Մեկ տարի էլ չի անցել այն օրից, ինչ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելեց Երեւանի Մ. Խորենացի փողոցում գտնվող «Ոսկու աշխարհ» շուկա: Այն ժամանակ տեղի վարձավճարների թանկացման պատճառով Ոսկու շուկայում գործունեություն ծավալող վարձակալները բողոքի ակցիա էին կազմակերպել: Ոսկյա իրերի առքուվաճառքով զբաղվողներին, սակայն, մինչ օրս հետաքրքրում է, թե ինչո՞ւ է հենց իրենց վրա տարածվում իշխանական վերահսկողության «շոուն», որը շարունակվում է մինչ օրս:
Երեկ Ոսկու շուկայի աշխատակիցները կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել: Այս անգամ դժգոհության պատճառը այն ծանուցագիրն էր, որը բաժանել էին շուկայում առեւտուր իրականցնողներին: «Առավոտը մի ախրաննիկ եկավ, բաժանեց էս թղթերն ու գնաց»,- պատմում են ոսկու առեւտրով զբաղվողները, որոնց զայրացրել է ծանուցագրի պարունակությունը: «Չգիտենք` ով էր, ինչացու էր: Արագ-արագ բաժանեց ու գնաց»,-շարունակում են նրանք` փոխանցելով գրությունը, որը պարզապես թղթե մի կտոր է` առանց որեւէ գերատեսչության կնիքի կամ որեւէ իրավասու անձի ստորագրության: «Հոդված 7. Տեղական տուրքերի տեսակները. ՀՀ համայնքներում կարող են սահմանվել տեղական տուրքերի հետեւյալ տեսակները. Ժ. «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասին համապատասխան` համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առքուվաճառքի թույլտվության համար: Հոդված 10. 5.1 Սույն օրենքի 7-րդ հոդվածի «ժ» ենթակետով նախատեսված թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր տարվա 50.000 դրամ: Վճարումը մինչեւ հունվարի 25-ը»,- նշված է «ծանուցագիր» կոչվող սույն թղթի կտորում: «Չեմ հասկանում` ո՞նց կարելի է էսպիսի բան թույլ տալ: Այսինքն` ամեն մեկը կարող ա մտնի շուկա, իրա համար օրենք գրի ու փող ուզի՞: Լավ, ենթադրենք, վճարում ենք` ո՞ւմ պիտի վճարենք: Ասեք»,- հարցնում են շուկայի վաճառողները, որոնցից շատերը դեռ չեն հասցրել վճարել այն տուգանքները, որոնք սահմանվել էին` իբր ՀԴՄ կտրոններ չտպելու համար: Ըստ շուկայի առեւտրականների` Ամանորից առաջ 100.000-ական դրամ տուգանք էր նշանակվել, ընդ որում` բացարձակապես անհիմն պատճառաբանությամբ: Աշխատակիցներից Լիլիթը ՀԴՄ մեքենան գնել էր 2008 թ., մինչդեռ տուգանքը ՀԴՄ չտպելու համար արձանագրվել էր 2007-ի համար, այն բանից հետո, երբ ՀԴՄ-ների կիրառման պահանջը ուժի մեջ մտավ 2009թ: «Հետին թվով տուգանել են, այսինքն` այն ամսաթվով, որ ՀԴՄ-ի մեքենա չենք էլ ունեցել: Հես ա, նայեք` իբր 2007-ին 10 օր շարունակ ստուգել են ու տուգանք են նշանակել: Բայց ես ՀԴՄ մեքենան պլոմբով ստացել եմ 2008թ. հոկտեմբերի 22-ին: Ես 2007-ին ՀԴՄ չեմ խփել, որովհետեւ չկար, չի եղել: Ու դեկտեմբերին գալիս են, ստուգում են: Սա ծիծաղելի չէ՞»,- նկատում է Լիլիթը, ով 5 տարի զբաղվում է ոսկու առեւտրով: Իսկ աշխատակիցներից Ալվինա Մուրադյանն արդեն 14 տարի աշխատում է շուկայում: Նրա գնահատմամբ` վերջին երկու տարվա ընթացքում կատարվածը, բացի հիասթափությունից ու դժգոհությունից, այլ որակում չունի: «Մեր շուկայի աշխատողներն անընդհատ հարվածի տակ են: Չեմ հասկանում, թե ո՞րն է պատճառը: Դեկտեմբերին եկան ստուգումների, ու մի օրվա ընթացքում 32 հոգու տուգանեցին 100.000 դրամով»,- նշում է Ալվինա Մուրադյանը, ըստ որի` 100.000 դրամը չվճարելու դեպքում նշանակվում է կրկնատուգանք` 2մլն 70 հազար դրամ: «Էս ամեն ինչը գալիս է վարչապետի կողմից: Բացի նրանից, ո՞վ կարար մեզ բան ասեր: Հեն ա, մի տարի առաջ եկավ-գնաց, բայց բան փոխվե՞ց: Օրեցօր ավելի ա վատանում վիճակներս: Հասկացանք, որ մենք էշ ենք, բայց մի՞թե կարելի է էշերին էդքան բեռնել: Էշին էլ պիտի էնպես բեռնես, որ կարողնա գնալ»,- իրավիճակի անելանելիությունն այսպես են ներկայացնում առեւտրականները, որոնցից շատերն արդեն պատրաստվում են լքել վաճառասեղանները: «Կուզենք հենց էդ Կառավարությունից մի օր նստեն էստեղ: Էդ ժամանակ կհասկանան, որ իսկապես առեւտուրը կանգնել է: Դառել է ցուցահանդես` նայում-գնում են»,- ավելացնում են վաճառողները, որոնք պարապությունից զբաղված են սուրճ խմելով: «Գիտե՞ք Հարկայինը մեզ ինչ ա ասում: Ասում ա` եթե դաժե չես տուգանվում, պիտի էդ 100.000 դրամը մուծես: Ասում են, լավ` 100-ը չես վճարում, 50-ը վճարիր, 50-ը չես վճարում` 30-ը վճարիր: Էդ ա պայմանը` պիտի անպայման վճարես»,- նշում են աշխատակիցները, որոնց վաճառասեղանների ամսական վարձավճարը 64.000 դրամ է: «Տեղի փողը տալիս ենք, բունկերի փողը տալիս ենք, Հարկայինին մուծում ենք, Սոցապը վճարում ենք: Լրիվ մուծում ենք, էլ մեզ օգուտ ա՞ մնում»,- դժգոհում են աշխատակիցները: Այս հարցով փորձեցինք տեղեկատվություն ստանալ շուկայի տնօրինությունից: Այստեղ էլ պարզ դարձավ, որ շուկայի փոխտնօրեն Արմեն Բաղդասարյանը տեղում չէ, եւ բացի իրենից՝ որեւէ մեկը իրավասու չէ պատասխանել: Իսկ ավելի ուշ տեղեկացանք, որ գրությունը բաժանվել է հենց տնօրենի` Վաղարշ Աբրահամյանի թիկնապահի կողմից, որին, իհարկե, աշխատողները ճանաչել էին, բայց մեզ հետ զրույցում որեւէ մեկը չասաց այդ մասին: Նույնիսկ շուկայում տիրում է վախի մթնոլորտը: