Ուզում ենք թագ կրել, բայց մոռանում ենք վարտիքի մասին

19/01/2010 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Գրականության եւ արվեստի ոլորտի առավել պրոֆեսիոնալ ու խոշոր իրադարձությունները խրախուսելու նպատակով 2002 թվականից ՀՀ նախագահը պետական մրցանակներ է շնորհում մի քանի անվանակարգերում: Սույն ավանդույթը 2009 թվականին չափազանց տարօրինակ ընթացք ստացավ, քանի որ անհասկանալի պատճառներով անվանակարգերի ցանկից կորան թատրոնի ու կինոյի ոլորտները (մնացին գրականությունը, երաժշտությունը, կերպարվեստն ու ճարտարապետությունը): Ընդ որում` կորան լուռ ու կամացուկ, առանց որեւէ մեկնաբանության: Ուշագրավ է, որ անցյալ տարիների ընթացքում ոչ մի ներկայացում կամ կինոֆիլմ մրցանակի չի արժանացել, մասնագիտական հանձնաժողովը նպատակահարմար չի գտել մատնանշել հաղթողներին, քանի որ ֆիլմերն ու ներկայացումները համարել է ուշադրության ոչ արժանի: Իսկ այս տարի 9 հոգուց բաղկացած հանձնաժողովն արել է իր ընտրությունը, փակ, գաղտնի քվեարկությամբ 5 արվեստաբան ու ռեժիսոր քվեարկել են Ռուբեն Բաբայանի «ԱկԱկ» տիկնիկային ներկայացման օգտին: Սակայն նրանց որոշումն անարձագանք է մնացել. ՀՀ նախագահն այդ որոշումը չի ստորագրել, իսկ պաշտոնական հրամանագրից «Թատրոն եւ կինո» անվանակարգը պարզապես չքացել է: Հասկանալի է, որ հանձնաժողովը վերին ատյանը չէ, եւ նրա կարծիքն ավելի շուտ ոչ թե վճիռ է, այլ` խորհուրդ: Պետական մրցանակը կանոնակարգում է անձամբ ՀՀ նախագահը, որն էլ կարող է վստահել կամ չվստահել հանձնաժողովին, հաստատել կամ փոփոխության ենթարկել նրա որոշումները, ինչպես նշվում է հրամանագրում` «հաշվի առնելով հանձնախմբի առաջարկությունները»: Սակայն անցյալ տարվա վերջին օրերին (դեկտեմբերի 29-ին) պարզ դարձավ, որ նախագահի ստորագրած հրամանագրում ո՛չ հրապարակվել է կինո-թատերական հանձնաժողովի կարծիքը, ո՛չ էլ այդ որոշման երկընտրանք է առաջարկվել: Այսինքն, անհասկանալի է մնացել, թե ինչո՞ւ է մերժվել հանձնաժողովի ընտրած տարբերակը, եւ եթե նույնիսկ այն մերժվել է, ապա ո՞րն է դրա պատճառը: Միգուցե նախագահն ավելի բանիմաց հանձնաժողովի խորհրդին է ականջ դրել, որն էլ որոշել է «Թատրոն եւ կինո» անվանակարգը ուղղակի ջնջել պետական ուշադրության հորիզոնից: Համենայնդեպս, նախագահի աշխատակազմի Ներման, քաղաքացիության, պարգեւների եւ կոչումների վարչությունից մեզ հայտնեցին (ընդ որում` չցանկանալով ներկայանալ), որ պաշտոնական հրամանագրից բացի, իրենք ավելին չեն կարող ասել: «Կարդացեք հրամանագիրը, այնտեղ ամեն ինչ կա»,- ասացին մեզ: Հրամանագրում «Թատրոն եւ կինո» անվանակարգը չլինելու փաստը կարծես ոչ մեկին չի էլ անհանգստացնում: Կար անվանակարգ, կար մրցույթ, կար թեկնածուների բավականին մեծ ցուցակ, վերջիվերջո, նախագահի աշխատակազմի որոշմամբ ընտրված հանձնաժողով կար, որը, պարզվում է` իզուր է աշխատել, քննարկել ու իր առաջարկությունն արել:

Պաշտոնապես նույնիսկ չի էլ հրապարակվել հանձնաժողովի կարծիքը, հանրությունը այդ որոշման մասին տեղեկացել է անձամբ հանձնաժողովի անդամներից ու բեմադրիչ Ռուբեն Բաբայանի բաց նամակից, որն էլ բոլոր բարոյական իրավունքներն ունի իրեն վիրավորված զգալու համար: Պատկերացրեք, որ հեղինակին (ով տարիներ շարունակ շատ ազնիվ է աշխատում ու խուսափում է տարբեր կուլիսային խաղերին մասնակցել) բոլորը շնորհավորում են, իսկ մի քանի օր անց պարզվում է, որ դա անել պետք չէր, քանի որ ի՞նչ հաղթող, եթե հաղթելու անվանակարգն այս տարի չի էլ եղել:

Ընդհանրապես վերջին տարիներին հայաստանյան մշակութային կյանքն ընթանում է բացարձակապես անտրամաբանական մոդելով: Կարծես որոշվել է, որ այսուհետ արվեստը պետք է ծնվի հրամաններով ու հրահանգներով, այսինքն` տարբեր մեծ ու փոքր կաբինետներում նախագծվում են ինչ-որ լայնածավալ ակցիա-բեմադրություններ, իսկ հետո դրանք ամրագրվում են փաստաթղթերում՝ որպես լավագույն մշակութային դրսեւորումներ` պետական մրցանակներ ու շքանշաններ ստանալով: Արդյունքում ստեղծվում են մեկանգամյա օգտագործման համար նախատեսված ակցիաները, որոնք մնում են հիշողության մեջ սոսկ որպես պլակատ, «PR» ակցիա, եւ ոչ ավելին: Եվ երբեք չեն նպաստում մշակութային միջավայրի կամ ստեղծագործական մթնոլորտի ձեւավորմանը: Անցյալ տարի, օրինակ, Հայաստանի Հանրապետությունը մեծ ջանք, գումար ու ոգեշնչող խոսքեր ծախսեց նման գովազդային պլակատ «նկարելու» համար` Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի բեմադրությունը շուքով ազդարարելով դարակազմիկ երեւույթ: Հրավիրվեց ռուսաստանցի խորեոգրաֆ Յուրի Գրիգորովիչը, ռուսաստանյան կողմին հանձնարարվեցին զգեստների պատրաստումն ու հայաստանցի բալետի պարողների հետ ուսուցումը: Հետաքրքիր է պարզել, թե հիմա, երբ պրեմիերայից մի քանի ամիս է անցել, արդյո՞ք հնարավոր է այդ բալետը դիտել առանց խղճահարության ու ամոթի: Վստահ կարելի է ասել, որ` ոչ (նույնիսկ, եթե բոլոր պետական այրերը միաբերան հակառակը պնդեն): Այդ թանկարժեք, 500 հազար դոլար արժեցող բեմադրությունն ընդամենը մի ակցիա էր, որը ոչինչ չտվեց ո՛չ հանդիսատեսին, ո՛չ էլ հայաստանյան բալետային դպրոցին, քանի որ, երբ գործը սկսվում է ծառի գագաթի ձեւավորումով, ապա անպայման տապալվում է, իսկ ծառը մնում է մերկ ու անպաշտպան: Եվ եթե մեր պետության ուշադրության կենտրոնում հայտնվել է բալետը, ապա պետք է ընդունել, որ հաջողությունների հասնելու համար առնվազն մի քանի տարի է պետք, որպեսզի պարողները կրթվեն, հղկվեն, եւ ինքնաբերաբար հասունանա բեմադրություն անելու պահանջը: Իսկ հնչեղ պրեմիերան ոչ թե օգնում է այդ գործին, այլ ընդհակառակը` միայն վնասում է: Թագադրելով մեկին, սակայն մոռանալով նրան տաբատ, վարտիք ու շապիկ հագցնել, թագավոր չես ունենա: Իսկ մենք հենց դա ենք ուզում` փայլուն թագ, այլ ոչ թե հարմարավետ ու մեր չափերին համապատասխան շապիկ, որն ունենալուց հետո կարելի է մտածել արդեն թիկնոցի ու թագի մասին:

Շարունակելով այդ համեմատությունը, կարելի է ասել, որ «Սպարտակը» թագն էր, իսկ տիկնիկային «ԱկԱկ»-ը` շապիկը: Մեկը ծանրակշիռ ու թանկ էր, իսկ մյուսը` մոբիլ ու էժան: Մեկը` պետական (եւ ուրեմն անվերապահորեն ընդունելի) ակցիա էր, իսկ մյուսը` պարզապես հետաքրքիր (միգուցե՝ նաեւ վիճահարույց) բեմադրություն: Եվ այդ երկու թատերական բեմադրությունների միջեւ էլ թեթեւակի պայքար էր ծավալվել պետական մրցանակների դաշտում: Հանձնաժողովի անդամներից 3-ն իրենց ձայները տվել էին «Սպարտակին», իսկ 5-ը` «ԱկԱկ»-ին: Արդյունքում ոչ մի արդյունք էլ չեղավ: Կարծես չգրված օրենքի համաձայն՝ որոշվեց, որ եթե չհաղթի «Սպարտակը», ուրեմն` ոչ մեկն էլ չի հաղթի: Իհարկե, հանձնաժողովի անդամների վրա լուրջ ճնշում չի գործադրվել, պարզապես բոլորն էլ զգացել են, որ օդում լուռ սավառնում է «Սպարտակի» ստվերը: Քանի որ պետական մրցանակի հավակնորդ է եղել հենց պետական նախագիծը, որը պետական հովանավորությամբ է լույս աշխարհ եկել, ապա, բնականաբար, հենց այն էլ պետք է հաղթող ճանաչվեր: Սակայն տարօրինակ կերպով այդ անխոս ակնարկը չի ազդել հանձնաժողովի վրա, որն էլ «սխալ» ընտրություն է արել` առաջնորդվելով արվեստի տեսակետներով ու համարելով, որ հենց դրանք են կազմում պետական մրցանակի էությունը:

Այս մութ ու տարօրինակ պատմության մեջ մի լուսավոր կետ կա. բարեբախտաբար նման հանձնաժողովներ դեռ հավաքագրվում են, թեեւ դժվար չէ կռահել, որ հաջորդ տարի հանձնաժողովի անդամներ կկարգվեն ավելի «հարմար» անձինք, որոնք ակնարկները մինչ օդում հայտնվելն են հասկանում ու վերծանում:

Սթափ որոշում կայացնելու եւ սեփական ձայնին տեր կանգնելու պահանջը մեր օրերում չափազանց թանկ բան է դարձել, գրեթե իսկական հերոսություն: Այս դեպքում խոսքը պետության համար ճակատագրային կամ բեկումնային որոշում ընդունելու մասին չի եղել, ընդամենը նախապատվությունը ոչ թե բալետային, այլ տիկնիկային ներկայացմանն է տրվել: Սակայն դա էլ հերիք էր, որպեսզի թատրոնի ու կինոյի հանձնաժողովը կազմող մարդիկ ակամայից հերոսների կարգավիճակում հայտնվեին (թեեւ նրանցից շատերը հաստատ դա չէին սպասում եւ չէին էլ ցանկանում): Ինչեւէ, նրանք իրենց որոշումը կայացրել են, հիմա մնում է, որ այդ որոշմանը տեր կանգնեն: Կամ էլ գոնե հրապարակավ հարցնեն` ինչո՞ւ չեք հարգում մեր ընտրությունը: Այդ հարցը հիմա առավել քան արդիական է բոլոր բնագավառներում: Եվ եթե ուզում ենք, որ մեր հանրապետության տարածքում առողջ երեւույթներն իսպառ չվերանան (ֆիլմերի, ներկայացումների կամ էլ գոնե հանձնաժողովների տեսքով), եկեք սկսենք ամենափոքրից. հարգենք միմյանց աշխատանքն ու ընտրության իրավունքը: Հայաստանի Հանրապետությունը հաստատ չի փլվի, եթե պետական մրցանակը շնորհի Տիկնիկային թատրոնին: Դա հնարավորություն կտա նաեւ դադարեցնել «Սպարտակի» վարկաբեկումը, քանի որ հիմա այդ բալետը գողի կարգավիճակում է հայտնվել: