնելուց առաջ բարոյական մի ծանր խնդրի առաջ էր հայտնվելու` վերցնի՞ իր վրա այդ հարգանքի ոչ արժանի բեռը, թե՞ ոչ: Հատկապես, որ պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանն անազատության մեջ է բացառապես քաղաքական պատճառներով, դատարանում նրա մեղքն ապացուցող եւ ոչ մի փաստարկ քննություն չի բռնում: Դժվար է պնդել, որ Հանրապետական կուսակցությունում կամ ԲՀԿ-ում Արա Սիմոնյանի արժանիքներով թեկնածուներ չկային: Մեր քաղաքական դաշտում ընտրությունը շատ մեծ էր:
Այդ նսեմ պարտականությունը կարող էր դրվել ՕԵԿ-ի վրա, եթե ՕԵԿ առաջնորդը ժամանակին չկատարեր համարժեք մեկ այլ քայլ: Սակայն Նիկոլ Փաշինյանի դեմ թեկնածություն դնելու նպատակով խաղադրույք արվեց այն ուժի վրա, որը լավագույնս կկատարեր հանձնարարությունը. պատվերն իջեցվեց «Ազգային Միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանին:
Ա. Գեղամյանի կուսակից եւ այլեւս ԱԺ պատգամավոր Արա Սիմոնյանը մեկն է այն հազարավորներից, ով կշոյվեր, որ իրեն փնտրում են գրեթե բոլոր լրագրողները (եւ, այս դեպքում շատ սիմվոլիկ էր, չեն գտնում): Կեղծիքները, դատարկամիտ տղաների խմբերը, քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, Արտաշես Գեղամյանը` Արա Սիմոնյանով, արեցին մի բան, որն ավելի ցածր է, քան Նիկոլ Փաշինյանի համար 8 տարվա ազատազրկում աղերսող պետական մեղադրողի արարքը: Արա Սիմոնյանի կաղապարն օգտագործվեց` Նիկոլ Փաշինյանին բանտ հրելու համար: Նպաստել, որ մարդուն ազատությունից զրկեն, ահավոր անպատվաբեր է: Դա որեւէ տեղ չգրված մի օրենք է, որը խախտողները բարոյապես ոչնչացնում են իրենք իրենց:
Միամիտ է ակնկալել, թե Արտաշես Գեղամյանը չի պատկերացրել, որ ստանձնել է մի բան, որն իրենց թույլ չեն տվել անել ուրիշները: Եվ այդ ուրիշները, տվյալ դեպքում` իշխանությունները, այնքան չեն հարգել իրեն, որ այդ քայլն անելու համար հարմար են գտել հենց ի՛ր թեկնածությունը:
«Ազգային Միաբանություն» կուսակցության դերը մեր քաղաքական դաշտում հիշեցնում է մի ոչ այնքան հայտնի հայ գրողի պատմվածք: Գյուղացի մի խեղճ մարդ իր զավակին քաղաք է բերում: Վաճառականներից մեկը բավական լավ աշխատավարձով խոստանում է տղային աշխատանքի վերցնել: Տղայի «աշխատանքը» վաճառականի ոտքերի մոտ նստելն ու նրա հարազատ որդի ձեւանալն էր: Եվ երբ որեւէ հաճախորդի վաճառականն ուզում էր խաբել, թանկ վաճառել իր անորակ ապրանքը եւ ստիպված էր երդվել, մատնացույց էր անում երեխային ու ասում. «Սա մեռնի, թե սուտ եմ ասում»: Հաճախորդը անհարմար էր զգում, որ չի հավատացել այդ սուրբ մարդուն, եւ ապրանքը գնում էր…
Ինչ վերաբերում է իշխանությանը, որն իր ոտքերի տակ է պահում նման կեղծ զավակներին եւ երդվում նրանց անուններով, նման քայլով ուղղակիորեն վտանգում է մեր երկրի անվտանգությունը: Արցախի խնդրի, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջանքերը գրոշի արժեք չունեն եւ սոսկ ժամավաճառություն է. երիտասարդ տղաների այն մեծ բանակը, որը պիտի վաղը, մյուս օր պաշտպաներ հայրենիքը, եթե դրա անհրաժեշտությունն առաջանար, պետության խիստ հսկողությամբ` մանկուրտների է վերածվում: 20-35 տարեկան հազարավոր առողջ, ուժեղ տղաները, որպես կանոն, չունեն լուրջ կրթություն եւ մշտական աշխատանք: Աշխատում են ընտրությունից ընտրություն, սակայն կուտակած ֆինանսական եւ բարոյական միջոցները թույլ են տալիս ապրել (ընդ որում, ոչ վատ) մինչեւ հաջորդ ընտրություն: Պետությունը բարոյապես այնքան է ոչնչացրել այս երիտասարդներին, որ նրանք իրենց պիտանի են համարում միայն ցածր, անպատիվ գործերի համար: Եվ սրանք պետության կողմից հատուկ խնամքի տակ են. ստանում են անհրաժեշտ ամեն ինչ` ստորություն անելուց առաջ երկար չմտածելու համար:
Հունվարի 10-ի ընտրությունների տապալման գործում մեղքի իր բաժինն ունի նաեւ ընդդիմությունը, այս դեպքում` ՀԱԿ-ը: Ակնհայտ է, որ ընդդիմությունն իր ներուժն ամբողջությամբ չօգտագործեց: Թ.10 ընտրատարածքի ընտրությունները համապետական մասշտաբի չէին` ռեսուրսի սահմանափակությանը հղում անելու համար: Կարող եմ վստահորեն պնդել, որ շատերն առհասարակ չեն իմացել, որ այդ օրն իրենց ընտրատարածքում ԱԺ պատգամավորի ընտրություններ են լինելու: Եղել են մարդիկ, ովքեր անգամ չգիտեին, որ Նիկոլ Փաշինյանը մեկուսարանում է: Եղել են մարդիկ, ովքեր հունվարի 9-ին միայն ծանոթների հեռախոսազանգերից են իմացել, որ հաջորդ օրն ընտրություն կա: Այսինքն` ակնհայտ է, որ ընդդիմությունը լուրջ քարոզարշավ չի տարել: Ուրախությունը, թե իշխանություններին` հանձին Երեւանի քաղաքապետի, հաջողվել է կեղծել ավելի քիչ, քան սպասվում էր, այնքան էլ արդարացված չէ: Կեղծվել է այնքան, ինչքան անհրաժեշտ էր. վերահաշվարկի ժամանակ դժվար չէր նկատել, որ որոշ ընտրատեղամասերում Սիմոնյանն ընդամենը մեկ կամ երկու ձայնով է «առավելություն» գրանցել:
Ի դեպ, հետաքրքիր պերսոնաժ է ԱԺ պատգամավոր Արա Սիմոնյանը: Ինտերնետային կայքերում հայտնված իր միակ լուսանկարում Արա Սիմոնյանը լայն ժպտում է, սակայն տարաբախտ այս մարդը թերեւս ինքն էլ չի պատկերացնում, թե ինչ ցավալի վիճակում է: Ինքը վստահաբա՛ր գիտի, որ իրեն Արտաշես Գեղամյանի ընտանիքից եւ որոշ հարազատներից զատ` ոչ ոք Երեւանում եւ հատկապես Կենտրոնում, չի ճանաչում, հետեւաբա՛ր եւ չէր կարող ընտրել: Այդ մասին գիտեն նաեւ անխուսափելիորեն նրա գործընկեր դարձած ԱԺ պատգամավորները: Թեեւ հրապարակայնորեն թաքցնում է, սակայն այդ մասին գիտի նաեւ ինքը` Արտաշես Գեղամյանը: Եթե ուզում եք ճշմարտությունն իմանալ, այս մարդն ավելի նվաստացած է, քան նրանք, ում ձայնը կեղծվել է, ում կաշառել են, ում երթուղայինով տարել են ընտրության` ընտրելու մեկին, ում ծնվա՛ծ օրից չեն ճանաչել: ԱԺ պատգամավոր դառնալը նման ձեւով, երբ բոլորը քեզ տեսնելիս երկիմաստ ժպտում են, ծանր սթրես է եւ ենթադրում է լրջորեն հետեւել առողջությանը, քնելուց առաջ հում պոմիդոր չուտել:
Իրականում` որքան անհեթեթ է այս ամենը: Հայիթիի ահավոր երկրաշարժը, հարյուր-հազարավոր զոհերը, իրենց փոքրիկների մարմինների կողքին նստած կանայք իրենց սառած հայացքներով ստիպում են բոլորին սթափվել: Չկա ոչինչ առավել, քան մարդու կյանքը, ազատությունը, նույնիսկ, եթե այդ մարդն «Ազգային Միաբանությունից» է: Հայիթիի երկրաշարժը ցույց տվեց, որ Բնության առաջ հավասար են բոլորը` Հայիթիի նախագահը, ում նստավայրը գետնին հավասարվեց, Հայիթիում ՄԱԿ-ի ներկայացուցչության ղեկավարը, այլ երկրների դիվանագետներ, նախարարներ, ովքեր, ըստ պաշտոնական տեղեկատվության, եւս զոհ են դարձել երկրաշարժին: Այսքան անխնա վատնել կյանքը ստորությունների, միմյանց նվաստացնելու, ազատության, ապրելու իրավունքից միմյանց զրկելու համար, այնքան անմիտ է: Միեւնույն է, բանտում թե ազատության մեջ, աշխարհի բոլոր մարդիկ օրվա մեջ առնվազն ութ-ինը ժամ հավասար են, երբ քնած են: Բացառություն են նրանք, ում խիղճը մաքուր չէ, եւ ում տանջում են մղձավանջային երազները: Նրանք մյուսներին հավասար են ավելի կարճ ժամանակով: Ձեզ բարի գիշեր, պարոն Սիմոնյան: