«Ուզում եմ փախնել…»,- ասում է չորս երեխաների մայրը

19/01/2010 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

41 տարեկան Նարինեի «անկշիռ» մարմինը բնազդաբար թաքստոց է փնտրում, որպեսզի իր ներկայությունն աննկատ մնա մի տան մեջ ապրող չորս տղամարդկանցից: Հյուծված, դալուկ դեմքից միայն չորուկ այտոսկրերն են երեւում ու աչքերի արտահայտությունը պարբերաբար մշուշվում է, որովհետեւ չի կարողանում կենտրոնանալ: Թերսնուցումից գլխապտույտներ է ունենում, այդուհանդերձ, մշտապես հարմար թաքստոց է որսում, որ մի տան մեջ ապրող չորս հարբեցող ու հիվանդ տղամարդկանց բռունցքները ոսկորների վրա հետքեր չթողնեն: Փայտե, դեղնած հյուրասենյակի դուռը ծանր ճռռոցով բացվում է ու դռան արանքից ուրվագծվում է կարմրած, աչքերը փայլատակող մի հաղթանդամ տղամարդ: Նարինեի չորս երեխաներից փոքրը` 5 տարեկան Կարենը, շունչը պահած, կայծակնային արագությամբ վազում, թաքնվում է սեղանի տակ: Րոպեներ առաջ վազվզող երեխաներից ոչ մեկը չի երեւում. բոլորը թաքնվել են սենյակի անկյուններում: «Կարե՛ն, ստեղ արի, ասում եմ»,- խիստ տոնով հրամայում է ոտքերի վրա ճոճվող տղամարդը: Սեղանի տակից Կարենի վախեցած աչքերն են երեւում, որոնք մեկ նայում են տղամարդուն, մեկ էլ` մորը, կարծես մորից պաշտպանություն խնդրելով: Նարինեն դողալով ոտքի է կանգնում. «Անդո՛, խմած ես, երեխեն վախենում ա: Գնա՛, հետո կգա»: Նարինեի ու հոգեպես անհավասարակշիռ տղամարդու երկխոսությունից քարանում ենք բոլորս, քանի որ վերջինս ալկոհոլի ազդեցության տակ ձեռնոց է նետում ում պատահի: Դմբդմբացող ոտնաձայներով մոտենում է ինձ: Հետո աղմուկին արձագանքում է սենյակից դուրս եկած մեկ այլ հաղթանդամ տղամարդ ու Անդոյի թեւից բռնած՝ ստիպում է հեռանալ հյուրասենյակից: Սարսափելի տագնապ է տիրում, բոլորս շունչներս պահած վատ բան ենք կանխագուշակում: Կարենը սողալով դուրս է գալիս սեղանի տակից, նստում է մոր գիրկն ու ահաբեկված ինձ ասում է` «Գիտե՞ս, մի օր Ալիկ հոպարը խմած եկավ, պապիրոսը վառեց, ծխեց ու գլխիս կտցրեց: Հետո ես ցավից ուժեղ լացեցի, ու ինքը սկսեց սաղին ծեծել: Հետո Անդո հոպարը խմած եկավ, սաղ իրար ծեծեցին: Բաժակ-մաժակ, աման-չաման սաղ ջարդեցին, փշուր արեց, քացով խփեց: Էնքան եմ վախենում…»: Կարենն էնքան է վախենում, որ խոսելիս շնչահեղձ է լինում ու դռան ամեն մի թխկոցից սեղանի տակի ուղղությամբ թռիչք է կատարում: Նարինեի երեխաները` Բաբկենը, Սուսաննան, Գոհարն ու Կարենը, ամեն օր տեսնում են, թե իրենց տան տղամարդիկ ինչպես են հարբում ու ծեծկռտուք սարքում: Այդ անտանելի միջավայրի պատճառով երկու աղջիկների մոտ հոգեբանները հուզակամային հիվանդություն են բացահայտել, իսկ տղաների մոտ վախից գիշերամիզություն է առաջացել: Վախի մթնոլորտը ցրելու համար ասում եմ` «Բայց էս պուճուրը` Կարենը, չարաճճի է երեւում»: Նարինեի աչքերն արցունքներից պայթում են: Ասում է` «Երեխաներս բոլորն էլ լավն են, հավատացե՛ք, որ էս միջավայրում մեծացած են, բայց դաստիարակված, նորմալ երեխեք են: Մենակ ես եմ վատը»: Չորս երեխաների մոր ինքնախոստովանանքից զարմացած՝ նայում եմ ուղիղ նրա աչքերի մեջ. «Հա՛, հա՛, ես վատն եմ, ես մեղավոր եմ էս ամեն ինչի համար, ես մեղքի զգացումից կգժվեմ: Ախր ես ի՞նչ իմանայի, որ էսքան դժբախտ կլինեմ, որ իմանայի` երեխա լույս աշխարհ չէի բերի: Երեխեքս մեղավոր չեն իմ բախտի համար»:

Քանաքեռ-Զեյթուն համայնքի Ուլնեցու փողոցի 1-ին փակուղում գտնվող բնակելի շենքերի տներից մեկում ապրում են Նարինեն` ամուսնու, չորս երեխաների հետ, հոգեկան հիվանդ սկեսրայրը, սկեսուրը եւ նրա երկու տագրերը, որոնք քրոնիկ հարբեցողներ են: Ամուսինը նույնպես հարբեցող է, բայց Նարինեի` վերջերս Ոստիկանություն ահազանգելուց հետո վերջինս իրեն անհամեմատ հանգիստ է պահում. մինչ այդ ամեն օր բռնության էր ենթարկում կնոջն ու երեխաներին: Նարինեն ասում է` «Կարող էին բուժվել, բայց հիմա օրենք կա, ըստ որի՝ առանց հիվանդի համաձայնության, հարկադիր բուժման ուղարկելու իրավունք չկա»: Նարինեն մի քանի տարի առաջ երեխաներին վերցրել ու տեղափոխվել է Առինջ գյուղում գտնվող հայրական տուն, որտեղ դուռ ու պատուհան չկա: «Էլի ապրում էինք, էլի, ճիշտ ա` ոչ բաղնիք, ոչ զուգարան կար, բայց գոնե գիտեինք, որ կռիվ-մռիվ չկա: Չնայած` էնտեղից էլ մերոնք են դուրս հանում: Ձմեռն եկավ, ու սկսվեց մեր դաժան օրերը: Ես բանջարեղեն, միրգ, բան-ման էի առնում ու գիշերները տանում-ծախում էի, մի երկու կոպեկ առնում էի: Բայց առողջականս վատացավ, հիմա կանգնածս տեղն ընկնում եմ, էլ չեմ կարում շատ ոտքի վրա մնամ: Ստիպված մի քանի ամիս Առինջի խանութներից պարտքով հաց-մաց վերցրի, որ երեխեքը սովամահ չլինեն, ու չկարողացա պարտքը վերադարձնել: Գիտե՞ք, ես ազնիվ մարդ եմ ու ուզում եմ ճիշտն ասել, էդ հացի պարտքերից էլ եմ փախել, որովհետեւ ամեն օր փողը ուզում էին»: Նարինեն ստիպված երեխաների հետ կրկին տեղափոխվել է ամուսնու տուն, որտեղ մի 10 րոպե մնալուց հետո կարելի է խելագարվել, որովհետեւ այս տան անդամներից բոլորի մոտ ոչ ադեկվատ վարքագիծ է դրսեւորվում: Ամուսնալուծված են, բայց գնալու տեղ չունի: Սկեսրայրը, թեեւ հոգեկան հիվանդություն ունի, սակայն, բարեբախտաբար, ագրեսիվ հիվանդ չէ: «Ուղղակի պիտի անընդհատ իրան հետեւենք, որ հանկարծ իրան վնաս չտա: Հիշողության կանգ ա ունենում: Դուրս ա գալիս պատշգամբ` պիտի հետեւից գնանք, թե չէ կարող ա իրան ցած գցի»,- ասում է Նարինեն, ում համար ամենաանտանելին ամուսնու եւ տագրերի ալկոհոլիկ լինելու հանգամանքն է: 48.000 դրամ ընտանեկան նպաստով ապրող այս ընտանիքը բառի բուն իմաստով կործանվում է, իսկ երեխաները` թերսնուցումից ու վախից հիվանդագին վիճակում են հայտնվել: «Շատ բարի մարդիկ կան, շատերն են օգնել, ես երախտամոռ մարդ չեմ: Թուֆենկյաններն են օգնել, Բռնության կենտրոնն ա օգնել, ամիսը 5000 դրամով էլ Գագիկ Ծառուկյանն ա օգնում, բայց չեմ հասցնում, երեխեքս սովամահ են լինում: Ես գիտեմ, հասկանում եմ, որ մեր մեղավորությունն ա, որ սենց դժբախտացանք ու ընկանք, բայց երեխաներս մեղք են, իրանք մեր սխալից տուժեցին, իրանք արժանի չեն էս ամեն ինչին: Ես եմ մեղավոր, բայց եթե իմանայի, որ էսքան դժբախտ կլինեմ… Հավատա, որ ամուսինս նորմալ մարդ լիներ` ես վաղուց մեռած կլինեի, բայց հիմա չեմ կարա ինձ թույլ տամ, երեխեքս մեղք են»,- հոխորտում է Նարինեն` խնդրելով ինչ-որ ձեւով օգնել, ձեռք մեկնել երեխաներին: Ասում է, որ «Շեն» կազմակերպություն կա, որտեղից իրեն խոստացել են ամռանը երեխաների հետ տեղափոխել Ամասիայի շրջանի Չիվիլի կոչվող սահմանային գոտի. «Ոնց որ մարդկանց Ղարաբաղում վերաբնակեցնում են` այ տենց էլ հիմա Չիվիլի են տանում: Ճիշտ ա` դժվար կլինի, բայց ասում են` կով, բան կտան, որ մեր գլուխը պահենք: Եթե կարողանայինք էս մի քանի ամիսն էլ ապրել…»: Նարինեն կարծում է, որ ամուսնու տանն ապրելը իրենց վախճանը կլինի, որովհետեւ բացի այն, որ երեխաներն ամեն վայրկյան սթրեսի մեջ են` դեռ ավելին` սովամահ են լինում: Ամանորյա արձակուրդներից հետո երեք երեխաները դպրոց չեն հաճախում, քանի որ Ավանի թիվ 16 հատուկ դպրոց հասնելու համար օրական միայն 800 դրամ տրանսպորտի գումար է պետք: Ասում է` «Երեխաներիս հատուկ դպրոց եմ տարել, բայց իրենք նորմալ են: Ախր ոչ դեբիլ են, ոչ էլ դեբիլ չեն, իրանց մոտ աուտիզմ չի: Սթրեսներից ինչ ասես երեխեքիս գլխին եկավ, հոգեբաններն էլ կոնկրետ չեն կարողանում ասել: Մինչեւ տասն են կարողանում հաշվել ու բառերը դժվարությամբ են կապում իրար, որ խոսեն: Ի՞նչ անեմ, ես մոլորվել մնացել եմ: Չգիտեմ՝ ո՞րն ա ճիշտ, ո՞րն ա սխալ»: Ամենակրտսերը` Կարենը, մանկապարտեզ է հաճախում, որտեղ իրեն ավելի լավ է զգում, քան տանը: «Դե՛, ընդեղ հաց ենք ուտում, քնում ենք, ու ոչ ոք չի գոռում, կռիվ չի անում»,- ասում է նա ու վախեցած հայացքով ծիկրակում է դռնից այն կողմ, որ հորեղբայրն իրեն չկանչի: Նարինեն, մի քանի ամիս է, գնում է կանանց բռնության կենտրոն, որտեղ իր հետ անվճար խորհրդատվություն են անցկացնում եւ հոգեբանական աջակցություն են ցուցաբերում: «Ես էնքան բռնություն եմ տեսել, որ ինձ օգնելն ու մարդ դարձնելը դժվար ա: Չնայած դրան, ահագին փոփոխություն կա, որովհետեւ մեղքի զգացումն ահավոր ա, գժվում եմ: Ես ինձ մեղավոր եմ զգում երեխաներիս համար»,- ասում է նա, ում երկու աղջիկների հոգեբանական խնդիրները դեռեւս մնում են անլուծելի, քանի որ հոգեբանների մոտ հաճախելու համար Նարինեն գումար չի հայթայթում: Վերջերս ունեցած գումարը վճարել է երեք աշխատանքի տեղավորման գործակալություններին, որպեսզի աշխատանքի տեղավորեն, սակայն դրանցից մեկը փակվել է, իսկ մյուս երկուսը խաբել են: 11 տարեկան Սուսաննան եւ 8 տարեկան Գոհարը փակվել են իրենց մեջ, ու ոչ մի կերպ չի ստացվում նրանց հետ շփումը: Նարինեն պատմում է, որ երեխաները դպրոցում մեկուսանում են, չեն կարողանում երեխաների հետ շփվել ու ամեն մի փոքր պատճառով լաց են լինում. «Ախր էնքան էլ ծաղրում, ռեպլիկներ են անում, հիշացնում են մեր ծանր վիճակը, որ երեխաներին չեմ կարողանում կտրել էդ իրականությունից: Հոգեբանն ասում ա՝ ինքնաճանաչվելու խնդիր կա»: Հուզակամային խնդիրները դրսեւորվում են թե՛ տանը, թե՛ դրսում: Նարինեն ուզում է երեխաներին փրկել բոլորից, անգամ իրենից: Իր դժբախտ լինելու համար իրեն մեղավոր է զգում ու երեխաներին պաշտպանելու համար ուզում է աշխարհի երեսից իրեն ջնջել: «Հասկանո՞ւմ ես, ուզում եմ փախնել…»: Նարինեն չի ասում՝ ուր փախնել, բայց այդ փախուստի ծրագրի մեջ ահավոր դաժան բան կա: Ասում է` «Ի՞նչ անեմ, գնամ հրապարակում նստեմ հացադուլի՞»: «Ինչի՞ համար: Առանց էդ էլ ոտքի վրա հազիվ եք կանգնում»,- ծիծաղելով հարցնում եմ: Պատասխանում է` «Եսիմ, մեկ ա, միշտ էլ սոված եմ, սենց թե նենց հաց չեմ ուտում: Բա ո՞նց փրկեմ երեխեքիս, մի բան ասա, մի խորհուրդ տուր: Փախնեմ… երեւի փախնեմ…»:

Նարինեն թեւիցս բռնած մի կերպ ճողոպրելով հաղթանդամ, հարբած տղամարդկանց արանքից` Կարենի հետ գալիս է ինձ ճանապարհելու: Հարցնում է` «Երեխաներ ունե՞ս»: «Չէ՛,- ասում եմ,- չունեմ»: Հարցնում է` «Բա դժվար չի՞»: «Չէ՛,- ցրտից սրթսրթացող Կարենին նայելով՝ ասում եմ,- ավելի լավ է»: