Երեկ Սյունիքի մարզի ընդhանուր իրավասության դատարանի բակում հավաքվել էին Կապանի Շահումյան բանավանի սեփականատերերը, որոնք դեռեւս ամիսներ առաջ դատարան էին ներկայացրել հայց` Մարդու կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգի եւ դրա փոխհատուցման մասին:
Հիշեցնենք, որ Կապանի «Դինո գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի հորատման եւ պայթեցման աշխատանքներից վտանգվել է Շահումյան բանավանի բնակիչների կյանքը: Վերջիններս էլ իրավական օգնության համար դիմել էին Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ին` իրենց իրավունքները պաշտպանելու համար: «Նրանց կյանքին, իսկապես, մեծ վտանգ է սպառնում: Հողերի սողք է տեղի ունենում, փլուզումներ: Հատկապես անցած տարվա ընթացքում իրավիճակն ավելի ծայրահեղ դարձավ: Դրա պատճառը, բնականաբար, ոչ ճիշտ հորատումներն են ու ապարների հանումը: Ընկերությունը բնակիչներին որեւէ նյութական աջակցություն չի ցուցաբերում այն մեծ վնասի դիմաց, որ պատճառում է նրանց»,- նշում է «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը, ըստ որի` ընկերության ռազմավարությունը արմատապես փոխվեց 2008թ.-ից, երբ ընկերության տնօրեն դարձավ Ռոբերտ Ֆալետան: «2008թ. Շահումյանի որոշ բնակիչներն արդեն փոխհատուցում էին ստացել վնասի դիմաց, բայց անհասկանալիորեն գործընթացը կանգ առավ»,- ասում է Ա. Ղազարյանը: Վերջինս նաեւ նշում է այն հանգամանքը, որ Շահումյանում միայն պղնձի պաշարներն են շատ: Մինչդեռ իրավախորհրդատուի համոզմամբ` Շահումյանի հանքավայրի անվանման դիմաց գրվում են` ոսկի-բազմամետաղային բառերը, ինչը, ի դեպ, ընկերության ղեկավարությունը մշտապես հերքում է` նշելով, որ հանքավայրում ոսկու պարունակությունը շատ չնչին է, ու այդ մասին նույնիսկ չարժե խոսել: Ինչեւէ, «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» հ/կ-ն մարդու կյանքին, առողջությանը եւ սեփականությանը սպառնալու հայցով դիմեց Սյունիքի ընդհանուր իրավասության դատարան, որն էլ դատական նիստ նշանակեց հոկտեմբերի 8-ին: Հիշեցնենք նաեւ, որ ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Ռուբինա Տեր-Մարտիրոսյանի հետ ունեցած մեր հեռախոսազրույցում վերջինս նշել էր, որ ընկերությունը դատական նիստի մասին իմացել էր լրատվամիջոցներից, եւ իրենք որեւէ ծանուցում չէին ուղարկել: «Դատարանը ընկերությանը դատական նիստի մասին ծանուցագիր էր ուղարկել»,- նկատում է հ/կ-ի իրավախորհրդատուն: Այնուհանդերձ, 2 անգամ դատարանը մերժել է կազմակերպության հայցը` նշելով, որ ներկայացված նյութերում բացակայում են ապացույցները: «Աղջիկ ջան, դատական երկու նիստերն էլ սպլաշնոյ անցան: Ոչ մի օգուտ չկա: Հենց ընենց հետաձգում են: Հիմի էլ էսօր ա, ասա` ի՞նչ պիտի լինի»,- բողոքում էին դատարանի բակում հավաքվածները, ովքեր հոգնել են պայքարել անգամ սեփական անզորության դեմ: «70 տարվա տուն ունեմ, մեծ այգիներ, ցեմենտով սարքած գոմ, բայց էսօր տունս ճեղք ա տվել, ոչ մի բան չունեմ: Էդ կոմբինատից էլ եկել էին, ինձ համոզում էին, թե 3մլն փող կտանք` որպես փոխհատուցում: Բայց դուք գիտե՞ք, թե իմ տները ինչքան մեծ են: Մենակ 100 հա պտղատու ծառ ունեմ, էդ 3 միլիոնը իսկի ծառերի հախը չի»,- հուզված պատմում է Շահումյանի բանավանի սեփականատեր Զինավարդ Խաչատրյանը: Միայնակ թոշակառու կինը շվարել է, չգիտի, թե ի՞նչ անի: «Տունս մարդ չի գալիս: Լրիվ վախենում են, ասում են` հո մեր կյանքի հետ չե՞ս խաղալու, բա մենք ի՞նչ անենք, որ մեր կյանքի հետ էլ են խաղում, հը՞: Մի բաժակ թեյն ի՞նչ ա, վախով եմ խմում: Անընդհատ պայթյուններ են: Վախենում եմ դաժե բահ վերցնեմ այգի գնամ: Մտածում եմ, ենթադրենք՝ բահ արեցի, հողը հոսեց, ես էլ հետը, բա պետք ա՞»,- զայրանում է Շահումյանի սեփականատերերից Զինավարդ Խաչատրյանը, ում միանում են նաեւ մյուս սեփականատերերը: «Մեր 70 տարվա ծառերը դարձրել են կոպեկներ: Ներկա պահին ծառերը չորացել են, դարձել են վառելափայտ: Բայց ո՞վ է պատասխան տալու դրա համար. ոչ մեկը: Հետաքրքիր է, թե ինչու են որոշներին փոխհատուցում տվել, իսկ որոշներին էլ` ոչ: Էդ ի՞նչ ձեւով են որոշել»,- իրավիճակը շարունակում է ներկայացնել մեկ այլ սեփականատեր` Մելանյա Հարությունյանը: Նշենք, որ 2008թ. «Դինո գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն փոխհատուցում տրամադրեց Շահումյանում բնակվող 8 սեփականատերերի` տեղափոխման համար: Մնացած 140 ընտանիքները փոխհատուցում չստացան: «Հիմա մեր փողերը կտա՞ն, թե՞ չէ: Գիտեք` ընկերության ղեկավարությունը ի՞նչ ա ասում` ասում ա, երեխաներին հանեք Շահումյանից, վտանգավոր ա: Բա որտե՞ղ տանենք, եթե իրենց տված փողերով չենք կարող անգամ մի սենյականոց բնակարան առնել»,- դժգոհում են սեփականատերերը, որոնք իրենց կարգավիճակը դատարանում նմանեցրեցին «Շուն ու կատվի» փոխահարաբերություններին: «Ինչքա՞ն կարելի ա գնալ-գալ: Համ-համ-համ-համ… Էսպես բա՞ն կլինի»,- բողոքում էին նրանք` դեռեւս չիմանալով, որ րոպեներ անց իրենց ասածը ավելի հավաստի կլինի: Շուրջ 30 րոպե ուշացումով սկսվեց դատական նիստը, որի ուշացման համար հայցվոր կողմը չզարմացավ: «Մի կես ժամ բակում են սպասեցնում, մի կես ժամ էլ՝ ներսում»,- դատական նիստի ուշացմանն արձագանքեցին հայցվորները, որոնք հերթական անգամ գնացել էին լսելու դատական նիստի հետաձգման պատճառը: Դատավոր Անահիտ Թումանյանը ծանուցեց ներկաներին, որ պատասխանող կողմի, այսինքն`«Դինո գոլդ Մայնինգ Քամփնիի» ներկայացուցիչը փոխվել է, եւ նիստից առաջ իրեն գրություն է փոխանցել նիստը հետաձգելու համար: Այսպիսով` դատական հաջորդ նիստի օր նշանակվեց հունվարի 26-ը: Այս առնչությամբ էլ դահլիճում ներկա սեփականատերերը կրկին զայրացան: «Էս դատական նիստը կարող ա մինչեւ 3000թ. շարունակվի»,- տարակուսում էին ներկաները, որոնց արձագանքների վերաբերյալ դատավորը նկատողություն արեց` դա համարելով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Իսկ ըստ հայցվոր կողմի փաստաբան Իրինա Մանուկյանի` հայցվորների դժգոհությունն ուղղված էր ոչ թե դատարանի, այլ պատասխանող կողմի վարքագծին: «Ամեն դատական նիստի ժամանակ ներկայացուցիչ փոխելը ձեւավորում է այն կարծիքը, որ իրենք դատավարությունը ցանկանում են արհեստականորեն հետաձգել: Դրանով խախտում են եւ՛ Եվրոպական կոնվենցիայով մեր երաշխավորված իրավունքները` արդարադատական քննությունը ողջամիտ ժամանակում ներկայացնելու, եւ բազմաթիվ այլ խոչընդոտներ են ստեղծում դատարանի գործունեության համար: Սակայն իմ իրավական կարծիքով` դա ընդամենը ժամանակի խնդիր է»,- նշեց փաստաբան Իրինա Մանուկյանը: